Այս պահին Հայաստանում, արտակարգ դրությամբ պայմանավորված, հատկապես բանկերում խուճապային մթնոլորտ է եւ չնայած նրան, որ բանկերը հետաձգել են վարկերի վճարումները, միեւնույն է քաղաքացիները չեն կողմնորոշվում՝ վճարեն, թե՝ ոչ: Եվ որքան էլ բանկերը հանդես են եկել հայտարարությամբ, որ մարդիկ կարող են գործարքները կատարել առցանց եղանակով, քաղաքացիներից շատերը գերադասում են անձամբ ներկայանալ բանկ՝ համոզվելու համար, որ ինչ-որ բան հո սխա՞լ չեն հասկացել: Բանկերում, բացի սովորական վճարումների հերթերից, այս օրերին, մեծ հերթեր են գոյանում նաեւ կառավարության տնտեսական եւ սոցիալական աջակցության ծրագրերի հետեւանքով: Շահառուները հիմնականում ՓՄՁ բիզնեսի ներկայացուցիչներ են եւ գյուղատնտեսներ: Բանկերում հեռախոսազանգերն էլ չեն դադարում, հաճախորդները հարցուփորձ են անում՝ չվճարած գումարները հետագայում ինչպե՞ս պետք է վճարեն, երբ, ինչ ժամանակացույցով եւ այլն:
Վճարումների, հետաձգումների եւ դրանց հետագա վճարման հետ կապված խնդիրների վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ-ում գործող մի շարք բանկերից եւ ունիվերսալ վարկային կազմակերպություններից:
«Ինեկոբանկ»-ում միացավ ինքնապատասխանիչը, որը տեղեկացնում է վարկային հետաձգումների վերաբերյալ եւ եթե որեւէ մեկը զանգահարում է բանկ այդ նպատակով, կարող է արդեն չսպասել օպերատորի պատասխանին:
Այս բանկից փոխանցում են՝ «2020թ.-ի մարտի 10-ից մինչեւ 2020թ.-ի ապրիլի 30-ը ներառյալ, վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից այդ վճարումները 2020թ.-ի մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ կատարելու դեպքում` նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի եւ չի համարվի պայմանագրային պարտավորությունների չկատարում»։
Կարդացեք նաև
Նպատակ ունենալով թեթեւացնել իր վարկառուների կողմից կատարվող ամսական վճարումների չափը՝ «Evocabank»-ը երկարաձգում է SingleTOUCH եւ ապառիկ վարկերի պայմանագրերում նշված վարկի մարման վերջնաժամկետը 6 ամսով։
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը հայտարարել էր, որ իր վարկառուներին, ցանկության դեպքում, տրամադրում է երկամսյա վարկային արձակուրդ: Այս բանկից փոխանցում են, որ 2020 թվականի մայիսի 16-ի դրությամբ կուտակված մարումների ընդհանուր գումարը կբաշխվի մայիսի 16-ից հետո վարկի մարմանը մնացած հետագա ամիսների վրա, իսկ մինչեւ մայիսի 16-ը գործողության ժամկետի ավարտ ունեցող վարկերի դեպքում կերկարաձգվի վարկերի գործողության ժամկետը երկու ամսով եւ մարումների ընդհանուր գումարը կբաշխվի տվյալ ամիսների վրա։
«Յունիբանկը» հաշվի առնելով կորոնավիրուսի պատճառով ստեղծված հետեւանքները, ներկայացնում է տրամադրվող վարկային արձակուրդի հետեւյալ մանրամասները՝ «Յունիբանկը» կերկարաձգի վարկերի մարման ազատ գրաֆիկի ժամկետը մինչեւ 2020թ.-ի մայիսի 31-ը: Ըստ նույն բանկի, ֆիզիկական անձանց տրամադրված անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 6 ամսով եւ 2020թ. մարտի 16-ից մինչեւ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների եւ տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա:
«Վիվուս» վարկային կազմակերպությունից հարցը գրավոր խնդրեցին, բայց այդպես էլ չցանկացան պատասխանել:
Թինա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.04.2020