Ապրիլի 28-ին խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ ծագած միջադեպը շարունակում է մնալ հետաքրքրությունների շրջանակներում:
Այսօր հեռավար քննարկման ժամանակ «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը կարծիք հայտնեց, որ «Ներկայիս գումարման ԱԺ-ն ուղնուծուծով ապաքաղաքական է: Պառլամենտում չկա քաղաքականություն, թեեւ խորհրդարանական երկրի պառլամենտում պիտի լինի քաղաքականություն: Այն, ինչ այսօր տեսնում ենք, մի բաժակ ջրում փոթորիկ սարքելու, իրական քաղաքական հարցերից հեռացված, նեղ անձնական հակասությունների, նեղ անձնական հակակրանքների եւ հակակրանքների վրա հենված գործընթաց է, որն ամբողջովին հեռու է քաղաքականությունից:
ԱԺ-ում չկա գաղափարական բազմազանություն: Այսինքն, այն, ինչ բազմակարծություն են անվանում, իրականում քաղաքականության բազմազանություն չէ, որովհետեւ քաղաքական ուժերը կամ չունեն ֆիքսված գաղափարախոսություններ, կամ դրանց միջեւ էական տարբերություններ չկան: Ի վերջո, գործընթացը պետք է հանգեր նրան, որ այդ մարդիկ, որ չունեն ամուր գաղափարներ եւ գաղափարախոսություն, պիտի հանգեին այն խոսակցությանը, որ այ, դու ճիշտ բան ես ասում, բայց դու վատն ես ու չես կարող դա անել, իսկ մենք լավն ենք:
Ու խոսակցությունն իջնում է այն մակարդակին, որ ամիսներով Միքայել Մինասյանի մասին են խոսում, թե ով՝ ում պրոեկտով է, քաղաքականությամբ զբաղվողներից ով՝ ումից է փող վերցրել: Ես ցավում եմ նման անձնավորված զրույցների համար, որ ունենք այդպիսի խորհրդարան: Բայց դա անակնկալ չէ, որովհետեւ Հայաստանում քաղաքականությունը իր հիմքում պրոբլեմ ունի, կուսակցությունների որակի, պառլամենտում ընտրվելու ընթացակարգի, պառլամենտի ապահովվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի, հավաքական միտք գեներացնելու պրոբլեմ ունի»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ