Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուռենիների կտրոն տնկելով՝ մարդիկ կաշխատեն օրական նվազագույնը 10 հազար դրամ». Վարդան Մելիքյան

Ապրիլ 30,2020 18:14

«Մեր գնահատմամբ՝ մինչև հազար հոգի տասն օր կաշխատեն»,- ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում անդրադառնալով ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմանը, տեղեկացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» կառավարության որոշումը։

Վարդան Մելիքյանը տեղեկացրեց՝ ծրագիրը կիրականացվի վեց մարզերում՝ Սյունիք, Վայոց ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք ու շարունակեց. «Հիմնականում կլինեն բարձրադիր գոտիները՝ ելնելով եղանակային պայմաններից: Քարտեզագրվում են այն գետերը, որոնց ափերին հնարավոր է ունենալ նման անտառաշերտեր: Ծրագիրը կիրականացնեն «Հայանտառը», «Էյ-թի-փի» բարեգործական հիմնադրամը և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը»: Այս կազմակերպությունները կանեն համապատասխան հայտարարություններ հիմնականում այն համայնքներում, որոնց վարչական տարածքներում գտնվելու են գետերը, այդտեղ կտրվեն հայտարարություններ, և մարդիկ կարող են գալ ու դիմել և ընդունվել աշխատանքի»:

Հարցին՝ մեկ օրվա ընթացքում քանի՞ կտրոն կարող է անձը պատրաստել և քանի՞ ծառ տնկել, որպեսզի շոշափելի գումար վաստակի, նախարարի տեղակալը պատասխանեց. «Ծրագրի հիմնական նպատակը սոցիալական խնդիրների մեղմումն է, և բնականաբար, այն գումարը, որ օրական կաշխատեն ծրագրի մասնակիցները, կլինի բավարար մակարդակի վրա: Մենք նախնական մեր աշխատակիցներին խնդրել էինք գնահատել, թե որքան կտրոն կկարողանան տնկել ամեն օր: Պարզվեց նվազագույնը 200 կտրոն հնարավոր է պատրաստել և տնկել, ինչի արդյունքում ծրագրի աշխատակիցները կաշխատեն օրական նվազագույնը 10 հազար դրամ»:

Վարդան Մելիքյանը նաև հայտնեց՝ բացի կտրոնների տնկումից՝ նաև նախատեսվում է ցանկապատում, որտեղ ևս կպահանջվեն աշխատակիցներ. նրանք ևս գումար կաշխատեն:

Ուռենու կտրոններ տնկելու համար մասնագիտական գիտելիքներ պետք չեն: Կազմակերպությունները, որոնք կհամակարգեն աշխատանքները, կիրականացնեն նաև մասնագիտական խորհրդատվություն: Վարդան Մելիքյանի վստահեցմամբ՝ բուն աշխատանքի իրականացումը հատուկ գիտելիք չի պահանջում, ուղղակի կպահանջվի ցանկություն և առողջություն, քանի որ աշխատանքը սարերում է լինելու:

Լրագրողների հարցին՝ իսկ ի՞նչ աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որ օգտագործված դիմակները քամու հետևանքով չհայտնվեն քաղաքներում և գյուղերում, ի՞նչ ծրագիր է մշակվում աղբահանության համար, Վարդան Մելիքյանը պատասխանեց. «Նախարարությունը չունի աղբահանության գործառույթներ, այստեղ անելիքներ ունեն տեղական ինքնակառավարման և տեսչական մարմինները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930