Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատան շրջանավարտը փաստի առաջ է՝ պետության կողմից հատկացված բնակարանը պատուհաս է դարձել

Մայիս 01,2020 12:30

Մանկատանը մեծացած լինելը յուրաքանչյուր երեխայի կյանքում որոշակի հետք է թողնում, մի քանի տարի անց մեկը ժպիտով է հիշում այնտեղ անցկացրած տարիները, մյուսի կյանքում մնացած այդ հետքը անջնջելի է լինում: Չափահասությունը դեռահասներին կագնեցնում է բազմաթիվ դժվարությունների ու խնդիրների առջեւ, որոնցից առաջնայինը ուսման, աշխատանքի եւ կացարանի հարցն է: Երկար տարիներ բնակարանի ստացման հարցը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնեցրել նրանց:

«Զատիկ» մանկատան (այժմ աջակցության կենտրոն) շրջանավարտ, 35-ամյա Ալեքսանդրա Կոտանովան  2006թ. «Հայ ժողովրդավարական ֆորում» հասարակական կազմակերպության կողմից ստացել է բնակարան Նոր Նորքի 9-րդ զանգվածում: Բնակարանն ի սկզբանե գտնվել է խարխլված վիճակում, չեն եղել բնակության համար նախատեսված տարրական պայմաններ: Ալեքսանդրան, երկար տարիներ ապրելով այդ տանը, կատարել է բազմաթիվ փոփոխություններ՝ փոխել է դուռը, պատուհանները, ավելացրել կենցաղային պարագաներ: Բնակարանը նույնիսկ ապահովված չէ մշտական ջրով, հոսանքով, ջեռուցմամբ: Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ չունի նաեւ սեփականության վկայական: Ալեքսանդրան իր ամեն վայրկյանը ապրում է տունը կորցնելու վախով:

Պայմանագիրը կնքվել է 10 տարով, իսկ նա ապրում է այստեղ արդեն 13 տարի, եւ ըստ օրենքի՝ 3 տարի է՝ ապօրինի է ապրում հատկացված բնակարանում: Մեկ տարի առաջ Ալեքսանդրային այցելել են ինչ-որ կազմակերպությունից եւ համոզել, որ ստորագրի պայմանագիր, որով եւս 10 տարով կերկարացնեն բնակեցման ժամկետը: Նա հրաժարվել է եւ սպառնացել են, որ կհանեն բնակարանից: Անցել է արդեն 1 տարի, բայց դեռ ոչ մի լուր չկա նրանցից: Ալեքսանդրան եւ մյուս շրջանավարտները շատ են դիմել նախորդ եւ ներկայիս նախարարներին, հատուկ կազմակերպությունների, բայց ոչ մի աջակցություն չեն ստացել. «Ամիսներ առաջ դիմել ենք ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանին եւ ստացել պատասխան` «սա է, պետք է հարմարվեք»: Ունեմ բազմաթիվ առողջական խնդիրներ եւ չունեմ մշտական աշխատանք»:

Ալեքսանդրան տարիներ առաջ ստացել է առաջարկ՝ հատուկ ծրագրով արտասահման մեկնելու եւ աշխատելու: Երկրից բացակայելու հարցով դիմել է նախկին փոխնախարար Արսեն Մանուկյանին եւ ստացել պատասխան, որ երկիրը 6 ամսից ավելի լքելու դեպքում պայմանագրով տրամադրված բնակարանը պետությունը վերցնում է: Եվ անօթեւան մնալու վախից դրդված՝ հրաժարվել է: Ասում է, որ շնորհակալ  է պետությունից, կյանքի ամենաբարդ շրջանում իրեն տանիքով ապահովելու համար, բայց ավելացնում, որ անհնար է ապրել նման վախերով: Չունի ընտանիք, բնակարան, եւ չունի նաեւ հույս՝ երբեւէ տեսնելու բնակարանի սեփականաշնորհման վկայականը իր ձեռքերում:

Մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու հարցին ի պատասխան՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը նշեց՝ ճիշտ է, որ 6 ամսից ավելի երկրից բացակայելու դեպքում բնակարանը պետությունը վերցնում է, քանի որ շահառուները շատ են եւ հնարավոր է անձը հետ չվերադառնա կամ բնակարանը հանձնի վարձակալության: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար պայմանագրում կետերը հստակ նշվել են եւ հանձնվել շահառուներին:

Այժմ կա հնարավորություն բնակարան ստանալու եւ ի վերջո այս հարցը գտնում է իր լուծումը: Կառավարության անցյալ տարվա նոյեմբերի 7-ի որոշմամբ՝ 1 միլիարդ 900 միլիոն դրամ է հատկացվել «Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» ծրագրին։ Ըստ այդմ՝ մանկատան 300 շրջանավարտներ սեփական բնակարան ձեռք բերելու գումար կստանան։ Բնակարան կստանան բոլոր այն երեխաները, ովքեր ընդգրկված են եղել 2003-2014թթ. բնակարանաշինության ծրագրում եւ բնակարան չստացած երեխաները։

Այժմ Ալեքսանդրան մյուս շրջանավարտների նման բնակարանի հերթացուցակում սպասում է զանգի: Այդ գումարով հնարավոր է գտնել բնակարան Երեւանում կամ մարզերում, շատերը չեն համաձայնում մարզերում ապրելուն, քանի որ նրանց շրջապատն այստեղ է եւ հենց այստեղ են  աշխատում: Սոցիալական աշխատակցի խոսքով՝ այն շրջանավարտները, որոնք այդ գումարով մարզում տուն կգնեն, կստանան երկու այլ առաջարկներ՝ մասնագիտական վերապատրաստում՝ գործ գտնելու համար, եւ մինչեւ մեկ միլիոն դրամի աջակցություն՝ փոքր բիզնեսի համար:

Բնականաբար, խնդիրը հնարավոր չէ լուծել 2-3 ամսվա ընթացքում եւ դեռ բազմաթիվ  բացեր կան, բայց միեւնույն է՝ կարեւորն առաջին  քայլերն են, որոնք արդեն արված են:

Թինա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031