Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդում ներկայացրեց: Այն բաղկացած է 186 էջից:
Արթուր Դավթյանն ասաց, որ 2019թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք (2018թ.՝ 24.678), որոնցից 14.961-ը (2018թ.՝ 13.067)՝ Երեւան քաղաքում: Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2172-ով կամ 8.8%-ով (2018թ.՝ 2266-ով կամ 11.2%-ով): Հանցագործությունների աճը, ըստ Դավթյանի, 2019-ին պայմանավորված է սեփականության դեմ ուղղված հանցագործություններով, գողությունների դեպքերով, ճանապարհային երթեւեկության խախտումներով ու դա գնահատում են մտահոգիչ:
Դավթյանը խոսեց սպանության դեպքերի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին: 2019-ին դատարան ուղարկված կոռուպցիոն գործերը 58,9 տոկոս ավելի են, քան 2018-ին է եղել: Քննված գործերով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը կազմվել է շուրջ 105,7 մլրդ դրամ: Դատախազը նշեց, որ իրենց հաջողվել է կոռուպցիոն սխեմաներ բացահայտել: Դրանք վերաբերվել են պետական կառավարման, ՏԻՄ մարմիններում, ուսումնական հաստատություններում աշխատակիցների գրանցման ու աշխատավարձերի դուրս գրման դեպքերին: Սխեմատիկ կոռուպցիոն դեպքերի բացահայտումներ են եղել նաեւ աճուրդով պետական, համայնքային գույքի օտարման գործընթացներում: Հայցեր են ներկայացրել այդ աճուրդները չեղյալ համարելու եւ գույքը պետությանը վերադարձնելու:
Արթուր Դավթյանն ընդգծեց, որ վերջերս ընդունված ապօրինի գույքի բռնագանձման օրենքը իրենց նոր գործիքակազմ կտա՝ սոցիալական արդարություն սահմանելու համար ու ասաց, որ հանրության ակնկալիքները բավարարելուն ուղղված լուրջ քայլեր են պատրաստվում անել:
Կարդացեք նաև
«Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարցրեց՝ 260 հազար հաղորդում է եղել հանցագործության մասին ու հարուցվել է շուրջ 26 հազար. «Բնական է, չէր կարող 240 հազար գործ անհիմն լինել, խնդիրը ո՞րն է, որ քաղաքացիները դիմել են ու ընթացք չի տրվել, նախաքննական մարմինների բացթողո՞ւմն է»: Արթուր Դավթյանը պատասխանեց, որ հանցագործության դեպքն ու հաղորդումները համադրելի թվեր չեն. «Մարդիկ հարեւանական, իրար մեջ չկիսելու ամենապարզ հարցերից սկսած՝ բարձրացնում են»:
Սիսակ Գաբրիելյանը նաեւ հարցրեց՝ ՊԵԿ-ում, տարբեր մարմիններում հանցագործություններ են բացահայտվել, իսկ 2019-ին դատախազների նկատմամբ կաշառք վերցնելու կամ այլ գործ հարուցվե՞լ է: Արթուր Դավթյանը պատասխանեց, որ ինքնամաքրման գործընթացը շատ խիստ է իրենց մոտ. «Մենք 50-ից ավելի կարգապահական վարույթներ ենք հարուցել 2019-ին, մոտ 10 կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքեր, ընդ որում, 2020-ին ամենախիստ կարգապահական տույժն ենք կիրառել՝ պաշտոնից ազատում: Անցյալ տարի դատախազի կողմից կաշառք վերցնելու դեպք ունեցանք, որի առաջին իսկ պահից ես եմ հետեւել, որ լուրջ բացահայտումներ լինեն: Իմ համար կարեւոր է, որ ամեն անգամ, երբ ասում ենք՝ չի ներվելու այս տեսակ վարքագիծ, մարդիկ կոնկրետ օրինակով տեսնեն»:
«Իմ քայլը» խմբակցությունից Նազելի Բաղդասարյանը հարցրեց գործերի ձգձգումից՝ ասելով, որ ենթադրվում են, որ որոշակի գործընթացներ քողարկվում են: Մասնավորապես, Շիրակի պետական համալսարանի խնդրի օրինակը բերեց: Արթուր Դավթյանը պատասխանեց, որ ձգձգումը միշտ էլ կարող է այդպիսի տպավորություն թողնել, բայց օբյեկտիվ պատճառներ կան՝ կոնկրետ քրգործի մեծ ծավալը, քննիչի վարույթում եղած գործերի քանակը: Կոնկրետ համալսարանի գործով հարցաքննելու անհրաժեշտություն կար շուրջ 5000 անձի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ