Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանեցյանի տվյալ հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի». Մանե Գեւորգյան

Մայիս 01,2020 19:35

«Իրավապահ մարմինների հետ վարչապետի հանդիպումները պարբերաբար բնույթ են կրում, միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ Վանեցյանի տվյալ հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի»,- Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:

Հիշեցնենք, օրերս «Արմնյուզ» հեռուստաընկերության «Անվտանգության գործոն» հաղորդման ընթացքում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, «Ես մեր վարչապետի սիրած բառերով կասեմ. «օդում կախված լուրերի համաձայն», Փաշինյանն ունեցել է շատ վատ հանդիպում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ պահանջել է՝ ցանկացած մի պատրվակով իմ նկատմամբ քրեական գործ հարուցեն:

Իրավապահ համակարգի ներկայացուցիչները հրաժարվել են, բայց ոչ թե հրաժարվել են իմ նկատմամբ կատարել այս կամ այն գործողությունը, այլ ասել են, որ կատարված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում որևէ հակաօրինական արարք Արթուր Վանեցյանի գործունեության մեջ չի հայտնաբերվել։ Ինչի արդյունքում, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ եթե դուք չեք կարողանում այդ հարցը լուծել, կլուծեմ ես։ Եվ գիշերը՝ ժամը 12-ին, դուրս է գալիս մամուլի խոսնակի հայտարարությունը, որտեղ վերջին կետում շատ հստակ ու ուղիղ հանձնարարական է տրվում իրավապահ մարմիններին՝ իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, վարչապետի խոսնակի գրառման մեջ մասնավորաբար ասվում էր. «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ այստեղ երկու տարբերակ կա: Առաջինն այն է, որ վարչապետը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, ստիպում է, որպեսզի իրավապահ մարմիններն իրականացնեն անօրինական գործողություններ՝ կոնկրետ Վանեցյանի նկատմամբ: Իսկ երկրորդ տարբերակն այն է, որ եթե Փաշինյանը համոզված է, որ Վանեցյանը հանցագործություն է կատարել, պետք է դիմի դատախազություն: Վանեցյանը հորդորեց վարչապետին՝ դիմել դատախազություն կամ իրավապահ այլ մարմնի և ներկայացնել պաշտոնական հաղորդագրություն հանցագործություն կատարելու մասին:

«Այդ դեպքում պարտադիր պետք է հարուցվի քրեական գործ։ Եթե քրեական գործի քննության արդյունքում կհաստատվի, որ ես մեղավոր եմ, ես կկրեմ իմ պատիժը։ Բայց եթե կհաստատվի, որ ես մեղավոր չեմ, Նիկոլ Փաշինյանը կենթարկվի քրեական պատասխանտվության՝ սուտ մատնության համար»,- ասել էր Արթուր Վանեցյանը`հավելելով, որ այդ ամենը մի նպատակ է ունեցել՝ շեղել հանրության ուշադրությունը շատ կարևոր հարցերից: Իբրեւ ամփոփում, Արթուր Վանեցյանը վարչապետին մեկ հարց ուղղեց. «Ի վերջո, Ղարաբաղի հարցով ի՞նչ փաստաթղթի շրջանակում եք բանակցում, պարո՛ն Նիկոլ Փաշինյան։ Պատասխանեք այդ հարցին և մի փորձեք կեղծ լուրերով շեղել հիմնական հարցերից»:

Արցախի հարցով բանակցվող փաստաթղթի մասին Արթուր Վանեցյանի հարցադրմանը Մանե Գեւորգյանը չարձագանքեց:

Այս առիթով հավելյալ մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ Արթուր Վանեցյանի գրասենյակ: Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանն ասաց, որ հավելյալ մեկնաբանություններ չեն անում. «Ինչ ասվելու էր, ասվել է»:

Ավելի ուշ, Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը եւ Արամազդ Կիվիրյանը հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Անթույլատրելի ու զարհուրելի ենք համարում պետության ղեկավարի խոսնակի միջոցով ակնհայտ զրպարտչական տեղեկությունների տարածումը, առավել ևս ինչ-որ «պատշաճ քննություն» իրականացնելու` քաղաքական ճնշման ուղղակի տարրեր պարունակող ցուցումը։ Իրավական հնարավոր ողջ գործիքակազմի օգտագործմամբ ձեռնամուխ ենք լինելու Արթուր Վանեցյանի իրավունքների պաշտպանությանը, կպատրաստվի ու դատարան կներկայացվի համապատասխան քաղաքացիական հայց։ Զրպարտություն կատարած յուրաքանչյուր ոք պետք է օրենքի շրջանակում պատասխան տա դրա համար, իսկ զրպարտության գործելաոճը պետք է վերջնականապես մերժվի Հայաստանում»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ես մի բան չեմ հասկանում: Հայաստանում գործի ընդունուելիս (յատկապէս պետական պաշտօնեաների դէպքում) պաշտօնական նկար չկա՞յ: Ամէն անգամ յօդուածներում էս աղջկայ երազկոտ հայեացքով, ժպտերես նկարն է:

    Եթէ ճաշակով պիտի առաջնորդուենք, ես այս նկարն եմ շատ հաւանում՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1081257831899318&set=a.155682654456845&type=3&theater

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031