Քաղաքացիներին բարկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ վերադարձնելու կառավարության աջակցությամբ տրված գումարը, եթե խիստ կարիքավոր չեն:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետը ֆեյսբուքում #ՀոգատարՀանրություն հեշթեգով հայտարարություն տարածեց. «Եթե դուք այդ 7500 դրամի կարիքը չունեք, մենք ձեր տեղը արդեն ձեր 7500 դրամը փակել ենք, նայեք, օրինակ, ձեր շենքում, ձեր բակում, ձեր ծանոթների մեջ, ձեր բարեկամների մեջ ով կա, որ էդ 7500 դրամ կոմունալ ծախսի կարիքը ունի, տարեք իր տեղը վճարեք»:
Մարդիկ արձագանքում են. «Դարձրեցիք «Տժվժիկի» պատմությունը, իբր մի բան տվել եք, հիմա էլ համոզում եք հե՞տ տան»:
Ըստ արձագանքների, 9-րդ միջոցառումը շատերի համար չի գործել. «Հազարավոր երեխաներ դուրս են մնացել ծրագրից: Հաղորդվում է աջակցություն բոլոր երեխաներին, բայց իրականում տեսնում ենք հակառակ պատկերը: Նույնն էլ կոմունալ վճարումներում: Կամ աշխատում են շատ թերի, կամ աշխատում են ցուցադրման համար… Սնունդի խանութների տնօրենները հա՛մ սնունդը թանկացրին, հա՛մ էլ պետության աջակցությունը ստացան, մեղք էին: Իսկ ցամաք հացի հույսին մնացածներն այդպես էլ հացի փող չունեցան, մնացին հացին «կակա» ասելով»:
Կարդացեք նաև
Քաղաքացիները խնդրում են ուշադրություն դարձնել հատկապես մանկահասակ երեխա ունեցող հղիներին. «Պարզվում է, եթե օգտվում է մեկ ծրագրից, ապա չի կարող օգտվել մյուս ծրագրից, եթե ստացել է երեխայի գումարը, ապա չի ստանում հղիի գումարը»:
Մի քաղաքացի գրել է. «Պարոն Փաշինյան, հեղափոխությունն ամբողջությամբ ձախողեցիք։ Հովիկ Աբրահամյանը, Վարդան Այվազյանը, Տարոն Մարգարյանը ինչո՞ւ ճաղերի հետևում չեն։ Է՞լ ինչ հեղափոխություն, եթե արդարություն չի հաստատվելու։ Ոստիկանությունը 2 տարում չեք կարողանում մի փոքր կարգի բերեք։ Հիասթափեցնում եք»:
Այս բողոքներին, բնականաբար, Փաշինյանի աջակիցներն արձագանքում են կոշտ, գրում են. «Մտածում ենք՝ կարող է Ալիեւը ճիշտ է, իրենք այստեղ են եղել, հայերը եկել իրանց հանել են ու իսկական քոչվորը մենք ենք։ Որտեղից այսքան բոշա, ցիգան մարդիկ կան ախր։ Բա մարդուն օգնություն տաս՝ ասի քի՞չ է։ Բացի ընտրական 5000 դրամներով ձեռ առնելուց, կյանքում էլ օգնություն ստացած կա՞ք»։
Հետո Նիկոլ Փաշինյանին մխիթարում են. «Վարչապետ ջան, որ մի կիլո ոսկի էլ բաժանես փողոցում ՝ մեկ է, բողոքողը է՛լ ավելի շատ է բողոքելու: Կասի՝ բա խի՞ մի կիլո, պտի գոնե մի երկու կիլո լիներ»:
Ոմանց հետաքրքրում է հարցի քաղաքական կողմը: Հաշվի առնելով, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էր կոչ անում մարդկանց կոմունալների հարցը լուծել, հիմա իշխանամերձները գրում են. «Այս օգնությունից օգտվելու է նաեւ Էդմոն Մարուքյանը՝ իր թիմակիցներով: Իսկական պահն է տեսնել թե «Լուսավոր Հայաստանը» քանի աղքատ հարեւանի լույսի վարձ մուծելով լույս կպարգեւի նրանց»:
Քաղաքացիներ կան, որ կառավարությանն առաջարկում են բոլորի կոմունալները համատարած վճարել՝ ցույց տալով նաեւ փողի տեղը՝ թափ տալ Գագիկ Ծառուկյանի «նասկիները», հանել դոշակն ու մաքրել բարձի տակը. «Նասկիների մեջ նայեք, անծայրածիր տրիլիոններ կթափվեն»:
Առավել զարմանալի էր տեսնել, թե ինչպես է մեր հանրությունն արձագանքել մի կնոջ խնդրանք-բողոքին: Նա վարչապետին է դիմել՝ գրելով. «Ես 57 հազարի գազ եմ օգտագործել, 2 փոքր ունեմ, գիշեր-ցերեկ վառած է եղել, դրա համար այդքան է հասել: Ինձ պետք չի օգնություն, ինձ պետք է, որ ամուսինս դուրս գա աշխատի եւ մուծի: Իմ գազը հիմա անջատած է ու իմ երեխեքը մրսում են»: Սրան ի պատասխան՝ մի տղամարդ արձագանքել է. «Ոչինչ, թող մի քիչ էլ մրսեն: Մենք որ մոմի լույսի տակ մրսելով մեծացել ենք, պակաս առողջ չենք: Իսկ չե՞ս մտածել, որ ամուսինդ կարող է աշխատանքից մենակ չվերադառնա, իր հետ բերի փոքրիկ վիրուսիկներ»:
Այսպես վարչապետի նշած #ՀոգատարՀանրություն հեշթեգի տակ մարդիկ խորհուրդներ են տալիս, թե ինչ անի մայրը մրսող երեխաների հետ, ոմանք ծաղրում են, թե «տոնալնի կրեմ» մի առ, մի կին զարմանքն է հայտնում, թե՝ «աղջիկ ջան, ինչ-որ դժվար է պատկերացնել Հայաստանում մարտ-ապրիլին գիշեր-ցերեկ վառելը, եթե ամուսինդ աշխատանքը կորցրել է, ուղեղդ որտե՞ղ էր, որ գիշեր-ցերեկ վառել ես: Մենք ապրել ենք առանց գազ, հոսանք, երեխա ենք պահենք ու չենք վնգստացել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ