Շիրակի մարզպետարանի պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով վարակված 68 հիվանդ է բուժվում, որոնցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Նշենք, որ երկու օր առաջ Գյումրու ինֆեկցիոնում 66 հիվանդ էր բուժվում, որից 62-ն էր Շիրակի մարզից։
Վերջինս օրերին կան նաև առողջացածներ, նրանց թիվը 4-ն է, որոնցից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։
Մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն, Շիրակի մարզից Երևան տեղափոխված հիվանդների թիվը 18-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 17 բուժառու։ Հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Հիշեցնենք, որ երեք դեպքն էլ արձանագրվել է Անի խոշորացված համայնքում․ մահացած երկու տղամարդիկ Մարալիկից էին, մեկը՝ Ձորակապից։
Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 339 քաղաքացի։
Կարդացեք նաև
Մարզպետարանից նաև տեղեկացնում են, կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումներն այսօրվանից հանված են։
Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․«Ելումուտի սահմանափակումը հանեցին, ամեն դեպքում ժողովրդի պասիվությունը կա։ Թեթև դեպքեր արձանագրվել են, բայց դրանք նույն օջախից են, առայժմ նոր ռիսկեր, նոր օջախներ չկան։ Ելումուտի սահմանափակումը նրանով տվեց իր արդյունքը, որ համեմատաբար նոր զարգացումներ չկան, դրանք հիմնականում կապված են այն նույն տեղերի՝ հիմնական օջախների հետ»,-ասաց համայնքապետը։
Արտակ Գևորգյանը նաև ասաց, որ վարակված քաղաքացիների ընտանիքի անդամներից շատերը, որոնք գտնվում էին մեկուսացման մեջ՝ Գյումրու հյուրանոցներից մեկում, արդեն տուն են վերադարձել․ նրանց թեստերը բացասական են եղել։
Համայնքապետի ասելով, ինքը երկու անգամ միկրոավտոբուս է ուղարկել Գյումրիում գտնվող մեկուսարան, մի անգամ 16 հոգու են մեկուսարանից տուն բերել, մյուս անգամ էլ՝ 9 հոգու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի