Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը՝ Վլադիմիր Գասպարյանի քրգործի, վենդետաների ու վրեժխնդրության դեպքերի, դատախազի աշխատավարձի ու իր «copy paste»-ի մասին

Ապրիլ 30,2020 18:06

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն է ներկայացնում:

«Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանն ասաց, որ Արթուր Դավթյանը 2017-ի իր զեկույցից նույն հատվածը կրկնել է այս զեկույցում: Նշել է, որ հանցագործությունների չբացահայտման սուբյեկտիվ պատճառներ կան, անհետաձգելի գործողություները ժամանակին չեն կատարում կամ ոչ պատշաճ են կատարում, ապացույցները ոչ պատշաճ են հավաքում, ինչը գործի ելքի վրա բացասաբար է ազդում: Պարզվել է, որ դեպքի վայրի զննության ընթացքում չեն արձանագրվում կարեւոր ապացույցների վերաբերյալ տեղեկություններ, տեսախցիկների արձանագրում եւ այլն: Դավոյանը հարցրեց՝ երկու տարվա ընթացքում ի՞նչ շտկում եք կատարել, որ նույն պարբերությունը կրկնում եք ամբողջովին նույնը:

Ի պատասխան՝ Արթուր Դավթյանն ասաց, որ այդ մեջբերումը, եթե հետ գնա, բոլոր տարիների զեկույցներում կհանդիպի ու պիտի հիասթափեցնի՝ առաջիկայում էլ հնարավոր է տեսնի. «Եթե այդ մեջբերումը չլինի, կնշանակի, որ յուրաքանչյուր քննիչ, հետաքննիչ իդեալական է աշխատում»:

Արփի Դավոյանը նաեւ հարցրեց. «2018-ին բազմաթիվ հրապարակումներ են եղել, ես «Հետքի» երկու հրապարակման մասին եմ ուզում խոսել: Մեկը՝ «Ընտրյալների թաղամասը», որտեղ համայնքային սեփականության հողերը օտարվել են պաշտոնյաների ու մեծ գումարի առանձնատներ կան, երկրորդը՝ «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր»: Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ ունեք այս երկու գործերի վերաբերյալ, ի՞նչ ընթացք եք տվել»:

Արթուր Դավթյանը պատասխանեց. «Վլադիմիր Գասպարյանի դեպքի փաստով գործ է քննվում, ՀՔԾ վարույթում է, նաեւ քաղաքացիադատավարական կարգով քննություն ունի»: Իսկ մյուս նյութի առնչությամբ ասաց. «Ես շատ գաղտնիք չեմ ուզի բացեմ, որ ասում էի Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին պատրաստվում էինք՝ պատրաստում կոչվածը նրան էր վերաբերվում, որ ինչ առիթներ նշված են, այդ դիտանկյունից այդ անձանց ապագա գործընկերների գույքային միավորները ուսումնասիրության առարկա դարձնում ենք, որ պահին ուժի մեջ կմտնի օրենքը, օրենքի գործողությունը կսկսվի իրականացվել»:

Արթուր Դավթյանը խոսեց այն մասին, որ դատախազի աշխատանքը գրավիչ չի աշխատավարձի ու գրաֆիկի առումով ու իրենց պետք է այն ռոմանտիզմը, որից դրդված՝ կգան համակարգ ու գիշեր-ցերեկ կաշխատեն՝ հանուն պետության. «Սովետական տարիներին իրավաբանության ֆակուլտետում առաջին երեք լավ սովորողները նշանակվում էին դատախազությունում, հաջորդ երեքը քննչականում, հաջորդ երեքը՝ ԱԱԾ-ում: Տակը ով պետական պաշտոնների չէր տեղավորվում, փաստաբանությամբ էր զբաղվում»:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հիշեց, որ երբ առաջին կուրսում իրեն հարցրել են՝ ի՞նչ ես ուզում աշխատել, պատասխանել է՝ փաստաբան ու դա առաջացրել է շատերի ծիծաղը: Գլխավոր դատախազն ասաց, որ պետական պաշտոնյան հայրենասիրության ու հպարտության զգացում ունի, որը չունի մասնավոր ոլորտում աշխատողը. «Անունն ինչ ուզում եք դրեք՝ ռոմանտիզմ, թե ինչ, մարդիկ ուղղակի աշխատասենյակներում են քնում: Ի դեմս դատախազների, ունենք հայրենասերների մեծ բանակ»:

Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց ճանապարհատրանսպորտային դեպքերից, արագությո՞ւնն են շատ գերազանցում, թե՞ ալկոհոլային խմիչք են օգտագործում ու վարում: Արթուր Դավթյանը պատասխանեց, որ ուսումնասիրության արդյունքում գալիս են հետեւությունների, որ առաջին պատճառը դեպքերի աճի նախ ավտոմեքենաների թվի աճն է, մեր երթեւեկությունը ծանրաբեռնվել է ու պարզ է, որ այսպիսի պատկեր էր լինելու. «Պատճառների գերակշիռ մասը վարորդների կողմից իրենց վարորդական պարտականություններին ոչ բարեխիղճ վերաբերվելն է: Դրա համար նախաձեռնել էինք, որ այս հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացվի»:

Դավթյանն ասաց, որ պայմանականորեն պատիժները չեն կիրառվում, պետք է վտանգավոր խախտումների համար պատիժը խստացվի, կարմիր լույսի տակով երթեւեկելը, խմած մեքենա վարելը ծանրացնող հանգամանք պետք է լինի:

Վլադիմիր Վարդանյանը նաեւ հարցրեց. «Սպանությունների թվի աճ ունենք, որո՞նք են հիմնական դրդապատճառները, վենդետաներ, տուժողի ոչ իրավաչափ գործողության հետեւանքով կատարված արարքներ, ինչ-որ վերլուծություն կա՞, որ հետեւություններ անենք»:

Գլխավոր դատախազը պատասխանեց, որ կենցաղային պատճառներն են դեպքերի ճնշող մեծամասնությունը, ցավոք, ունենք նաեւ վրեժխնդրության, վենդետայի դեպքեր, որոնք հանրությանը հայտնի են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930