Չանձնավորեմ, բայց կուզենայի, որ մեր հանրությունը տեղյակ լինի: Այս պահին տարբեր մարմինների նախաքննական վարույթներում մի քանի քրեական գործեր կան՝ քննության աննախադեպ ծավալներով»-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա տեղեկացրեց. «Ձեռք բերված նախնական տեղեկությունների եւ փաստական տվյալների վերլուծությունը վկայում է տասը, երբեմն՝ 15 տարի տեւական ժամանակ թաքցված եւ արտոնյալ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների մասին: Այդ արտոնյալ տնտեսական գործունեությունը հաճախ իրականացվել է շուրջ հարյուր սուբյեկտների կողմից»:
Դավթյանի փոխանցմամբ՝ ձեռք են բերվել օպերատիվ տեղեկություններ, որոնք վկայում են այդ գործունեության՝ մեկ-երկու կենտրոններից ղեկավարված լինելու մասին, որովհետեւ սխեման այնպիսին է, որ գործունեության արտոնյալ հատվածն այլ կերպ, քան կազմակերպված եղանակով, հնարավոր չէր իրականացնել. «Սա ըստ նախնական տվյալների եմ ասում: Սրանք նախադեպը չունեցող ծավալներ են, եւ մեր երկրում այս կարգի քրեական գործեր երբեք չեն քննվել: Խոսքը տնտեսական գործունեության, հարյուր միլիոնավոր գումարային շարժերի մասին է, որոնք վկայում են՝ կազմակերպվել է այնպիսի եղանակով, որպեսզի երբեւէ մի օր դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն»:
Գլխավոր դատախազի խոսքով. «Խոչընդոտը պայմանավորված է քողարկված եղանակով գործունեություն ծավալելով: Սա շեշտում եմ, որպեսզի հանրությանը պարզ լինի այս գործերի հանդեպ ակնկալիքը: Այսօր լուրջ աշխատանք է արվում նաեւ միջազգային գործակցությամբ: Քրեադատավարական գործիքակազմի միջոցով բոլոր օպերատիվ տվյալներն ու փաստական հանգամանքները ստուգելու, դրանք հերքող կամ փաստող ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտություն ունենք: Որ փուլում կհավաքվի առեւերույթ ապացուցողական բազա, այդ փուլում կսկսվեն հետապնդումներ: Հիմա էլ ունենք որոշ անձանց հանդեպ հետապնդումներ, եւ դա վկայում է, որ այդքան դրվագով արդեն բավարար ապացուցողական հենք կա, բայց ծավալն ահռելի է»: Դատախազը հավելեց, որ իր ասածները վերաբերում են նաեւ արդեն իսկ հայտնի որոշ քրեական գործերի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ