Սիրելի աշխատավոր հայ ժողովուրդ,
Մեր Գրասենյակի անունից սրտանց շնորհավորում ենք բոլորիս՝ Աշխատանքի եւ աշխատավորների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Այս տարի Մայիսի 1-ը հայ աշխատավորը դիմավորում է նոր մարտահրավերներով եւ դժվարություններով։ Ցավոք, Անկախությունից մինչ օրս իշխանությունների կողմից վարվող նեոլիբերալ քաղաքականությունը մշտապես սպասարկել է մեծահարուստների, օլիգարխների եւ պաշտոնյաների շահերն ու հետաքրքրությունները։ Այդ ամենին ականատես ենք լինում նաև այսօր։
Սակայն հայ ժողովուրդը անկախ պետականությունը չի կերտել է, որպեսզի մեծահարուստները կեղեքեն աշխատավորին, իսկ իշխանությունները մսխեն հայ մարդու արդար քրտինքով ձեւավորված պետական բյուջեն։ Մեր պետականությունը պատկանում է ողջ ժողովրդին եւ մեր հաջորդ սերունդներին։
Կարդացեք նաև
Մեր ժողովուրդը բազմաթիվ անգամ ապացուցել է իր ստեղծարար լինելու բնույթը՝ աշխատանքով սեփական ընտանիքի բարօրությունը կերտելու հատկանիշը յուրաքանչյուր հայ մարդու աշխարհընկալման հիմքն է:
Մեր ժողովուրդը վաստակել է արժանապատիվ աշխատանքի իրավունքը, սակայն դեռեւս չի վաստակել այդ հնարավորությունը։
Հայ աշխատավորի իրավունքները կարող են ամբողջությամբ իրացվել միայն այն իշխանությունների օրոք, որոնց համար սոցիալական արդարությունը, համերաշխությունը, ժողովրդի շահերով առաջնորդվելը, պետական մտածելակերպը, ազնվությունն ու պարկեշտությունը ոչ թե խոսքեր են, այլ համոզում եւ ներքին էություն։
Մեր երկրում չպետք է լինեն աշխատող աղքատներ: Երկարատեւ գործազրկությունը պետք է իսպառ վերանա հայ մարդու կյանքից: Աշխատողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի առաջնային խնդիր՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացիկ ու երկարաժամկետ ծրագրերում: Ստեղծագործ աշխատանքը թող լինի իրողություն եւ մշտապես ուղեկցի մեզ սոցիալական դժվարությունները հաղթահարելու գործում:
Եվ ուրեմն, հայ աշխատավոր մարդու ազատագրումը եւ իրապես արդար ու սոցիալական պետության կերտումը դեռ առջեւում է։
Միայն Հայ աշխատավորի համախմբման, ինքնագիտակցության աճի, ինքնակազմակերպման եւ քաղաքական պահանջների միասնական ձեւավորման պայմաններում աշխատավորի պայքարը սեփական իրավունքների համար կարող է պսակվել հաջողությամբ, որի արդյունքում կապահովվի հանրային համերաշխությունը, կայուն զարգացումը, բարեկեցությունը, երջանիկ ստեղծագործ աշխատանքը, ընտանիքների բարեկեցությունը, հզոր, անվտանգ, մրցունակ, ժամանակակից պետականությունը։
Կեցցե՛ ստեղծագործ հայ մարդը և իր արդար աշխատանքը։
Կեցցե՛ հայ աշխատավորների պայքարը հանուն սեփական իրավունքների։
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԱՅԻՍԻ ՄԵԿ
ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ