Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ոստիկանները՝ մարիխուանա ծխած 28-ամյա երիտասարդի հետքերով․ նա բերման է ենթարկվել

Ապրիլ 30,2020 19:45

Ինչպես տեղեկանում ենք, ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Գյումրիի «Մուշ» բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Անի թաղամասի 28-ամյա մի բնակչի։

Ոստիկանության աշխատակիցները խուզարկությամբ հայտնաբերել են «յուրահատուկ հոտով չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված» ու պարզել,  որ երիտասարդի օգտագործած թմրամիջոցը մարիխուանան է, որը, ըստ պաշտոնական լրահոսի, նա քաղել էր անցյալ տարի ամռանը` վայրաճ կանեփի թփերից:

28-ամյա քաղաքացին մի մասն օգտագործել էր, մյուս մասը` պահել հետագայում ծխելու համար:

Այժմ  նշանակված է դատաքիմիական փորձաքննություն ու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն, ամփոփելով 2019 թվականի տվյալները,  հայտնել էր, որ Շիրակում թմրամիջոցներից ամենալայն տարածում ունեցողը  մարիխուանան է և որ հարուցվել է 31 քրեական գործ՝ թմրամիջոցների իրացման դեպքով։ Նա նաև տեղեկացրել էր, որ դեպքերի թիվը 2-ով ավելացել  է, ու դա հիմնականում պայմանավորված է Արթիկի քրեակատարողական հիմնարկի հետ, երբ որ հարազատները փորձել են հանձնուքների միջոցով իրենց ընկերներին, մտերիմներին փոխանցել  թմրամիջոցներ։

Նշենք նաև, որ հարևան Վրաստանի Սահմանադրական դատարանը, 2018 թվականին, բավարարելով «Գիրչի» կուսակցության բողոքը,  մարիխուանայի օգտագործման համար բոլոր պատժամիջոցները համարել էր հակասահմանադրական։

Մեր երկրում մարիխուանա օգտագործելու համար նախատեսվում է 50 հազար դրամ վարչական տուգանք, իսկ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Նույն արարքները, որոնք կատարվել են խոշոր չափերով՝պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Առանձնապես խոշոր չափերով կատարելու դեպքում էլ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

Այսպես է սահմանված ՀՀ Քրեական օրենսգրքի 268 հոդվածում, որը կոչվում է «Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930