«Տեքստը ես եմ գրել…Արսեն Բաբայանն այդքան լավ ծանո՞թ է իմ ձեռագրին, որ նման պնդումներ է անում: Ավելացնելու բան չունեմ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Հիշեցնենք՝ Հրաչյա Հակոբյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին, այդ թվում հարցադրում էր արել՝ «կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով»:
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի անդամ Արսեն Բաբայանն էլ այսօր գրառումը զրպարտություն է որակել, համոզմունք հայտնել, որ տեքստն իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է գրել, եւ գլխավոր դատախազությանը դիմում հղել՝ պահանջելով գնահատել Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը:
Հրաչյա Հակոբյանը մեր զրույցում նշեց. «Ես հարցեր եմ բարձրաձայնել, իսկ իրենք դիմել են դատախազություն: Փոխանակ այդ հարցերի պատասխանները տան, դատախազությանն են դիմում ու ասում՝ ճշտեն, թե ես ինչու եմ այդ հարցերը տալիս: Ավելի լավ է՝ հարցերիս պատասխանեք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ