Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը զանգել էր էլեկտրաէներգիայի համար, պարզվեց՝ ընտանիքները ոչ միայն հոսանք, այլեւ համակարգիչ ու ինտերնետ չունեն

Ապրիլ 30,2020 18:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցուցակը ձեռքին զանգահարում էր այն բաժանորդներին, որոնք էլեկտրաէներգիայի պարտքի պատճառով, ըստ այդ ցուցակում եղած տեղեկատվության, հոսանքազրկված են: Զանգահարած առաջին հինգ բաժանորդից միայն մեկ քաղաքացի ասաց, որ բնակարանը հոսանքազրկված է:

Վարչապետը շարունակեց զանգահարել: Կինը, որը պատասխանեց Փաշինյանի հեռախոսազանգին, ասաց, որ միայնակ մայր է, ամուսինը մահացած է եւ այս պահին էլ բնակարանը հոսանքազրկված է՝ պարտքի պատճառով: Փաշինյանը հետաքրքրվեց՝ որ ասել են՝ չեն անջատելու, դրա համա՞ր չեք վճարել: Քաղաքացին նշեց, որ դա էլ է պատճառ հանդիսացել, բայց ավելի շատ անձնական խնդիրներն են եղել պատճառը:

Կինը նշեց, որ երեխան երեք ու կես տարեկան է, կառավարությունից օգնություն էլ չի ստացել, որովհետեւ աշխատող է: Պարտքն, ըստ քաղաքացու 90 հազար դրամ է: Փաշինյանը ցուցակում նշեց, որ այդ դեպքով զբաղվի, այսինքն՝ աջակցի պարտքը մարել:

Բաժանորդներից մեկը հաստատեց վարչապետի տեղեկությունը, ասաց, որ բնակարանը հոսանքազրկված է. «Ունեմ առաջին կարգի հաշմանդամ հայր, երկու անչափահաս տղաներ, ապրում եմ Վարդաշենի հանրակացարանում»:

Վարչապետը հետաքրքրվեց՝ կառավարության աջակցության ծրագրերից արդյոք օգտվե՞լ են: Կինն ասաց՝ ոչ, քանի որ ինտերնետ ու համակարգիչ չունեն, երեխաներն անգամ հեռավար դասապրոցեսին չեն կարողանում մասնակցել. «Հունվարից հոսանքն անջատած է, հարեւանից եմ միացրել, մի փոքր իրենց գումար եմ տալու»:

Վարչապետն ասաց, որ այս դեպքն էլ իր մոտ նշեց, որպեսզի հնարավորության դեպքում աջակցի, գոնե երեխաների դասերի հարցը լուծի:

«Երկու երեխաներիս հետ մնացել ենք անլույս, միայնակ մայր եմ, բայց ոչ մի աջակցություն չեմ ստացել, երեխաներիս անունները չկան, որ դիմում ենք այդ օգնությանը, չեն գտնում երեխաների անունները»,-վարչապետի զանգին ի պատասխան ասաց քաղաքացին, որը դեռեւս հունվար ամսից սկսած 140 հազար դրամի էլեկտրաէներգիայի պարտք ունի: Քաղաքացին վստահեցրեց, որ տանը մի հեռուստացույց ունի, լույս ու «գազի կաթսա», որը միայն երեխաներին լողացնելու համար է միացնում, բայց ամսական 56 հազար դրամի սպառած հոսանքի գումար է գալիս: Կինը նաեւ բողոքեց, որ տանը համակարգիչ չունեն եւ երեխաները հեռախոսով թելադրելով են դասերը պարապում: Վարչապետը խոստացավ զբաղվել, որպեսզի երեխաները ստանան իրենց հասանելիք աջակցությունը եւ նաեւ՝ դասապրոցեսի համար տեխնիկայի հարցը լուծել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930