«Ալո, բարեւ ձեզ, Նիկոլն է զանգում Փաշինյան, իմ ձեռքի տակ տվյալ կա, որ ձեր հոսանքն անջատել են: Ե՞րբ են անջատել»,-այսօր այսպիսի հարց ուղղեց վարչապետ Փաշինյանը՝ զանգահարելով մի քաղաքացու, որի բնակարանը հոսանքազրկված է՝ էլեկտրաէներգիայի վարձը չվճարելու պատճառով:
Վարչապետն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ իր ձեռքի տակ էլէներգիայի դիմաց չվճարած եւ հոսանքազրկված բաժանորդների ցուցակն է, որոնցից մի քանիսի հետ ցանկանում է խոսել: Քաղաքացին ասաց, որ արդեն հինգ օր է՝ առանց հոսանքի է: Ասաց նաեւ՝ 82 տարեկան թոշակառու սկեսրայր ունի տանը, ամուսինն էլ ողնաշարի ճողվածքի վիրահատություն է տարել:
«Ես տեսնում եմ, որ հունվարին 25 հազար դրամ պարտք եք ունեցել, փետրվարին էլ՝ 23 հազար դրամ: Որ ասել են՝ չեն անջատելու, դրա համա՞ր չեք վճարել այդ ամիսներին»:
Ի պատասխան քաղաքացին ասաց՝ այո, բայց նաեւ նշեց, որ էլցանցի պետին խնդրել են հոսանքը չանջատել՝ մինչեւ որ թոշակը կստանան ու կվճարեն. «40 հազար դրամ վճարել եմ, բայց դա հաշվի չառան, ասացին՝ մեկ է, պարտք ունեք, պետք է վճարեք»:
Փաշինյանը քաղաքացուն ասաց, որ կօգնեն՝ իր ֆոնդից կվճարեն պարտքը: Պարտքն, ըստ կնոջ, կազմում է 50 հազար դրամ:
Կարդացեք նաև
Կինը վարչապետին պատմեց, որ ընտանիքից միայն ինքն է աշխատում, բնակարանների մաքրությամբ է զբաղվում, որդիներն էլ մշտական աշխատանք չունեն, մեկը՝ ժամանակ առ ժամանակ շինարարությունում է աշխատում, սակայն ներկայումս անգործ է: Մյուս որդին էլ բանակից վերադառնալուց հետո առողջական խնդիրներ ունի, չի կարող աշխատել:
Փաշինյանը փորձեց ցուցակի մեկ այլ բաժանորդի զանգահարել: Պարզվեց՝ հոսանքազրկման տվյալը հին է եւ այդ բաժանորդի էլէներգիան արդեն միացված է: Քաղաքացին հայտնեց, որ օրեր առաջ իսկապես հոսանքազրկված է եղել, բայց բացի բնակարանից՝ նաեւ այդ տարածքում ծառայությունների բիզնես կա: Վարչապետը հետաքրքրվեց՝ ո՞նց են գործերը, ի՞նչ բիզնես է, եւ քաղաքացուց լսելով՝ «գորգերի մաքրման ծառայություն, փառք Աստծո լավ» պատասխանը, ոգեւորվեց՝ հա՞, շարժ եք զգում: Անհայտ բաժանորդը Փաշինյանին ասաց, որ արդեն շատ զանգեր ունեն, եւ հոսանքի անջատում եղել է, բայց վճարել են ու հիմա հոսանք էլ ունեն՝ պատվերներ էլ:
Բաժանորդներից մեկը, լսելով՝ «Նիկոլն է Փաշինյան ձեզ հետ խոսում» արտահայտությունը՝ պատասխանեց. «Ես հինգ երեխա ունեմ, իննը թոռ ունեմ, բայց տղաս երկու ամիս է՝ չի աշխատում, խոհարար է»: Վարչապետի ճշտող հարցին՝ օգնություն չի՞ ստացել, կինը պատասխանեց, որ կառավարությունից 300 հազար դրամ ստացել են, սակայն երկու ամսվա ընթացքում պարտքեր են կուտակել եւ այդ գումարից պարտքերն են մարել: Կինը ասաց, որ այդ օգնության գումարից կվճարի նաեւ կուտակած էլեկտրաէներգիայի պարտքը:
Տիկնոջ հետ խոսակցությունը տեղափոխվեց այլ հարթություն, վարչապետը լացի ձայն լսելով` հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է երեխան լալիս: Կինն ասաց, որ ատամն է ցավում, որ երեխային պատրաստվում են տանել բժշկի:
Մեկ այլ բաժանորդ էլ, որը ո՛չ պարտք ուներ ո՛չ էլ բնակարանն էր հոսանքազրկված, ասաց, որ իր համար հասկանալի չէ՝ ինչպես է հայտնվել պարտքացուցակում: Վարչապետի հարցուփորձին, ո՞վ է, ի՞նչ է, ինչո?վ է զբաղվում, քաղաքացին չէր ցանկանում տվյալներ հայտնել: Բայց երկար հարցուփորձից հետո ասաց, որ «ստոմատոլոգ» է: Բժիշկն ասաց, որ սկզբում չէր հավատում, որ իսկապես վարչապետն է զանգել, որովհետեւ նախկինում Փաշինյանի անունից զանգեր ու հարցուփորձ է եղել: Փաշինյանն ասաց, որ ինքն էլ է նման բան լսել, որ իր անունից զանգում են մարդկանց, ապա հիշեց նախորդ հեռախոսազանգի ընտանիքի երեխային: «Իսկ կարո՞ղ է մի երեխայի օգնեք»,-հարցրեց վարչապետը: Ի պատասխան բժիշկն ասաց, որ ինքը մարզում է բնակվում եւ դժվար թե կարողանան երեխային հասցնեն մարզ:
Փաշինյանի ցուցակի հինգերորդ բաժանորդն էլ վարչապետին հայտնեց, որ հոսանքը երբեւէ անջատած չի եղել, բայց էլցանցը նախազգուշացրել է՝ վճարել: Քաղաքացին ասաց, որ կորոնավիրուսի պատճառով ներկայումս հեռավար են աշխատում եւ գործատուն շարունակում է վճարել, բայց կինը աշխատանքից զրկվել է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Իր ֆեյսբուքյան էջում, վարչապետի նախաձեռնությանն արձագանքեց Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ գրելով, որ Էլեկտրաէներգիան չվճարած քաղաքացիների ցանկն ու իրենց հեռախոսի համարները անձնական տվյալ են: Դրանք որեւէ օրինական ճանապարհով չէին կարող հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքում. «Առերևույթ գործ ունենք ՓՌ-ի համար անձնական տվյալների ապօրինի մշակման հետ: Համապատասխան գրությունները քիչ անց կուղարկենք վարչապետի աշխատակազմ ու ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն»:
Իոաննիսյանին հարգում եմ։ Այն երևույթների և գործող անձանց մասին խոսելը, որի համար նախկին իշխանությունների օրոք կյանքով և ազատությամբ էին հատուցում համարձակները, նա միշտ արտահայտել է իր կարծիքը։ Բայց տվյալ դեպքում, օրինականությանը հետևելը կարծես թե մանյակային դրսևորման է վերածվել։ Ի՞նչ է նշանակում, թե անձնական տվյալների անօրինական հավաք է կատարվել։ Մարդիկ, որոնք միգուցե ունեն օգնության խիստ կարիք և այս պահին զրկված են էլեկտրաէներգիայի ու գազի օգտագործման հանարավորությունից ու հայտնվել են «քարե դարում», անչափահաս երեխաների, հիվանդ, տարեց մարդկանց ընտանիքում առկայության դեպքում, վարչապետը փորձում է այդպիսի մի քանի մարդու անձամբ օգնել, երբ մասսայական օգնության ծրագրերից դուրս են մնացել։ Ի՞նչ վատ բան կա սրա մեջ։ Կամ եթե ես չեմ հասկանում, թե սրա մեջ ինչ վատ բան կա, թող Իոաննիսյանը կապվի «տուժածների» հետ ու սկզբից ճշտի, վարչապետի զանգից նրանք վրդովվել են, թե ուրախացել, նոր հետո հիմարագույն ռեմարկ մտցնի իր կողմից։