Լրահոս
Օրվա լրահոսը

Է՜ն «վարսավիր» աղջիկը…

Մայիս 01,2020 14:30

Հարցազրույց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախկին իմիջմեյքեր Սոֆյա Նավասարդյանի հետ

– Ձեր անունն առաջին անգամ շրջանառվեց կապված վարչապետի եւ նրա տիկնոջ հետ. բայց դրա մասին մի փոքր ուշ։ Օրերս գերմանաբնակ օպերային սոպրանո Լիանա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայացած համերգին ապահովել եք իր հագուկապը։ Երգչուհին նշեց, որ ձեզ ծանոթացրել է Աննա Հակոբյանը…

-Իսկապես, մեզ ծանոթացրել է Աննա Հակոբյանը, բայց այս դեպքում՝ ջութակահար Աննա Հակոբյանը։ Կարճ ժամանակում՝ ընդամենը երկու օրվա ընթացքում, ստեղծվեց այն հագուստը, ինչը պետք է համահունչ լիներ օրվա խորհրդին։ Ինչպես հայտնի է՝ այդ իմիջով երգչուհու «Արի իմ սոխակ» երգի կատարումը հեռարձակվեց նաեւ CNN-ով եւ Euronews-ով։

– Քանի՞ տարի եք այս ոլորտում, ի՞նչ գործունեություն եք ծավալել եւ ինչի՞ց սկսել։

– 2007 թվականին որոշեցի ձեռք բերել երրորդ մասնագիտությունը (ուսանել է Երեւանի ճարտարագիտական համալսարանում ու Մոսկվայի էկոնոմիկայի եւ իրավագիտության ինստիտուտում), ինչն իրականում մանկությունից էր ինձ «հետապնդում»։ Ընդունվեցի Մոսկվայի արվեստի եւ մշակույթի համալսարանի իմիջիոլոգիայի ֆակուլտետը։ Ավելի ուշ դարձա Իմիջմեյքերների միջազգային ասոցիացիայի անդամ, ապա հրավեր ստացա դասավանդելու նույն համալսարանում։ Մասնակցել եմ տարին երկու անգամ տեղի ունեցող Բարձր նորաձեւության շաբաթներին։ Ի դեպ, ցուցադրությունները կատարվում էին երեք ձեւաչափով՝ պոդիում, էկրան եւ կրթական ցուցադրություն։ Վերջինիս մասնակցելով՝ հանդես եմ եկել հագուստի հեղինակային հավաքածուներով…

– Պոդիումը եւ էկրանը հասկանալի է, կմանրամասնե՞ք՝  ինչ ասել է կրթական ցուցադրություն։

– Այդ ցուցադրության համար տրվում է կոնկրետ ոճային թեմա, ներկայացվում է եւ հագուստը, եւ աքսեսուարների շարքը, եւ զարդերը։ Ցուցադրության ընթացքում դիզայները բացատրում է հնարավոր համադրությունների միջոցով նույն զգեստի ոճային փոփոխությունները, որոնք կարող են լինել ծայրահեղ կտրուկ կամ նյուանսային։
                                              Սոֆյա Նավասարդյանի մոսկովյան ցուցադրություններից

– Ի՞նչն էր առիթը, թեկուզ, գուցե դրդապատճառը, որ թողնելով նման գործունեությունը, վերադարձաք հայրենիք։

– Պատճառները մի քանիսն էին։ Առաջինը՝ ամուսինս ու ես ցանկություն ունեինք, որ մեր դուստրը ապրի, կրթություն ստանա հենց Հայաստանում։ Մյուսը՝ գիտակցում էինք, որ մեզ մոտ իմիջիոլոգիան՝ որպես ինդուստրիա, իսպառ բացակայում է… 2011-ին տեղափոխվեցինք Հայաստան, դեմառդեմ առնչվեցինք հայկական դառը, դաժան իրականության հետ, նույնիսկ հիասթափություն ապրեցի՝ ունենալով երեք մասնագիտություն, հնարավոր է, որ մարդ չկարողանա իրեն լիարժեք դրսեւորել։ Չնայած անհաղթահարելի թվացող դժվարություններին, ամուսիններով արեցինք մեր քայլը։ Որպես իմիջմեյքեր առաջին քայլերս հայրենիքում անհատական եւ կորպորատիվ իմիջ-խորհրդակցություններն էին, որոնց հիման վրա ստեղծվեցին դասընթացների կարճաժամկետ կուրսեր։ Որպես հրավիրյալ մասնագետ դասավանդում եմ գիտությունների ակադեմիայում եւ տարբեր կրթօջախներում։ Հիմա արդեն ունեմ նպատակ հիմնելու իմիջ ստուդիա, որն իր կոնցեպտով արմատապես կտարբերվի եղածներից։ Նշեմ նաեւ, որ մոսկովյան գործունեությունս չի դադարեցվել, պարզապես կասեցվել էր ՀՀ կառավարությունում աշխատելու ժամանակահատվածում։
                                             Սոֆյա Նավասարդյանի մոսկովյան ցուցադրություններից

– Հենց կառավարությունում աշխատելու ժամանակահատվածում է, որ ձեր անունը հասարակությանը հայտնի դարձավ եւ  շրջանառվեցին տարաբնույթ խոսակցություններ։ Ձեր մասնագիտությունից հեռու մարդիկ էլ նշում էին, որ դուք ընդամենը վարսահարդար եք։

– Աշխատանքս տեւեց ուղիղ մեկ տարի, ինչի արդյունքում ապահովվում էր վարչապետի եւ նրա տիկնոջ քաղաքական կերպարը։

– Լայն լսարանին գուցե տեղեկացնեք՝ ինչպե՞ս հայտնվեցիք կառավարությունում։

-Հեղափոխությամբ ոգեւորված մեկ ամիս շարունակ ամեն օր նամակ եմ հղել պարոն Փաշինյանին՝ հայտնելով իմ պատրաստակամությունը օգտակար լինելու անհրաժեշտ մասնագիտական հմտություններով։ Մեկ ամիս անց ստացել եմ հեռախոսազանգ տիկին Աննա Հակոբյանից, որի արդյունքում հնարավորություն ստացա իրականացնել իմ պրոֆեսիոնալ կարողությունները։

– Ըստ ձեզ՝ դա հաջողվե՞ց…

– Համարձակ, ավելին՝ հպարտությամբ կարող եմ բարձրաձայնել. այն ինձ իսկապես հաջողվել է։

– Կարելի՞ է ենթադրել, որ դուք հիմնականում աշխատել եք տիկնոջ իմիջի վրա։

– Վարչապետի չափազանց լարված աշխատանքային գրաֆիկի պատճառով  աշխատել եմ հիմնականում տիկին Հակոբյանի իմիջի վրա եւ կարող եմ վստահ ասել, որ հիմնավորված եւ արարողակարգային նորմերին համապատասխան է եղել նրա յուրաքանչյուր կերպարը։ Ի սկզբանե պարտադիր պայման էր դրված համագործակցել հայ արտադրողների հետ, ինչը հասկանալի պատճառով բարդացնում էր աշխատանքը, մյուս կողմից էլ՝ այն դարձնում էլ ավելի արգասաբեր։

– Այդուհանդերձ, դուք հեռացել եք։ Հեռացե՞լ եք, թե՞…

– Իմիջիոլոգիան տալիս է անսահման հնարավորություններ եւ, ինչու ոչ՝ ամբիցիաներ։ Ստեղծագործական մտքիս թռիչքն էր, որ դարձավ պատճառ ծավալելու նորաոճ գործունեություն մի հսկա ինդուստրիայում, ինչն էլ արդեն սկսել եմ իրականացնել, մնալով շնորհակալ վարչապետին ու տիկնոջը։ Հենց նրանք փշրեցին այն կարծրատիպը, որ մեր իրականության մեջ պարտադիր չէ լինել ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ)։

– Որպես մասնագետ՝ մեր վարչապետի ու նրա տիկնոջ այսօրվա իմիջը ձեզ գոհացնո՞ւմ է։

– Ինձ երբեւէ իրավունք չեմ վերապահել գնահատել կոլեգաներիս աշխատանքը։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031