ԿԳՄՍ նախարարության որոշմամբ, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում չեն իրականացվի ավարտական քննություններ, իսկ կիսամյակային եւ տարեկան արդյունքները կամփոփվեն մինչև մարտի 13-ը նշանակված գնահատականների հիման վրա: Նախարարության այս որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների ու դժգոհությունների տեղիք է տվել:
«Հոդված 3» ակումբի կազմակերպած «Կրթության կազմակերպման խնդիրներն արտակարգ դրության պայմաններում» թեմայով տեսաքննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ յուրաքանչյուր պարագայում խնդիրներն անխուսափելի էին լինելու, քանի որ արտակարգ դրության պայմաններում են որոշումները կայացվել: Փոխնախարարի խոսքով, նախարարությունը ցանկացել է այնպես անել, որ հավասար պայմաններ լինեն բոլորի համար:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, կրթությունն այն ոլորտն է, որտեղ արդյունքները տեսանելի են լինում տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է արտակարգ դրության պայմաններում կայացված որոշումներին, նրա ձեւակերպմամբ, բնական է, որ դրանք կարող են ոչ բոլորի սրտով լինել: Պատգամավորն անդրադառնալով նախարարության՝ գնահատականների վերաբերյալ որոշմանը, որը տարըմբռնումների տեղիք է տվել, ընդգծեց, որ տարիներ շարունակ մեր կրթական համակարգը հիմնվել է գնահատականի եւ ոչ թե գիտելիքի վրա:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի խոսքով, հեռավար կրթությունը կարելի է դիտարկել որպես պիլոտային ծրագիր, ինչը ենթադրում է, որ պետք է ինչ-ինչ դժգոհություններ լինեին: Աննա Կոստանյանը նաեւ հայտնեց, որ իր տպավորությամբ՝ թեեւ ԿԳՄՍ նախարարությունն այս օրերին մեծածավալ աշխատանք է իրականացնում, սակայն մանկավարժների ձայնը տեղ չի հասնում, իսկ մարզերից բողոքներ են ստանում, որ հենաշարժողական, լսողության խնդիրներով երեխաների կրթության ներառականությունը հաշվի չի առնվում:
Կարդացեք նաև
«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի խոսքով, ՀՀ իշխանությունը կարողացավ ոչ մեկի համար սպասելի, փորձ չունեցող իրավիճակում արագ արձագանքել եւ գտնել իրավիճակային լուծումներ, կրթության շարունակականության գործընթացը չկանգնեցնել, թեկուզ ոչ ամբողջական՝ ինչ-ինչ լուծումներ տալ: Նա շեշտեց, որ ճգնաժամն ամբողջ աշխարհում է, եւ անգամ հսկայական ֆինանսական ռեսուրսներ ունեցող Մեծ Բրիտանիան է կրթության ոլորտում ճգնաժամի առաջ հայտնվել: Դավիթ Ամիրյանը նաեւ կարեւորեց այս ընթացքում իր ձեւակերպմամբ՝ որակյալ երկխոսության կազմակերպումը բոլոր դերակատարների միջեւ:
«Ինչ վերաբերում է որակյալ կրթության անհասանելիությանը, սրա մասին մի խումբ կազմակերպություններ, նաեւ մերը, սկսել են խոսել դեռեւս 2014 թվականից: Շատ կարեւոր մի հարց կա՝ որակյալ կրթության անհասանելիությունը չպետք է լինի համակարգչի անհասանելիության խնդիրը: Որակյալ կրթությունը տեխնիկական հագեցվածության հարցը չէ, եւ եթե անգամ բոլոր երեխաներին ու ուսուցիչներին համակարգիչներ տրվեն, էլի դա չի դառնալու որակյալ կրթության գրավական»,-ասաց նա:
Դավիթ Ամիրյանը հավելեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխություն պատճառների թվում սոցիալական անհավասարության, արժանապատվության հարցերն էին, որտեղ կրթությունը շատ մեծ դեր ուներ: Նա նաեւ մի դրվագ հիշեց «Էլեկտրիկ -Երեւանի» ցույցերի մասնակից երիտասարդներից մեկի հարցազրույցից, որն իբրեւ երկրի երեք առանցքային խնդիր նշել էր կրթությունը, դատական համակարգը եւ համակարգային կոռուպցիան:
Դավիթ Ամիրյանը տարակուսանք հայտնեց, որ քսան տարի ուսուցիչների համար տարբեր դասընթացներ են իրականացվել, ծախսվել են փողեր՝ մեծ մասը վարկային միջոցներից, որ նման իրավիճակներում նրանք, դիցուք, համակարգչային գրագիտության խնդիր չունենային: Հիշեց նաեւ, որ 2004-ին իրենց կազմակերպությունը ֆինանսավորել է moodle համակարգի ներդնում, որպեսզի բոլոր դասախոսները տիրապետեին ու աշխատեին դրանով:
Իր կարծիքով՝ հեղափոխությունից հետո պետք է ոլորտ առ ոլորտ գնահատական տրվեր՝ բարեփոխումներից մինչեւ ծախսված փողեր, ինչը չեղավ: Նրա ձեւակերպմամբ, այսօր էլ փորձում ենք այս իրավիճակից դուրս գալ հատվածական լուծումներով, քանի որ համապարփակ գնահատական տված չէ բոլոր խնդիրներին, ու պարզ չէ յուրաքանչյուր աշակերտի, ուսուցչի, դպրոցի գնահատված կարիքը:
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Աշխեն Թանդարյանը նշեց, որ նախկինում ուշադրության կենտրոնացման խնդիր ունեցող աշակերտներ կային, որոնք հեռավար մեթոդով սկսել են ավելի լավ աշխատել: «Հատկապես տարրական դասարանների աշակերտների աշխատող ծնողները, որ նախկինում չէին կարողանում նստել երեխաների կողքին, այս ընթացքում ակտիվորեն մասնակցել են եւ մեծ սիրով օգնել երեխաներին»,-ասաց ուսուցչուհին: Չթաքցրեց, որ ընտանիքներ կային, որ ինտերնետի գումար չեն ունեցել, եւ ուսուցիչն է իր գրպանից վճարել, որպեսզի երեխաները կարողանան մասնակցել առցանց դասընթացներին:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով, այս պահին համակարգային որեւէ բանի մասին իմաստ չունի խոսելը, մանավանդ` դեռ չունենք կրթության զարգացման պետական ծրագիր եւ տեղաշարժվում ենք իրավիճակային լուծումներով: Նրա գնահատմամբ, այս շրջանում եւ ուսուցիչներն ու աշակերտները, եւ ուսանողներն ու դասախոսները իրենց թվային գրագիտության մակարդակը մեծ տեմպերով բարձրացրել են:
Բարձրագույն կրթության մասին խոսելիս կրթության փորձագետը նշեց, որ հեռավար ուսուցումը մեծ հեռանկար ունի: Ինչ վերաբերում է հանրակրթությանը, նրա կարծիքով հեռավար ուսուցումն առանձնապես արդյունավետ չէ որպես ուսուցման միակ ձեւ, քանի որ հանրակրթության պարագայում ֆիզիկական շփումը կարեւոր է: Միեւնույն ժամանակ, նշեց, որ ցանկալի է՝ հեռավար ուսուցման առանձին գործիքներ կիրառվեն հանրակրթության մեջ:
Թվանշաններ նշանակել-չնշանակելու թնջուկին էլ անդրադարձ եղավ: «Չէի ուզենա, որ նախարարության եւ ուսուցիչների միջեւ թվանշանային սակարկումներ լինեին, բայց լավ կլիներ պարզ մեխանիզմով ասել՝ հարգելի ուսուցիչներ, դուք նշանակեք գնահատականները»,-ասաց կրթության փորձագետը: Նրա խոսքով, այս իրավիճակում այդքան էլ ճիշտ չէ մարդկանց համոզել, որ թվանշանը երկրորդական է, կարեւորը գիտելիքն է, մանավանդ երեխաները տեսնում են, թե ինչպես են ոչ այնքան լավ գիտելիքներ ունեցող մարդիկ ավելի լավ ապրում եւ օգտվում նյութական բարիքներից. «Երեխաները դեռ պետք է համոզվեն, որ Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ մարդկանց գնահատում են գիտելիքով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ