Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները բաց նամակ են հղել բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք նշել են, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ այս պայմաններում ավարտական քննությունների առերես հանձնումը թե բանավոր, թե գրավոր համատեքստում հղի է համաճարակաբանական սահմանափակումների խախտման հնարավոր ռիսկերով, եւ չի բացառվում, որ որոշ ուսանողներ անգամ վարակակիր լինեն:
«Ավարտական քննությունների գնահատականները ապահովում են ընդամենը 2-ական կրեդիտ (գումարային 6) և հետևապես առանձնապես ազդեցություն չեն ունենում արտասահմանյան բուհերում դիպլոմի ճանաչման գործընթացի վրա, քանի որ հիմնականում համեմատականներ են տարվում ուսումնական նյութերի բովանդակության եւ առարկաների համապատասխան կրեդիտների միջև:
Հաշվի առնելով, որ ավարտական քննությունները պարունակում են ցիկլերի միևնույն բովանդակությունը, դրանց չեղարկումը խոչընդոտ չի կարող հանդիսանալ դիպլոմի ճանաչման գործընթացում։ Սակայն հնարավոր բարդություններից խուսափելու համար կարելի է կիրառել վերոնշյալ թվաբանական միջինների եղանակը և լրացնել ամփոփիչ գնահատականների դաշտը այդ միջիններով»,-ասվում է ուսանողների բաց նամակում։
Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը պարզաբանեց, որ համալսարանը քննարկել է հարցը եւ նման որոշում է կայացրել. «Հաշվի առնելով բժշկի մասնագիտության կարեւորությունը՝ պարտադիր պետք է քննություն լինի, սակայն համաճարակաբանական կանոնները հաշվի առնելով՝ քննությունը կանցկացվի հեռավար մեթոդով: Կփորձենք այնպես կազմակերպել, որ այն չտարբերվի առկա քննությունից»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ