Լրահոս
Օրվա լրահոսը

5 երեխաների գործազուրկ հայր. «Ամեն տեղ գրվում է՝ դուք շահառու չեք»

Մայիս 01,2020 17:38

Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ 54-ամյա Օնիկ Բաբայանը, որքան էլ փորձում է օգտվել կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից, չի ստացվում, մերժում է ստանում:

«Ամեն տեղ ասվում է՝ դուք շահառու չեք, դուք շահառու չեք»,-ասում է Բաբայանը: Նա աշխատում է գյուղապետարանում, ինչպես ինքն է ասում՝ գյուղի հարկահավաքն է, տնետուն է գնում ու գյուղացիներից հավաքում հողի հարկն ու  գույքահարկը: Աշխատանքը պայմանագրային է, որքան գումար հավաքի, դրա 12%-ն իրենն է: Ամիս կա՝ 100 հազար է վաստակում, ամիս կա՝ 150 հազար դրամ:

Ինչ երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, Օնիկը չի աշխատում, մարտի 16-ից, ինչպես նա է պատմում, գյուղապետարանը չի աշխատում, տնետուն գնալը վտանգավոր է, կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար գյուղապետարանում ասել են՝ մնա տանը. «Երկու ամիս է` չեմ աշխատում: Կինս էլ օրավարձով էր աշխատում, նա էլ՝ երկրորդ ամիսն է՝ տանն է: Ունեմ հինգ երեխա. մեկն անչափահաս է, տղաս բանակում է ծառայում, մի երեխաս Երեւանի հիվանդանոցներից մեկում էր աշխատում, իր մոտ էլ օրերս կորոնավիրուս հաստատվեց, հիմա մեկուսացված է: Մյուս երեխաս չափահաս է, բայց նա էլ չի աշխատում, էս արտակարգ դրության ժամանակ գործ չկա: Մի հատ էլ ուսանող աղջիկ ունեմ, քոլեջում է սովորում, ուսման վարձն էլ 180 հազար դրամ է»:

Օնիկն ասում է՝ երկու ամիս է՝ աղջկա աշխատավարձով էին յոլա գնում, բայց նա էլ հիմա չի աշխատում, մեկուսացված է: Ընտանիքի անդամները մտահոգված են՝ իրե՞նք էլ կորոնավիրուս կունենան, թե՝ ոչ․ ընտանիքը նույնպես մեկուսացված է: «Գյուղապետարանում ասել են՝ մենք հրահանգ չունենք, որ քեզ աշխատավարձ տանք: Մայիսին էլ, որ դուրս գամ գործի, պարզ չի՝ կկարողանա՞մ գումար հավաքել, մարդիկ չեն աշխատել, ձեռները փող չկա: Ամեն օր հայտարարում են՝ ուսանողներին աջակցություն, օրավարձով կամ չաշխատողներին, անչափահաս երեխա ունեցողներին են աջակցություն տալիս: Մտնում ենք էդ կայքը, որը լրացնում ենք, ամեն տեղ գրում է՝ դուք շահառու չեք: Մինչեւ հիմա ոչ մի օգնություն չենք ստացել: Բա ո՞նց ապրենք, ո՞ւմ դիմենք»,- պատմում է Օնիկը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031