Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգեց էլեկտրաէներգիայի անջատումից տուժած քաղաքացիներին՝ «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալու համար: Իսկ կառավարության նիստում որոշվեց ընդլայնել կոմունալ վճարումների օժանդակության միջոցառումները եւ աջակցել այն սպառողներին, որոնք փետրվար ամսին 10 001 դրամից մինչև 25 000 դրամի էլեկտրաէներգիա են սպառել, և 30 001 դրամից մինչև 40 000 դրամ գազի սպառում: 50 տոկոսով փոխհատուցվելու է նաև մարտ ամսվա ջրի վարձը՝ այն բաժանորդների համար, որոնք սպառել են մինչև 3000 դրամի ջուր։
Մինչ այդ վարչապետը, ներկայացնելով իրավիճակը, ասում էր, որ կոշտացնում են քաղաքականությունը, քանի որ հարուստները «սոցիալապես անապահովների շվաքի տակ փողը գրպաններում են պահում, հոսանքի համար էլ չեն վճարում»:
Հետո վարչապետը #ՀոգատարՀանրություն հեշթեգով հայտարարություն տարածեց, որ «եթե չունես կառավարության՝ քեզ տված կոմունալ աջակցության կարիքը, վերահասցեագրիր այն իրական կարիքավորին: Նա առաջարկեց. «Եթե դուք այդ 7500 դրամի կարիքը չունեք, մենք ձեր տեղը արդեն ձեր 7500 դրամը փակել ենք, նայեք, օրինակ, ձեր շենքում, ձեր բակում, ձեր ծանոթների մեջ, ձեր բարեկամների մեջ ով կա, որ էդ 7500 դրամ կոմունալ ծախսի կարիքը ունի, տարեք իր տեղը վճարեք»:
Պարզ է, որ հանրությունը, ֆեյսբուքյան օգտատերերը միանշանակ չարձագանքեցին վարչապետի այդ հայտարարություններին: Մի օգտատեր վստահեցրել է, որ ինքն այսօր մուծել է մի ծանոթ ընտանիքի լույսի գումաը՝ 4300 դրամ ու գրել. «Հիմա ձեր հերթն է, պարոն Փաշինյան»: Մարդիկ սպասում են, թե Փաշինյանը ում հոսանքի, լույսի կամ ջրի վարձն է մուծելու ու կտրոնը հրապարակի ֆեյսբուքում: Հիշեցնենք, որ հարեւանների կոմունալները վճարելը վարչապետի դեպքում լավ գաղափար չէ: Նրա հարեւանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է, որի կոմունալները բյուջեի հաշվին են վճարվում:
Կարդացեք նաև
Մարդիկ կառավարության մշակած «կոմունալների համերաշխության բանաձեւի» փոխարեն առաջարկում են «Պարգեւավճարների համերաշխության բանաձեւ» մշակել: Ավելին՝ քաղաքացիներն այդ բանաձեւն արդեն մշակել են ու նոր հեշթեգ կազմել՝ #ՍրտացավԿառավարություն, #Հոգատարվարչապետ, #ՀոգատարՆախարար, #Հոգատարքաղաքապետ: Նրանք առաջարկում են. «Եթե չունես ժողովրդի գրպանից անտեղի ստացած մի քանի միլիոն պարգեւավճարի կարիքը, վերահասցեագրիր այն աղքատ ու անաշխատանք ժողովրդի քաղցած երեխաներին, հիվանդներին ու հաշմանդամներին, համաձայն «սրտացավ կառավարություն» բանաձեւի»։
Օգտատերերը հույս են հայտնում, որ «Երևանի քաղաքապետի տեղակալը եւ Երեւանի քաղաքապետի խորհրդականը`20.04.2020 թվականին, համապատասխանաբար 1.800.000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) դրամ պարգևավճարների կարիքը չունեն եւ կուղղեն կարիքավորների կոմունալ վճարումներին»՝ հավելելով. «Թե չէ, մի տեսակ հավասարություն չի լինի, որ ես իմ աշխատավարձից (չասեմ ինչքանից) 20-30 հազար դրամով օգնեմ որեւէ մեկին, իսկ քաղաքապետարանի`ժողովրդի ծառաները ժողովրդից «քերեն»։
Հանրությունն արձագանքում է, որ առաջինը վարչապետը պետք է օրինակ ծառայի եւ հրաժարվի իր կոմունալները հանրային միջոցներով վճարելուց:
Որոշները վարչապետին առաջարկում են. «Ձեր ավտոները ծախեք, մարդկանց կոմունալները մուծեք, մեկ է, այդ փողը էլի ֆռալու է, գա ձեր մոտ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ