Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը հայտնեց, թե որ բուհում՝ ինչ քննություն է լինելու

Ապրիլ 30,2020 18:35

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով մանրամասներ ներկայացրեց բուհերի ընդունելության քննությունների եւ կարգի վերաբերյալ: «Բոլոր մասնագիտություններով մեկ քննություն է լինելու, եւ սա արվում է ընդհանուր հակահամաճարակային պայքարի շրջանակներում՝ ավելորդ կուտակումներ թույլ չտալու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով»,-ասաց նախարարը:

Ապա` ընդգծեց. «Արտակարգ դրության ժամանակ յուրաքանչյուրն ինչ-որ չափով զրկանքի ենթարկվում է: Չկա այնպիսի քաղաքացի, որ ինչ-որ բան այս ընթացքում չկորցնի…Դա վերաբերվում է եւ քաղաքական գործիչներին, եւ բիզնեսմեններին, եւ աշակերտներին, եւ ուսանողներին եւ բժիշկներին: Մեկը սրա արդյունքում առողջություն է կորցնելու, մյուսը՝ բիզնեսի մի մասը կամ ողջ բիզնեսը…Ամբողջ աշխարհում այս իրավիճակն է, մեկի ինչ-որ իրավունքն է սահմանափակվելու…Մենք ձգտում ենք այնպես անել, որ այդ իրավունքները առավելագույնս պահպանվեն…Երեք տասնյակից ավել կյանքեր է տարել կորոնավիրուսը»:

Նախարարը հայտնեց, որ այն դիմորդներին, որոնք նախապես հայտագրվել էին մի քանի քննության համար, կվերադարձվի գումարը եւ կպահվի միայն մեկ քննության համար նախատեսված 1500 դրամը. «Գուցե ոմանք մտափոխվել են, կամ օրինակ, միջազգային բուհեր կամ միջազգային պայմանագրերով ընդունելությունը հնարավոր չէ՝ հասկանալի պատճառներով, որոշել են նաեւ Հայաստանում ընդունելությանը մասնակցել, մենք նոր հայտագրում ենք իրականացնելու մայիսի 25-ից մինչեւ հունիսի 15-ը՝ միասնական քննության համար ԳԹԿ կայքում ստեղծված համապատասխան էջում:

Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ ցանկացացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ անվճար ուսուցման եւ վճարովի համակարգերի:Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի՝ մինչեւ երկու անվճար եւ մինչեւ ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրված բոլոր մասնագիտությունների համար սահմանված ընդունելության մրցութային միեւնույն առարկայի քննություն են հանձնում: Այսինքն՝ այս քննություններով կարեւորում ենք մասնագիտության ընտրությունը»:

Արայիկ Հարությունյանը մանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը. «Դիցուք, դուք ուզում եք ընդունվել արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին, ընտրել եք արաբագիտություն մասնագիտությունը: Դուք հենց այդ մասնագիտություն եք ուզում ստանալ: Յուրաքանչյուր ոք, ով դիմի այս մասնագիտության համար, նրան վճարովի եւ անվճար համակարգերի առավելություն է տրվելու: Եվ այլ մասնագիտության համար դիմած դիմորդը նույն հավասար իրավունքները չի ունենալու, ինչ տվյալ մասնագիտության համար դիմածը» :

Ի թիվս այլնի, նախարարը ներկայացրեց, թե յուրաքանչյուր մասնագիտության դեպքում ինչ քննություններ են հանձնվելու: Ասաց, որ ընտրել են առարկաներ՝ փունջ-փունջ մասնագիտությունների համար, որոնք թույլ կտան մասնակցել մեկից ավել մասնագիտությունների մրցույթին: Ու քանի որ ցանկը մեծ է եւ տեղադրվելու է ԿԳՄՍ նախարարության ու ԿՏԱԿ-ի կայքում, պատահականության սկզբունքով մի քանիսը նշեց:

Մասնավորապես հայտնեց, որ լեզվաբանական համալսարաններում եւ ֆակուլտետներում քննությունը օտար լեզվից է լինելու, Տնտեսագիտական համալսարանում ընտրված քննությունը՝ մաթեմատիկան է, ԵՊՀ-ի արվեստի տեսություն եւ պատմություն մասնագիտության համար՝ հայոց լեզու եւ գրականություն գրավոր քննությունը, կրոնագիտության՝ դեպքում հայոց լեզու եւ գրականությունը, պատմության ֆակուլտետում՝ պատմությունը, արեւելագիտության ֆակուլտետում մրցութային քննությունը հայոց պատմությունն է, իրավագիտությունում՝ նույնպես: Ինչ վերաբերում է Պոլիտեխնիկի՝ դիցուք ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա մասնագիտությանը՝ մաթեմատիկայից է գրավոր քննությունը, Ագրարային համալսարանում՝ ագրոէկոլոգիա մասնագիտության համար՝ մաթեմատիկա կամ կենսաբանություն գրավոր քննություն է լինելու:

«Ունեք երկու ամիս՝ լիարժեք պատրաստվելու այդ մեկ քննությանը, 25-45 օր՝ որոշում կայացնելու, թե ինչ մասնագիտություն եք ուզում ստանալ»,- ասաց Արայիկ Հարությունյանը եւ հավելեց, որ անհրաժեշտության դեպքում գուցե եւս մեկ անգամ անդրադառնա թեմային:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930