2004թ. փետրվարի 5-ին Հայաստանի վերարտադրողական բժշկության ասպարեզում աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ. ծնվեցին արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխաները՝ մեկ տղա եւ երկու աղջիկ։ 2006-ին արտամարմնային բեղմնավորմամբ ստացված սաղմերը տեղադրվեցին փոխնակ մոր արգանդի խոռոչ, եւ Հայաստանի վերարտադրողական բժշկության մեջ առաջին անգամ փոխնակ մորից ծնվեց երկու աղջիկ։ Նույն տարում կատարվեց նաեւ արտամարմնային բեղմնավորում ICSI տարբերակով՝ TESA մեթոդով վերցված սպերմատազոիդներով։ 2007-ին առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման ICSI տարբերակով ծնվեց մեկ տղա երեխա՝ 3500 գրամ քաշով։ 2008-ին Հայաստանի վերարտադրողական բժշկության պատմության մեջ առաջին անգամ գրանցվեց սառեցված սաղմերով հղիություն։
Իսկ գիտական երկար ճանապարհը սկիզբ էր առել դեռ 1996-ին եւ 1997-ին: «Դիագնոստիկա» բժշկական միավորման ուժերով արտամարմնային բեղմնավորման ծրագրի շրջանակում ստեղծվել էր կլինիկական սաղմնաբանության լաբորատորիա՝ գերխթանումից հետո վերցված ձվաբջիջները բեղմնավորելու եւ աճեցնելու համար: Հենց նույն տարում էին ստացվել մարդու առաջին սաղմերը։
Այս գիտափորձերի ակունքներում էր նաեւ կլինիկական սաղմնաբան Կարեն Ջինանյանը, այժմ՝ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի արհեստական բեղմնավորման եւ կլինիկա-ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, Կլինիկական սաղմնաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու։
Թե քանի երեխայի ծնունդ է տվել մեթոդի կիրառումը մեր երկրում, Ջինանյանը հաշվելու խնդիր երբեւէ չի դրել իր առջեւ. «Կարեւորել եմ արտամարմնային բեղմնավորման մեթոդի արդյունավետությունը բարձրացնելը. մոտ 30%-ից հասցրել ենք ավելի քան 50%-ի։ Մենք ավանդույթ ունենք՝ ծրագրի ներդրման առաջին իսկ օրից բոլոր ծնված երեխաների նկարները փակցրել ենք բաժանմունքում, արդեն 3000-ից ավելին են։ Վերջին տարիներին այս մեթոդի օգնությամբ ծնված երեխաների աճի միտում է նկատվում։ Մեր երկար տարիների աշխատանքը եւ կուտակված փորձը մեծ փոփոխություններ են առաջացրել անպտղությամբ տառապող զույգերի մտածելակերպի մեջ։ Այժմ նրանք վստահ են, որ կարելի է եւ պետք է պայքարել անպտղության դեմ եւ հաղթել։ Հիմա ավելի հաճախ են դիմում արտամարմնային բեղմնավորման մեթոդին, եւ նվազում է այն զույգերի թիվը, որոնք ապրում էին «Աստված երեխա չի տալիս» համոզմունքով»։
Կարդացեք նաև
Կարեն Ջինանյանի փոխանցմամբ, ընտանեկան զույգերի 15-20% -ն անպտղության խնդիր ունի։ Եթե կանոնավոր սեռական կյանքի մեկ տարվա ընթացքում (առանց հակաբեղմնավորիչների օգտագործման) հղիությունը բացակայում է, կարելի է խոսել անպտղության մասին։ Անպտղությունը բուժելու որոշում կայացնելիս հաշվի են առնվում զույգերի տարիքն ու առողջական խնդիրները։ Անպտղության պատճառները կարող են լինել տարբեր, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ։ Բուժման ավանդական մեթոդները երբեմն արդյունավետ չեն, եւ՝
«Այս դեպքում օգնության է գալիս անպտղության բուժման նոր մեթոդ՝ Աջակցող վերարտադրողական տեխնոլոգիաները, որի հիմքում ընկած է արտամարմնային բեղմնավորման մեթոդը. ձվաբջջի բեղմնավորումը եւ սաղմի հասունացումը իրականացվում է կնոջ օրգանիզմից դուրս, եւ միայն 2-5 օր հետո սաղմերը տեղափոխվում են արգանդի խոռոչ։ Արտամարմնային բեղմնավորման ծրագրին դիմելը յուրաքանչյուր ընտանիքի որոշումն է»։
Այս մեթոդով ծնված առաջին երեխան Լուիզ Ջոյ Բրաունն է (1978թ., հուլիսի 25, Մեծ Բրիտանիա)։ Հայաստանցի մասնագետները 1996-2005թթ. պարբերաբար վերապատրաստվել են Եվրոպայի առաջատար կենտրոններում, որոնց մասնագետներն իրենց հերթին աշխատել են Հայաստանում։ Իսկ տեղական գիտախմբի հաջողությունները խթանեցին նման այլ կենտրոնների բացումը մեր երկրում։
«Մեր բնակչության համար արտամարմնային բեղմնավորմամբ զբաղվող կլինիկաների թիվը, կարելի է ասել՝ բավարար է, եւ որքան մեծ է դրանց թիվը, այնքան մեծ է մրցակցությունը։ Սա տալիս է ընտրության հնարավորություն, ինչը շահեկան է զույգերի համար»։
Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսորներ Գեորգի Օկոեւի եւ Կարինե Առուստամյանի, թեկնածու, դոցենտ Էմմա Տոնոյանի հետ կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Ջինանյանը 2008թ. արժանացավ ՀՀ նախագահի մրցանակի՝ Հայաստանում արտամարմնային բեղմնավորման մեթոդի ներդրման եւ իրականացման համար։
«Եթե անկեղծ, մրցանակը իմ կյանքում մեկ ակնթարթ էր, որը եղավ ու անցավ՝ դառնալով հիշողություն։ Կարեւորն արածս գործն է, եւ դրանով անսահման երջանիկ եմ։ Իսկ մրցանակի պարգեւավճարը 4 գործընկերներով ներդրեցինք սաղմնաբանական լաբորատորիայի արդիականացման գործում»։
Կարեն Ջինանյանի որդին՝ Հովհաննեսը, ատամնաբույժ է, դուստրը՝ Անին, պատրաստվում է ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարան, կինը՝ Կարինեն, դասավանդում է Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանում։ Իրեն երջանիկ համարո՞ւմ է զրուցակիցս, որի շնորհիվ նաեւ երջանկացել են բազում ընտանիքներ. «Երջանկությունը հոգու շատ անհատական վիճակ է։ Երջանկությունը զգացողություն է, որն անհնար է զգալ անընդհատ, դա հոգու ակնթարթային վիճակ է, անհնար է լինել երջանիկ անցյալում եւ ապագայում, այդ զգացողությունը այս պահի համար է։ Այո՛, ես երջանիկ եմ, եւ երջանիկ եմ հենց հիմա, այս պահին»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի։
ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակներն ավանդաբար ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։
«Առավոտ» օրաթերթ
30.04.2020