Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն է գրել Հրաչյա Հակոբյանի՝ Վանեցյանին առնչվող հայտարարությունը». Արսեն Բաբայան

Մայիս 01,2020 14:25

«Այն հայտարարությունը եւ հարցերի շարքը, որոնք գրել էր պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, իմ համոզմամբ՝ գրվել է վարչապետի կողմից: Առհասարակ, վերջերս գրվող բոլոր տեքստերը, որոնք կապ ունեն պարոն Վանեցյանի հետ, գրվում են վարչապետի կողմից: Վստահ եմ»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

Լուսանկարը՝ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Նա այսօր ՀՀ գլխավոր դատախազությանը դիմում է հղել՝ պահանջելով գնահատել Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը:

Հիշեցնենք՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը վարչապետի տիկնոջ եղբայրն է, ֆեյսբուքյան գրառմամբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին այդ թվում հարցադրում էր արել՝ «կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով»:

Արսեն Բաբայանը շեշտեց. «Ասածս ապացուցելու համար ցանկացած մարդ, ով ծանոթ է վարչապետի տեքստերին «Հայկական ժամանակ»-ում, կարող է նկատել ձեռագիրը: Բայց սա չէ էականը: Հրաչյա Հակոբյանը, լինելով իշխանության ներկայացուցիչ, անում է զրպարտող եւ անհեթեթ հայտարարություն, բայց ինչ-որ հնարքով այդ հայտարարությունը ձեւակերպում է այնպես, որ, իր կարծիքով, իրեն հնարավոր չլինի պատասխանատվության ենթարկել զրպարտության համար: Իհարկե, հրապարակում է անհեթեթություններ, բայց հարցերի տեսքով՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե իբրեւ իր ձեւակերպած հարցերն իրականություն են»:

Արսեն Բաբայանը հարցադրում արեց. «Իսկ ինչո՞ւ հենց Հակոբյանը, բոլորս գիտենք, որ նա վարչապետի ընտանիքի անդամ է, ուստի հնարավոր է տպավորություն ստեղծվի, որ եթե Փաշինյանի ընտանիքի անդամն է խոսում նման բաներ, ուրեմն ինքը տեղեկացված է: Բայց նրա հայտարարությունն ուղղակի դեղին մամուլին հարիր հայտարարություն է: ԱԱԾ նախկին տնօրենի ու սպայի պատվի, արժանապատվության հետ գործ ունենք, ուստի նման երեւույթին պետք է տրվի քաղաքական, իրավական եւ բարոյական գնահատական: Սպայի արժանապատվությունն իր հայրենիքին փորձել կասկածի տակ դնել, այն էլ՝ ԱԱԾ տնօրեն եղած անձինը, դա զուրկ է բարոյական որեւէ կանոնից: Դատախազությունից ակնկալում եմ իրավական գնահատական, պետք է ստուգել Հակոբյանի տեղեկությունները: Հակոբյանն իր հայտարարության վերջնահատվածում որպես հաստատված հանգամանք է տարածում կեղծ տեղեկությունը»:

Բաբայանը նաեւ համոզմունք հայտնեց, որ վարչապետը որպես միակ քաղաքական մրցակից տեսնում է Արթուր Վանեցյանին, այդ պատճառով «ընտանեկան ուժերն» ուղղել է ԱԱԾ նախկին պետի կողմը: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ լրագրողների հետ զրույցում մեկնաբանել էր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031