Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատամներս կրճտացնելով ու սեղմելով՝ չեմ արտահայտվի մինչեւ վերջ, թող այս արտակարգ դրությունն ավարտվի»

Մայիս 01,2020 15:30

ՀՀԿ նախկին պատգամավորը խոսում է գործող իշխանությունների սխալների մասին ու հորդորում մարդկանց փող բաժանել

«Եթե այսպես շարունակվի, այս ժողովրդի վիճակը չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ է լինելու: Հացի խնդիրը չոքելու է բոլորի դռանը», – «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը:

Մեր դիտարկմանը, որ կառավարությունը սոցիալական աջակցության փաթեթներ է մշակել, միջոցառումներ է ձեռնարկում, ինչո՞ւ պիտի հացի խնդիր առաջանա՝ նա պատասխանեց. «Հա, մշակել է, բայց նայեք, էլի, ինչքան սոցիալական աջակցության խնդիր ունեցող մարդիկ կան ու ովքեր են ստացել, ովքեր չեն ստացել: Ձեր շրջապատում հարցում արեք: Ամեն ինչ կարող են հայտարարել, ասել, բայց ձեր շրջապատում հարցում արեք, տեսեք՝ գո՞հ են, թե՞ գոհ չեն: Դա ամենալավ լակմուսի թուղթն է»: Հարցին՝ այսինքն, սոցիալական բո՞ւնտ է հասունանում՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ամբողջ աշխարհն այս  վիճակում է, մարդիկ փորձում են այլ երկրներում այս խնդիրները լուծել: Փառք Աստծո, բոլորս ունենք ընկերներ, ծանոթներ թե՛ Եվրոպայում, թե՛ օվկիանոսից այն կողմ ու գիտենք՝ մարդկանց երբ որ տանը նստեցնում են, վճարում են նրանց կոմունալ ծախսերը, սոցիալական վճարումները, ապրելու մինիմալ զամբյուղն ամեն ամիս վճարում են: Մենք տանը նստում ենք, բայց ում համար են վճարում, ում հարկերը, չգիտենք: Հայտարարում են՝ ով լույս, գազ, ջուր, կոմունալները չի վճարում, անպայման անջատվելու է: Այս խնդիրները թողած՝ չգիտես ինչով են զբաղվում օրվա իշխանությունները: Իմ մտահոգությունն այն է, որ միգուցե այդքան լուրջ չի, ինտերնետային պանիկա է, գցել են, ինչ-որ խնդիրներ են լուծում: Եթե այդպես է, ասեք՝ մենք էլ իմանանք: Բայց եթե այդքան լուրջ է, այսքան անտարբեր, այսքան մատների արանքով նայե՞լ, ես համարում եմ դա անթույլատրելի»:

Ըստ Հովհաննես Սահակյանի, պարզ է, որ մարդկանց ինքնամեկուսացնում են, որ բռնկում չլինի ու առողջապահական համակարգը ցնցումների մեջ չընկնի: Բայց այդ դեպքում պետք է համատարած մարդկանց փող բաժանեն՝ գոնե տարրական ծախսերը հոգալու համար: Հարցին՝ բյուջեում այդքան փող կա՞, որ մարդկանց համատարած բաժանեն՝ նա հեգնանքով պատասխանեց. «Բա բյուջեի փողն ի՞նչ եղավ, բա չէ՞ որ էլ կոռուպցիա չկա, թալանը հետ են բերել, բյուջեից որեւէ մեկը չի օգտվում, բա չէ՞ որ բյուջեն լիքն էր ու լիքը ծրագրեր կար: Միգուցե մի շարք ծրագրեր կրճատեն ու ուղղեն սոցիալական աջակցության ծրագրերին: Ժողովրդին տանը պահելով՝ համավարակի բռնկման օջախները մարեն կամ վառեն որոշ ժամանակ, եւ այդ միջոցներն էլ ուղղեն՝ տնտեսությունը վերագործարկելու ուղղությամբ: Տեսնում ենք, որ Եվրոպան 1,2 տրիլիոն, մի պետությունը 5 մլրդ եվրո է տալիս՝ իր երկրի տնտեսությունը կորոնավիրուսի ընթացքում առողջացնելու ու գործարկելու: Սա նշանակում է, որ տնտեսվարողները, բիզնեսները ցնցումների մեջ են, աշխարհը կանգնած է, ինքնաթիռ չի թռչում, որեւէ երկրում տուրիստ չկա, ամբողջ աշխարհում նմանատիպ բան չի եղել: Ու այս պայմաններում մենք, թե ինչով ենք զբաղված, ես տարակուսած եմ, մտահոգ եմ ու անհանգիստ եմ՝ ամեն ինչ նորմա՞լ է իրենց հետ: Իրականում ամեն ինչ այդքան անլո՞ւրջ է, թե՞ չեն կարողանում լրջանալ ու հասկանալ՝ ինչ է կատարվում: Չէ՞ որ ժողովրդի, մեր, ձեր, իրենց հարազատների պատասխանն այլեւս իրենք են տալու: Գոնե կորոնավիրուսն անցյալի վրա գցելու որեւէ հիմնավոր պատճառ չունեն»:

Դիտարկմանը, որ իշխանությունները էլի արդարացում ունեն, կասեն՝ երկիրն այնքան եք թալանել, երկիրն ավերել եք, բյուջեում փող չեք թողել, որ այս նեղ պայմաններում օգտագործեն՝ Հովհաննես Սահակյանն արձագանքեց. «Չէ, դա արդեն լրագրողների մտավարժանքի արդյունք կարող է լինել, որովհետեւ երկու տարի անցել է, լավ, բաներ կան, նայում ենք՝ անփորձությունը ճչում է, հասկացանք, փորձով մարդիկ չեն ծնվում, բայց բաներ կան՝ աններելի են ուղղակի: Ասելիքը բավականին շատ է ու բավականին կոշտ է, բայց հաշվի առնելով այս ամեն ինչը, ես, որ միշտ եղել եմ պետականամետ, ամուր պետություն ունենալու գաղափարի կրողը, ատամներս կրճտացնելով ու սեղմելով՝ չեմ արտահայտվի մինչեւ վերջ, թող այս արտակարգ դրությունը, որը չենք էլ հասկանում, արտակարգ է, թե չէ, ավարտվի»:

Հարցրեցինք՝ այդ ի՞նչ աններելի սխալ եք նկատել այս իշխանությունների կողմից, որ չեք ասում՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ ժողովրդի հետ անկեղծ զրույց չի տեսնում. «Բառերով չի, որ ասում են՝ մենք ձեզանից թաքցնելու ոչ մի բան չունենք, այլ պետությունները թաքցնում են, մենք չենք թաքցնում եւ այլն: Այս ամբողջ  գործընթացից մենք տեսնում ենք, որ ժողովուրդ, անկեղծ չեք: Եթե այդքան հանգիստ եք, արխային եք, այդքան ինքնավստահ եք, քայլերի հաջորդականությունն ասեք ու կանխատեսում արեք՝ այսպես են անում, որովհետեւ վաղը կամ այսինչ ամսի այսինչ  օրը չի լինի այսքանից ավելի հիվանդ, որովհետեւ տիրապետում ենք իրավիճակին: Այլապես դուրս է գալիս՝ ժողովուրդ, դուխով, կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, ականջից բռնենք, թթի արաղի մեջ պինցետով թաթախենք, գցենք, է,  հետո՞»:

Ճշտեցինք՝ այսինքն, կասկածում եք, որ կորոնավիրուսը, այսպես ասած՝ «բլեֆ» է ու իշխանությունները չե՞ն ասում դրա մասին՝ նա պատասխանեց. «Չէ, ուղղակի ես ՀՀ քաղաքացի եմ, կրթությամբ իրավաբան եմ, բժիշկ չեմ, ես, որպես օրինապաշտ քաղաքացի, նայում եմ իմ երկրի տվյալ ոլորտի պատասխանատուին: Այդ մարդը պարգեւատրումներ, աշխատավարձ ստանում է, որ ոլորտի պատասխանատվությունը վերցնի իր վրա, քաղաքականություն մշակի: Հիմա եթե առողջապահության նախարարն ասում է՝ ժողովուրդ, դա ստից վիրուս է, վաղը  իմ երեխեքը գնալու են դասի, ես ի՞նչ պետք է մտածեմ: Հետո նայում ենք երկրի թիվ մեկ պատասխանատուին, որին զեկուցում են բազմաթիվ կառույցներ: Ինքն էլ ասում է՝ էդ ո՞ւմ  շունն է… Հետո մի հատ շատ թեթեւ քամի, ցնցում է անցնում իրենց կողքով, քշում է, գնում Սեւան փակվում, որ ի՞նչ: Սա՞ է մեր պատկերացրածը, խնդալու է: Հետո բոլորին նստեցրեցին տանը, ոնց որ զոմբիների երկիր լիներ, փողոցում մեկ մարդ չէիք տեսնի, հետո նորից թողեցին ապրիորի: Այս տարերային կառավարումը ոչ ծրագրավորված է, ոչ կանխատեսելի, ոչ պլանային: Տանը նստեցնում են մարդկանց, տեսնում են տնտեսությունը փլուզվում է, տակից չեն կարողանալու դուրս գան, ասում են՝ արտակարգ դրություն է, բայց չեղավ, աստիճանաբար բացենք, մարդկանց վրա տուգանքներ գրենք: Ինչի՞ համար գրեք, կամ այդ թուղթն ինչի՞ համար է պետք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031