Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը խստորեն քննադատել է իշխանություններին և պահանջել է դադարեցնել բռնությունները ձերբակալված ակտիվիստների նկատմամբ: Ինչպես հաղորդում է Թուրան ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով ընդդիմության հայտարարությունը, իրավապահները կտտանքների են ենթարկել Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ակտիվիստ, կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի թիկնապահ Նիյամադին Ահմեդովին:
«Այս միջադեպը Իլհամ Ալիևի կոչերի արդյունքն է, երբ նա մարտի 19-ին և ապրիլի 14-ին հայտարարեց, որ ադրբեջանական ընդդիմությունը «թշնամի է, դավաճան»»,-ասվում է ընդդիմության հայտարարության մեջ:
Ազգային խորհուրդը իշխանություններին կոչ է արել վերջ դնել 21-րդ դարում կտտանքների ամոթալի պրակտիկային, ինչպես նաև դադարեցնել քաղաքական հակառակորդների հետապնդումները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ