Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարչի կտավները շարֆեր ու բարձեր են դարձել

Մայիս 01,2020 13:30

Կինը՝ իր գեղեցկությամբ եւ նրբագեղությամբ, արվեստ է, բայց երբ նա կրում է արվեստը, շքեղությունը կարծես թե կրկնապատկվում է։

Գեղեցիկ սեռի էլեգանտությունը ընդգծելու համար էլ ստեղծվեց «Էսքիզ» ընկերությունը, նկարիչ Դավիթ Դանիելյանի աշխատանքների հիման վրա էլ՝ բրենդը։

Նկարչի աշխատանքները այսուհետ ոչ միայն կարող են հանդիպել ցուցասրահների պատերին, այլեւ կանանց զգեստապահարաններում՝ շարֆերի տեսքով։ Զրուցել ենք «Էսքիզի» հիմնադիր-տնօրեն Անի Անտոնյանի հետ:

– Ինչպե՞ս ծնվեց կտավները կանացի շարֆերի վերածելու գաղափարը։

– «Էսքիզ» ընկերության հիմքում դրված է հայկական արվեստի ներուժը բացահայտելու եւ այն հանրահռչակելու գաղափարը։ Արվեստը հոգու հայելի է եւ ներդաշնակության պատուհան։ Մեր նպատակն այդ ներդաշնակությունը հասանելի դարձնելն է։ Մեկնարկեցինք գեղանկարիչ Դավիթ Դանիելյանի աշխատանքներով, որոնք հայտնի են թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։

Աշխատանքները հետաքրքիր են իրենց դինամիզմով, ներքին տեսադաշտով, իրականության ինքնատիպ ընկալման միտումով։ Հենց այս կտավները ոգեշնչեցին թողարկել «Էսքիզ» ընկերության առաջին արտադրանքը՝ «Էսքիզ շարֆեր»։

– Ինչո՞ւ հենց շարֆեր եւ բարձեր։

– Սկզբում «Էսքիզ շարֆեր», հետո «Էսքիզ բարձեր», իսկ շատ շուտով՝ նոր անակնկալ։ Մենք մտադիր ենք մշտապես զարմացնել մեր հաճախորդներին նոր առաջարկներով։ Առաջիկայում կներկայացնենք արտ-կահույքի լայն տեսականի, որը նվեր է նրբաճաշակ միջավայրը գնահատող սպառողի համար։

– Ձեր ֆեյսբուքյան էջում շարֆերը գովազդում էին սկզբնապես սպիտակամորթ, ապա միայն սեւամորթ մոդելներ, ինչպե՞ս եք նրանց ընտրությունը կատարում։

– Արվեստը չունի սահմաններ կամ սահմանափակումներ, ինչը մարդկության պատմության լավագույն նվաճումներից մեկն է։ Մենք չենք ստեղծում արհեստական բաժանումներ, այլ ընտրում ենք վառ ու հետաքրքիր կանանց, որոնք շքեղ են արվեստում եւ արվեստը կրելիս։

– Ձեր հաճախորդները ո՞ր տարիքի կանայք են։

– Ցանկացած էլեգանտ կին, անկախ տարիքից, կգտնի իրեն հատուկ արտադրանք «Էսքիզի» հետ։ Ընդ որում՝ պատվիրատուները ոչ միայն կանայք են, այլեւ տղամարդիկ: Նրանք գնում եւ նվիրում են։

Զրուցեց Մոնիկա ՄԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031