Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինների գործելաոճը մերժում են, նոր մշակույթ էլ չեն ներդնում՝ բյուրոկրատական քաշքշուքից ազատելու. 82-ամյա քաղաքացին չի կարողանում թոշակի հարցը լուծել

Մայիս 01,2020 15:13

Հենզել Գեղամյանը, որը բոլորել է իր 82 տարեկանը, 5 ամիս է՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանի հետ նամակագրության մեջ է, բայց՝ անարդյունք: Քաղաքացու հարցն այդպես էլ չի լուծվում:

Լինելով Ֆրանսիայի եւ Հայաստանի քաղաքացի, Հենզել Գեղամյանը անցյալ տարի նոյեմբերին դիմել է Կենտրոն-1 տարածքային բաժին՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար: Պահանջվող փաստաթղթերի հետ միասին ներկայացրել է նաեւ նոտարի կողմից հաստատված աշխատանքային գրքույկի պատճենը՝ ըստ որի, մինչեւ 1975 թվականը Հայաստանից մեկնելն ունեցել է 20 տարվա աշխատանքային ստաժ:

Ըստ Հենզել Գեղամյանի, սոցապի Կենտրոն-1 տարածքային բաժինը, ապա նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչությունը ի դեմս Անահիտ Գալստյանի, առանց որեւէ հիմնավորման, մերժել են միանգամայն օրինական աշխատանքային գրքույկը, պատճառաբանելով, որ այն չի կարող հիմք հանդիսանալ որպես աշխատանքային ստաժը հաստատող պատշաճ փաստաթուղթ: Այսպիսի պատասխան ստանալուց հետո քաղաքացին եւս երկու դիմում է գրել, որից մեկը՝ վարչապետի աշխատակազմին: Ապա եւս երկուսը՝ կրկին կենսաթոշակային վարչությանը:

Հենզել Գեղամյանը բոլոր նամակներին էլ միեւնույն պատասխանն է ստացել: Քաղաքացին գտնում է, որ ոչ թե օրենքով, այլ միտումնավոր է անտեսվում իր տրամադրած փաստաթղթի առկայությունը, քանի որ կառավարական փաստաթղթերում որեւէ հիմնավորում՝ օրենքին հղում անող, թե ինչո՞ւ չեն կարող նոտարով հաստատված աշխատանքային գրքույկի պատճենը հիմք ընդունել՝ չկա:

Հենզել Գեղամյանն այս անգամ հարցը վարչապետին եւ նախարարության պատասխանատուներին է ուղղում. «Ինչո՞ւ չի կարող նոտարի կողմից հաստատված իմ աշխատանքային գրքույկի պատճենը համարվել «պատշաճ» փաստաթուղթ: Դուք դա պնդում եք ո՞ր օրենքի հիման վրա»:

Նրա խոսքով, գրքույկի օրիգինալը չի կարողացել ներկայացնել՝ արտասահման տանելու արգելքով պայմանավորված: Մինչդեռ այդ նույն փաստաթղթի ֆրանսերեն թարգմանված եւ նույն նոտարի կողմից հաստատված պատճենն առանց որեւիցե առարկության ընդունել է ֆրանսիական վարչակազմը՝ իր աշխատանքային ստաժը հաշվարկելիս:

«Չեք կարծու՞մ, որ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության վերաբերմունքը սույն խնդրին եւ համապատասխան որոշումը պարզապես աբսուրդ է»,-ասում է Հենզել Գեղամյանը: Նա վիրավորական է համարում, որ Կենսաթոշակային ապահովության վարչության ղեկավարը քաղաքացուն ուղղված նամակում փոխարենը մի լուծում գտնելու եւ քաղաքացիներին բյուրոկրատիայից ազատելու, դատարանի ճանապարհն է ցույց տալիս՝ նշելով, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 51-րդ հոդվածի համաձայն` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման` կենսաթոշակին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել նաեւ դատական կարգով:

«Խորապես զգացված եմ, տիկին Գալստյան, ձեր տեղեկատվության համար, բայց թույլ տվեք ձեզ ուղղել մի վերջին հարց. ի՞նչն է պատճառը, որ 82 տարեկան մի քաղաքացու դուք խորհուրդ եք տալիս մտնել դատական քաշքշուքի մեջ այն դեպքում, երբ այդ քաղաքացու պահանջը միանգամայն օրինական է եւ դրա կարիքը բոլորովին չկա: Ինչո՞ւ եք դուք դա անում, ինչո՞ւ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031