Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. Քաղաքական ուժերի հետ հանդիպումները շատ կառուցողական էին

Մայիս 01,2020 21:44

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ վերջին օրերին հանդիպել է Արցախի քաղաքական ուժերին և  գործիչներին՝ խորհրդատվության և համագործակցության նպատակով։ Մասնավորապես նա հանդիպել է Հայ հեղափոխական դաշնակցության, Արցախի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչների հետ, նաև՝ Սամվելի Բաբայանի և Մասիս Մայիլյանի հետ։

«Շարունակելու եմ հանդիպումներս մնացած արտախորհդարանական քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկություն ունեն, և քաղաքական այն դեմքերի հետ, որոնք մասնակցել են ընտրություններին, որ ունենանք համերաշխ հասարակություն։ Դա լոկ խոսքեր չեն, իմ բոլոր քարոզարշավների, հանդիպումների ժամանակ, ես կոչ էի անում մեր հայրենակիցներին պահպանել համերաշխությունը, միասնականությունը, լինել ներողամիտ դիմացինի նկատմամբ, քանի որ այն ծանր մարտահրավերները, որոնք ծառացած են մեր առջև, մենք պետք է միասին լուծենք»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանը կարծում է, որ արդեն տեղի ունեցած հանդիպումները շատ կառուցողական էին. «Այդ քաղաքական դեմքերի և քաղաքական ուժերի հետ միասին ստեղծելու ենք շատ արդյունավետ քաղաքական համակարգ՝ իմ գլխավորությամբ՝ որպես ընտրված երկրի նախագահ, բայց բոլորին տալով հնարավորություն մասնակցելու մեր երկրի ոչ միայն կառավարմանը, այլ այս պատվաբեր առաքելության իրականացմանը։ Սա առաքելություն է, սա ծառայություն չէ, սա մի աշխատանք է, որը մենք միասին պետք է իրականացնենք»։

Անդրադառնալով կադրերի նշանակմանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ դեռ որևէ որոշում չի կայացրել. այդ որոշումները կայացնելու է մայիսի 21-ից հետո, երբ կստանձնի երկրի ղեկավարի պաշտոնը։ Նա շեշտեց, որ այդ մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում. «Բոլոր նշանակված պաշտոնյաները պետք է հարգանք վայելեն, կամ իրենց աշխատանքի ընթացքում պահպանեն այդ հարգանքի մթնոլորտը, լինեն թափանցիկ, բաց, շփվող և իհարկե, արհեստավարժ։ Այս բոլոր սկզբունքները մենք, իհարկե, պահելու ենք»։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ նման ձևաչափով հաճախակի է հանդես գալու, և ներկայացնելու է իր կարծիքը՝ քաղաքացիներին մտահոգող հարցերի վերաբերյալ. «Հանրային հաշվետվողականությունը լինելու է իմ քաղաքական գործունեության հիմնական սկզբունքներից»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031