ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեսել է ապացույցներ, որոնք վկայում են՝ կորոնավիրուսը ստեղծվել է Ուհանի վարակաբանության ինստիտուտում: Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ Չինաստանի իշխանությունները կամ չեն կարողացել կանգնեցնել վիրուսի տարածումը կամ որոշել են, որ չարժի նման բան անել:
Լրագրողը հարցրել է Թրամփին՝ արդյոք անձամբ տեսել է տվյալներ, որոնք մեծ հավանականությամբ մատնանշում են, որ Ուհանի վարակաբանության ինստիտուտն է եղել նոր կորոնավիրուսի աղբյուրը: «Այո: Տեսել եմ, տեսել»,-ասել է նախագահը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի աշխատակազմը, որը վերահսկում է ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեությունը, եկել է այն եզրահանգման, որ կորոնավիրուսը չի ստեղծվել լաբորատորիայում: Հատուկ ծառայությունները, ինչպես նշված է հայտարարությունում, համաձայն են այն գիտնականների հետ, որոնք կարծում են, որ վիրուսն առաջացել է բնական պայմաններում, այնուհետև փոխանցվել է մարդուն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ