ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՄ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մայիսի 1-ն է, Աշխատանքի և աշխատավորների իրավունքների պաշտպանության օրը: Մեզանում բոլոր ժամանակներում հատուկ ակնածանք է դրսևորվել աշխատանքի և աշխատավորի նկատմամբ: Հայ ժողովուրդը հավաքական արարումով և քրտնաջան աշխատանքով է կերտել իր ինքնությունը, ամրապնդել պետականությունը:
Համավարակի, նաև սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների պատճառով ծանր ժամանակներ է ապրում մեր ողջ հասարակությունը: Միանշանակ է, որ ճգնաժամի հաղթահարման գրավականը աշխատավորների իրավունքների պաշտպանությունն է, սոցիալական արդարությունն ու համերաշխությունը, հանրային արդյունքի արդար բաշխումն ու աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումը:
Կարդացեք նաև
Մայիսի 1-ը արդարության պայքարի խորհրդանիշ է: Աներկբա է՝ օրեցօր խորացող մարտահրավերները հաղթահարելու, հասարակության բոլոր շերտերի բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի համար համարժեք պետական քաղաքականություն է անհրաժեշտ:
Սիրելի’ հայրենակիցներ, շնորհավորում ենք Աշխատանքի օրվա առթիվ և մեր հաստատակամությունը հայտնում՝ կանգնելու աշխատավորի կողքին, պաշտպանելու նրա իրավունքները հանուն համազգային բարօրության և մեր երկրի անխաթար և խաղաղ զարգացման:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին