Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Փակում ենք կոմունալ ճգնաժամի հարցը

Ապրիլ 30,2020 19:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց ու ազդարարեց կոմունալ ճգնաժամի ավարտը։

Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ 770 հազար բաժանորդներից անջատված է 2600-ի հոսանքը, ինչը ընդհանուրի 0.3 տոկոսն է, իսկ գազի պարագայում մոտավորապես 620 հազարից 1300 բաժանորդի գազն է անջատված՝ 0.2 տոկոսը. «Դուք այսօր էլ տեսաք, որ ես քաղաքացիների էի զանգել, այն քաղաքացիներին, ում հոսանքը անջատված է։ Իհարկե, ես չգիտեմ, թե ոնց եք ընկալում այդ զանգերը, բայց դա ուներ շատ կոնկրետ նպատակ. Մենք ուզում ենք օգնել կոնկրետ այն մարդկանց, որոնք այդ օգնության, աջակցության կարիքն իսկապես ունեն։ Եվ շատ խնդրահարույց է այդ մարդկանց նույնականացնելը, որովհետև երկու հարևան կա, երկու հարևանն էլ նույն կերպ սպառել է գազ կամ նույն չափ հոսանք, և նրանցից մեկը կարիքավոր է, մյուսը կարիքավոր չի»։

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ որոշել են ևս մեկ միջոցառում իրականացնել՝ աջակցել այն սպառողներին, որոնք փետրվար ամսին 10 001 դրամից մինչև 25 000 դրամի էլեկտրաէներգիա են սպառել, և 30 001 դրամից մինչև 40 000 դրամ գազի սպառում. «Մենք կփոխանցեք այս սպառողների ծախսի 30 տոկոսը։ Այս պարագայում մենք կունենանք 207 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81 697 գազի բաժանորդ 16-րդ միջոցառման երկրորդ կետով»։

50 տոկոսով փոխհատուցվելու է նաև մարտ ամսվա ջրի վարձը՝ այն բաժանորդների համար, որոնք սպառել են մինչև 3000 դրամի ջուր։ Այս ծրագրի շահառուներ են հանդիսանում 424 972 բաժանորդներ:

Իսկ հանրապետության չգազիֆիկացված 310 գյուղերի բաժանորդների էլեկտրաէներգիայի ծախսը կփոխհատուցվի 50 տոկոսով, բացի մնացած փոխհատուցումներից, այսինքն՝ կարող է ստացվել, որ փետրվարի ամսվա ծախսը նրանց համար փոխհատուցվի մինչև 70 տոկոսով։

«Մենք հիմա այս միջոցառումներով, ըստ էության, փակում ենք կոմունալ ճգնաժամի հարցը, և մեր քաղաքացիներին ասում ենք՝ սիրելի հայրենակիցներ, այս միջոցառումներով մենք մի քանի միլիարդ դրամ ծախսում ենք ձեր կոմունալների ծախսերի համար։ Եվ այս փուլում կառավարությունը ինչ պետք է աներ կոմունալների աջակցության հարցով, արդեն իսկ արել է։ Մանավանդ, որ արդեն տաք ամիսներն են, և գազի և լույսի վարձերը էականորեն նվազում են, պետք է խնդրենք, որ վերադառնաք այն հին ռեժիմին, որ բոլորը այս պահից սկսած պետք է իրենց վարձերը վճարեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, համեմատելով 2020 թվականի ապրիլի անջատումները, 2019 թվականի ապրիլի անջատումների հետ, երբ ըստ նրա, մոտավորապես 5000 անջատումներ են եղել։

Իսկ այն քաղաքացիներին, որոնք չունեն այդ աջակցության կարիքը, վարչապետը խնդրեց փոխանցում կատարել Կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930