Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին վարչապետն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ:
Վարչապետը ինքնամեկուսացել է, նա հավաստիացրել է, որ կառավարությունը շարունակելու է բնականոն աշխատանքը: Միշուստինն ընդգծել է, որ կապի մեջ կշարունակի լինել նախարարների կաբինետի անդամների հետ: Նա նաև նշել է, որ կառավարության ղեկավարի պարտականություններն առաջարկել է ստանձնել փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին: Միշուստինը ՌԴ քաղաքացիներին կոչ է արել լուրջ վերաբերել կորոնավիրուսին և անել հնարավոր ամեն ինչ՝ վիրուսի տարածումը կանխելու համար:
Վլադիմիր Պուտինն իր հերթին հույս է հայտնել, որ Միշուստինը կշարունակի ակտիվ մասնակցել կառավարության աշխատանքին, նա հավաստիացրել է, որ տնտեսության, քաղաքացիներին աջակցելու ոլորտներում վերջնական որոշումներ չեն կայացվի առանց վարչապետի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ