Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու Մնացականյանն ունե՞ն արցախյան իրենց փաստաթուղթը

Մայիս 01,2020 12:00

Կո՞ղմ է պաշտոնական Երեւանը փուլային տարբերակին, թե՝ ոչ: Այս հարցին պետք է տրվի հստակ պատասխան թե՛ առաջիկա փակ բանակցություններում, թե՛ հրապարակային

Պաշտոնական Բաքուն լծվել է ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակի առաջ մղման հարցում պաշտոնական Երեւանին բանակցային գործընթացը տապալողի եւ ապակառուցողական կողմի ներկայացնելու հետեւողական գործին:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կրկին անդրադարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին` արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Մամեդյարովի խոսքով` հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, որի մասին հայտարարել է Լավրովը, արդեն մի քանի տարի է, ինչ քննարկման առարկա է բանակցությունների ժամանակ եւ հստակ արտացոլված է համանախագահների հայտարարություններում: Նա միեւնույն ժամանակ նշել է, որ բանակցությունները գաղտնի են, մանրամասները չեն բացահայտվում, բայց բանակցությունների ընդհանուր շրջանակներն ուրվագծվել են համանախագահների կողմից, ինչպես նաեւ համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններում:

«Դրանցում արտացոլվել են հակամարտության փուլային կարգավորման տարրեր, այսինքն` հակամարտության հետեւանքների քայլ առ քայլ վերացում, ինչը սկզբնական փուլում ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների ազատագրում, հաղորդակցությունների բացում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ…»,- ասել է Մամեդյարովը Minval.az-ին տված հարցազրույցի ժամանակ: Այնուհետեւ Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, թե հայկական կողմը «խաբում է իր հայրենակիցներին»` հայտարարելով, որ արցախյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ չի քննարկվում, բանակցությունների սեղանին որեւէ փաստաթուղթ չկա: «Հայկական կողմը լավ կաներ առանց ժամանակ կորցնելու սեփական ժողովրդին պատրաստեր խաղաղության, ինչպես համաձայնվել էր միջազգային հանրության առաջ»,- ասել է Մամեդյարովը` հավելելով, որ արցախյան հակամարտությունը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով, եթե կողմերը դրսեւորեն անհրաժեշտ քաղաքական կամք:

Հիշեցնենք, թե օրեր առաջ ինչ էր ասել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա ապրիլի 21-ին, անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, թե քննարկվում է Արցախի հիմնահարցի լուծման փուլային տարբերակը, ինչը Լավրովի խոսքով` նախեւառաջ ենթադրում է Արցախին կից շրջանների հանձնում, նշել էր. «Այն, ինչ վերաբերում է տարածքներին, ինչպես նշվել է մեկնաբանության մեջ, ամենից բացի, դա անվտանգության գոտի է եւ պաշտպանական գծեր: Որեւէ կերպ որեւէ հայկական կողմից չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը: Այո, որեւէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որեւէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը»:

Այսպիսով, պաշտոնական Երեւանը, ի դեմս արտգործնախարարի, հրապարակային արձանագրել է, որ «տարածքները» հայկական կողմի համար անվտանգության գոտի են եւ պաշտպանական գծեր, հետեւաբար դրանք սակարկության առարկա չեն կարող դառնալ:

Հաջորդը, պաշտոնական Երեւանը կարեւորագույն տարր է մատնանշում՝ ինքնորոշման սկզբունքը, այն բանակցային գործընթացում հայկական կողմերի համար առաջնային գերակա տարր ներկայացնելով: Այսինքն՝ պաշտոնական Երեւանի երկամյա՝ «անվտանգություն եւ կարգավիճակ» ձեւակերպումը ավելի է հստակեցվում՝ ինքնորոշման իրավունքի արտահայտում նշանակում է կարգավիճակի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունք, պարզաբանել էր Մնացականյանը:

Բնական է, որ ադրբեջանական կողմը հիմա Հայաստանի իշխանություններին մեղադրելու է բանակցային գործընթացը տապալելու մեջ: Բայց այստեղ իսկապես չափազանց կարեւոր է մթնոլորտը, որպեսզի հայկական կողմը միջազգային հանրության աչքում չերեւա որպես ապակառուցողական կողմ:

Բաքվի՝ «հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա» պահանջը տարիներ շարունակ հնչել է ու հնչելու է, սակայն նախկինում չի ձեւավորվել մթնոլորտ, երբ հայկական կողմը երեւար որպես ապակառուցողական կողմ:

Կարգավորման գործընթացի այս ակտիվության ֆոնին կարելի է ենթադրել, որ առաջիկայում միջնորդները կփորձեն Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպում կազմակերպել, ինչու չէ՝ որեւէ փաստաթուղթ վերջնական համաձայնեցնել: Այսօր ձեւավորված մթնոլորտում, երբ Երեւանն ու Բաքուն հրապարակային, այսպես ասած, տրամագծորեն տարբեր սկզբունքների մասին են խոսում, պարզ է, որ հնարավոր չէ նման ընթացքը:

Հիմա հայկական դիվանագիտության թիվ մեկ խնդիրը առաջիկա բանակցություններից առաջ հստակ ձեւակերպումների դաշտում հայկական կողմի դիրքորոշումը արձանագրելն է. նախ՝ կո՞ղմ է պաշտոնական Երեւանը փուլային տարբերակին, թե՝ ոչ: Այս հարցին պետք է տրվի հստակ միանշանակ պատասխան թե՛ առաջիկա փակ բանակցություններում, թե՛ հրապարակային:

Ի՞նչ փաստաթղթի մասին են շարունակ խոսում Մոսկվան ու Բաքուն: Եթե կան բազմաթիվ աշխատանքային փաստաթղթեր եւ Ադրբեջանն առանձնացնում է դրանցից հատկապես մեկը, ապա հարց պաշտոնական Երեւանին՝ ունի՞ հայկական կողմն իր փաստաթուղթը եւ եթե այո՛, օգտագործվո՞ւմ են դրանք բանակցությունների ընթացքում որպես աշխատանքային տարբերակներ:

Առաջիկա բանակցություններից առաջ հայկական կողմը բավական աշխատանք ունի իրականացնելու: Հայաստանի ու Արցախի համար բանակցային գործընթացում չափազանց վճռորոշ փուլ է, ցանկացած սայթաքում կարող է էլ ավելի բարդ իրավիճակում դնել պաշտոնական Երեւանին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 30.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031