Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդն ունի պետությա՛ն աջակցության կարիքը, և ոչ թե իր հարևանի. Էլինար Վարդանյան

Մայիս 01,2020 11:40

Աշխատանքից տուն ճանապարհին մտահղացած և առանց երրորդ անձի հետ քննարկելու հապճեպ հրապարակած՝ վարչապետի գաղափարը մի քանի պատճառով անթույլատրելի է և կոռեկտ չէ ժամանակակից հասարակության համար։

Նախ. անընդհատ կրկնվող ՄԵՆՔ փոխանցել ենք, Մենք օգնել ենք ձևակերպումը ականջ էր սղոցում։ Մենք՝ ո՞վ։ Փոխհատուցել է պետությունը, որոշումը կայացրել է կառավարությունը։

Ապշեցուցիչ է վարչապետի՝ պետության ընկալման մասշտաբները։ Այն, ինչ առաջարկում է նա, առավելագույնս կիրառելի է գյուղի, կամ ինչ-որ առանձին ոչ մեծ համայնքի համար։

Իսկ որևէ մեկը հարցրե՞լ է այդ մարդկանցից, արդյոք նրանք պատրա՞ստ են ընդունել աջակցություն հարևանից, կամ ծանոթից, կամ նույնիսկ անծանոթից։ Եթե ստեղծված իրադրությունում մարդն օգնության կարիք ունի, դա դեռ չի նշանակում, որ նա օգնություն կընդունի բոլորից։ Շատերն այն մարդկանցից, որոնք այսօր կանգնել են դժվար իրավիճակի առաջ, աշխատող, վաստակող մարդիկ են, որոնց տնտեսական փակուղին է բերել կանգնեցրել ֆինանսական խնդիրների առաջ։ Նրանց համար կարող է լուրջ հոգեբանական խնդիր լինել։ Սա այնքան նուրբ հարց է։ Մարդն ունի պետությա՛ն աջակցության կարիքը, և ոչ թե իր հարևանի։ Չեք կարողանում մշակել անհատական մեխանիզմներ, ուրեմն պետք չէ հարցի կարգավորմանը ցուցաբերել գավառական մոտեցում։

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հետո ի՛նչ մթնոլորտ, ի՛նչ հարաբերություններ կարող են լինել։ Մարդիկ կարող են ունենալ ֆինանսական սուր խնդիրներ, բայց շատերի համար դժվար է գումար վերցնել հարևանից կամ անծանոթից։ Պարզ արժանապատվության խնդիր կարող է ծագել։ Պետության աջակցությունը և հարևանի «մեծահոգությունը» բոլորովին տարբեր բաներ են։ Դա կարող է ազդել մարդկային հարաբերությունների վրա։ Օգնություն տրամադրելը, այդ օգնությունը տեղ հասցնելը շատ նուրբ, բազմաշերտ աշխատանք է, բոլորը չէ, որ դա կարող են ճիշտ ձևով անել, բոլորից չէ, որ մարդիկ պատրաստ են աջակցություն ընդունել. իզուր չէ, որ աշխարհն ի վերջո հանգել է հիմնադրամների, պրոֆիլային կազմակերպությունների գաղափարին։

Հասկանալով կառավարության որոշման հասցեականության ճիշտ լուծման բարդությունը կամ նույնիսկ անհնարինությունը, միևնույն ժամանակ երկրի առաջին դեմքի կողմից առաջարկված (այն էլ՝ այդ ոգևորությամբ, 25 րոպե նույն բանը կրկնելով) մոդելը վտանգավոր է։

Շատ ավելի ճիշտ գաղափար է՝ կոչ անել այն մարդկանց, ովքեր չունեն այդ օգնության կարիքը, գումարները փոխանցել որևէ հաշվի։ Հենց նույն՝ վիրուսի դեմ պայքարի։

Սա կլինի իսկապես հանրային կոնսոլիդացիայի դրսևորում։ Ես անելու եմ այդպես ու կոչ եմ անում մյուսներին՝ անել նույնը։

Որևէ մեկը չի կարող մեզ բաժանել լավի, վատի, սև ու սպիտակի։ Սա մեր ընդհանուր պետությունն է, և միասնական պետության ընկալումը նաև նման քայլերով է արժևորվում։ Փոխանցենք մեր հասանելիք գումարը, եթե իհարկե այդ աջակցության կարիքը չունենք, համավարակի դեմ պայքարի հաշվեհամարին։ Կարող ենք սոցցանցերում դնել վճարման թերթիկը, կարող է պետությունը հրապարակել բոլորի անունները։ Եվ մենք կիմանանք, որ օգնել ենք մեր պետությանը, մեր քաղաքացիներին, մեր բժիշկներին։ Սա մեր պետությունն է, և մենք պետք է օգնենք պետությանը։ Մենք կարող ենք միավորվել պետության գաղափարի շուրջ, եթե իսկապես ուզում ենք, որ համավարակի դեմ պայքարող բժիշկը լավ վարձատրվի, որ բավարար քանակով թեստեր ձեռք բերվեն, որ անհրաժեշտ բժշկական սարքավորումների և դեղորայքի պակաս չլինի։ Սա է բանաձևը։

Վարչապետը հավանորեն չի պատկերացնում, թե ինչ պատրաստակամությամբ ու ինչ ծավալներով են մարդիկ այս երկու ամսվա ընթացքում օգնում իրար՝ լուռ, առանց կոչերի ու պաթոսի։ Բարեկամին, օտարին, ծանոթին, անծանոթին մարդիկ օգնում են՝ առաջին իսկ կանչով՝ առանց հաշվի առնելու՝ սև է, թե սպիտակ։ Ինքնակազմակերպվում են, կամ գործում են արդեն տարիներ շարունակ գործող խմբերի ու անհատների միջոցով, որոնք իրենց ուսերին բազմիցս վերցրել են այդ բեռը՝ պետության փոխարեն անապահովին գտնելու, մարդկանց աջակցությունը տեղ հասցնելու։ Անում են դա առանց որևէ ակնկալիքի, պարզապես՝ որ գիշերը հանգիստ քնեն։ Մեծապես նաև դրա շնորհիվ է, որ փակված տնտեսության պայմաններում դեռ դիմանում ենք։

 

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031