Հեռավար քննարկման ժամանակ պատասխանելով հարցին, թե տասնամյակներ շարունակ արդար ընտրության համար պայքարելուց հետո վերջապես ունենք լեգիտիմ պառլամենտ, այս դեպքում որտե՞ղ է բացը, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ասաց. «Ունենալ ընտրված իշխանություն եւ իր նպատակներին ծառայելու ընդունակ ու փոփոխությունների ցանկություն ունեցող պրոֆեսիոնալ թիմ, տարբեր բաներ են: Նույն տրամաբանությամբ այլ կազմ ընտրելու դեպքում նույնպես կունենայինք, հասկանալի չէ, թե ինչ: Իրականում կարիք ունեինք, որպեսզի պառլամենտ գային իսկապես հեղափոխական ուժեր, որոնք ունեին պրոյեկտ, պատրաստ կլինեին պայքարել եւ իրենց կարծիքն ու դիրքն արտահայտել: Այսօրվա պառլամենտը սառած դեմքով նայում է վարչապետի աչքերի մեջ ու սպասում է, թե ինչ-որ բան անելու դաբրոն կստանա՞ն, թե՞ չէ: Փոքր դրվագներով կառավարության բերած որոշ որոշումներ կարող են ընդունվել կամ չընդունվել: Բայց դա չնչին ու ոչ էական է: Պառլամենտը պառլամենտական երկրում չի հասկանում ու չի պատկերացնում իր դերակատարությունը: Փաստորեն, կառավարության անդամը իրեն կարող է թույլ տալ՝ մուննաթով խոսել լեգիտիմ, առաջնային մանդատ ունեցող անձի՝ պատգամավորի հետ: Այս բանը դեռ շարունակվում է:
Մենք իսկապես շատ լուրջ խնդիրներ ունենք, շատ լուրջ ճգնաժամի մեջ ենք: Այսօր ես անգամ շատ վատ նախազգացումներով ասել եմ, որ մինչեւ անգամ ներքին հեղաշրջման առջեւ կարող ենք հայտնվել, ինչը շատ վտանգավոր է: Եվ դրա պատճառը ոչ ուժեղ, ոչ ծրագրային աշխատանքի հետեւանք է, երբ ինչ-որ տեղերում գտնվում են մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչի համար են այդ տեղում գտնվում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ