Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞րն է պետության հաշվին մարդկանց 2 շաբաթ հյուրանոցներում պահելու իմաստը, եթե կարելի էր ընդամենը 2–3 օրում թեստ անել». Կարեն Վրթանեսյան

Մայիս 01,2020 13:50

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 17-ին Հայաստանում «փաստացի բուժվողների» (այսինքն՝ վիրուսից դեռ չբուժված վարակակիրների) թիվը 705 էր։ Այդ օրը նույնիսկ կտրուկ նվազում էր նախորդ օրվա 780-ից։

Ցավոք, ապրիլի 17-ից «փաստացի բուժվողների» թիվն աճում է, այսօր արդեն 1136 է։

Է՛լ ավելի վատ է այն, որ, դատելով կցկտուր և պաշտոնապես չհերքվող լուրերից՝ վարակն ակտիվորեն տարածվում է տարբեր բուժհաստատությունների աշխատողների շարքերում․ Էրեբունի ԲԿ, Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ևն։

Այսինքն բուժօգնության կարիք ունեցող մարդկանց թվի աճին զուգահեռ ավելի ու ավելի շատ բժիշկներ և այլ բուժանձնակազմ է շարքից դուրս գալիս։

* * *

Համաճարակը հաղթահարելու և տնտեսությունը վերագործարկելու համար անհրաժեշտ էր ՄԻԱԺԱՄԱՆԱԿ 4 գործողություն անել.

Կոշտ կարանտին մոտ մեկ ամսով

Լայնամասշտաբ թեստավորում (որպեսզի հնարավորինս արագ հայտնաբերվեն և մեկուսացվեն վարակակիրները)

Հայտնի վարակակիրների սերտ շփումների հետքերով արագ գնալ և մեկուսացնել ու թեստավորել այդ մարդկանց;

Բացատրական աշխատանք վիրուսի վտանգների և պաշտպանական միջոցառումների վերաբերյալ։

Առաջին կետով. 2 շաբաթ կարողացան պահել կոշտ կարանտինը, այն էլ միայն Երևանում, հետո սկսեցին թուլացնել՝ վախենալով դժգոհություններից։ Ապրիլի 7-ից Երևանի փողոցներում գրեթե ոստիկաններ չկային և ըստ էության միայն Երևանի կենտրոնում էին ինչ-որ բան ստուգում, բանկերի մոտ հերթեր էին, ժողովուրդն էլ լցված էր բակերում, վայելում էր արևոտ եղանակը։

Երկրորդը, թեստավորման ծավալները սկսեցին ավելանալ միայն ապրիլի 10-ից և առ այսօր էլ ընդամենը 1 օր է եղել, որ 1000-ից ավելի թեստեր արած լինեն։ Ապրիլի 11-ից սկսած, երբ նախորդ օրերի համեմատ զգալիորեն ավելացվեց թեստավորման ծավալը, օրական միջինը 725 թեստ է արվում (հաշվի առնելով, որ մեկ մարդուն հաճախ մեկից ավելի թեստ են անում, թեստերի թիվն ավելի մեծ է, քան թեստավորված մարդկանց թիվը)։

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ է, թե ինչու են այդքան քիչ արվում թեստերը, ինչու միանգամից չեն թեստավորվում բացահայտված վարակակիրների սերտ շփման շրջանակի մարդիկ, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանց սերտ շփման շրջանով էլ գնան, այլ սպասում են, որ ախտանշաններ լինեն, որ նոր թեստավորեն։

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ է, թե որն է իմաստը մարդկանց պետական հաշվին 2 շաբաթ հյուրանոցներում պահելու և կերակրելու, եթե կարելի էր ընդամենը 2–3 օրում մարդա 2 թեստ անել, և բաց թողնել։

Կարծում եմ, որ դատախազությունը և ՀՔԾ-ն ահագին հարցեր պիտի ունենան Արսեն Թորոսյանին տալու։ Իհարկե, ներկա իշխանությունների ժամանակ դժվար թե դա լինի։

Մի խոսքով, ակնհայտ է, որ թեստավորման ծավալները պետք է ընդլայնվեն։

Երրորդը, վարակակիրների սերտ շփման շրջանակի հետևից, այո, գնում են, այս մի բանը դեռ ստացվում է, կարծես թե։ Մանրամասներ չունեմ, գուցե և սխալվում եմ։

Չորրորդը, բացատրական աշխատանքի մասը, մեղմ ասած, տապալված է։ Ինչը զարմանալի է շատ, որովհետև թվում էր, թե գոնե հանրային կարծիք ձևավորելու հարցում ներկա իշխանությունները պիտի որ խնդիրներ չունենային։ Ես հակված եմ մասամբ հավատալու Մխոյանի վարկածին, որ ներկա իշխանությունների մասնագիտացումը հանրային կապերում միայն ու միայն նախկին իշխանություններին քլնգելն էլ, դրանից ավելի ընդունակ չեն։

Ի՞նչ բացատրական աշխատանքի մասին կարող ենք խոսել, եթե քիչ է՝ կառավարության նիստեր են անում մի քանի տասնյակ մարդով, փակ տարածությունում, առանց սոցիալական պատշաճ հեռավորություն պահելու, դեռ մի բան էլ Նիկոլը հազում է կողքը նստած Տիգրան Ավինյանի վրա, բերանն էլ չի փակում։ Ի՞նչ բացատրական աշխատանքի մասին կարելի է խոսել, եթե նույնիսկ որոշ բուժհաստատությունների աշխատողներն են շարունակում պնդել, թե «այդ վիրուսը հնարած բան է»։

Այսինքն 4 կետից միայն մեկն է, որ երևի թե նորմալ արվել է։ Մնացածներով աշխատանքը կամ ամբողջությամբ, կամ մասամբ տապալված է։ Համաճարակային վիճակի առումով՝ «փաստացի բուժվողների», վարակված բժիշկների և անհայտ օջախների քանակներով, Հայաստանը, ցավոք, փաստացի ավելի վատ վիճակում է, քան 6 շաբաթ առաջ էր, երբ իշխանությունները նոր էին սկսում համաճարակի դեմ պայքարը։

Մի քանի օր առաջ գրել էի, որ ապրիլյան անձրևները շատ ավելի մեծ օգուտ տվեցին համաճարակի տարածումը դանդաղեցնելու հարցում, քան Հայաստանի իշխանությունների «բրոունյան ջղաձգումները»»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031