Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմոկրատիայի եւ թեոկրատիայի համակարգերի դիմաբախումը Միջին Արևելքի տարածաշրջանում (Մաս 1)

Ապրիլ 30,2020 16:47

Իրանի և 5+1 խմբի միջև 2016 թվականին միջուկային հարցով կայացած Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն՝ Իրանի նկատմամբ նախքան այդ սահմանված սպառազինության էմբարգոն ավարտվում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին: Սա նշանակում է, որ դրանից հետո Իրանը կկարողանա իր անվտանգությունն ապահովելու համար զենք գնել արտասահմանյան երկրներից կամ զենք արտահանել արտասահման: Սա փաստորեն, ՀԳՀԾ-ից մնացած միակ նպաստավոր կետն է, որն Իրանին թույլ է տալիս սպառազինության ոլորտում ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի և միջազգային իրավունքի շրջանակում, իր սպառազինության օրինական կարիքները հայթայթել միջազգային շուկայից։

Վերջին օրերին New York Times- ի հաղորդման համաձայն, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, նշելով, որ Վաշինգտոնը եղել է Իրանի միջուկային համաձայնագրի մասնակիցներից մեկը, հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության իրավաբանական թիմը փորձում է ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկել Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու և նույնիսկ խստացնելու հարցը: Նախագծի համաձայն, ԱՄՆ-ը հայտարարել է, որ Վաշինգտոնը օրինականորեն դեռևս անդամակցում է միջուկային գործարքին և նպատակ ունի օգտագործել ձգանի մեխանիզմի սպառնալիքը, որով կարող է վերականգնել ՀԳՀԾ-ից առաջ Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցները: Այս նախագծի համաձայն, Դոնալդ Թրամփի կառավարությունը ջանքեր է գործադրում ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև հաստատել, Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու ուղղությամբ:

ԱՄՆ-ի Պետքարտուղարի վերջին հայտարարությունը խիստ զայրացրել է Իրանի իշխանություններին և պետական համակարգի տարբեր օղակներից իրանցիները ինչպես միշտ՝ արձագանքել են ԱՄՆ-ի հակաիրանական հայտարարությանը։ Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Սեյեդ Հոսեյն Նաղավի Հոսեյնին ասել է, որ Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ, ամերիկացիները չեն կարող հղում անել ՀԳՀԾ-ին:

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Նաղավի Հոսեյնին ասել է. «Իրանի ատոմային ծրագրի վերաբերյալ կարող է խոսել միայն ՀԳՀԾ-ի անդամ հանդիսացող երկիրը: Սակայն, ԱՄՆ-ը ոչ միայն դուրս է եկել համաձայնագրից, այլև դեմ է արտահայտվել դրան»:

Նա ընդգծել է, որ Իրանի գործողություններից ոչ մեկը չի հակասում ՀԳՀԾ-ին: «Իրանը ՀԳՀԾ-ի ամենահավատարիմ անդամն է, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցները դա հաստատել են»- հավելել է Նաղավի Հոսեյնին:

Իհարկե, Նաղավիի հայտարարությունը լիովին չի համապատասխանում ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ավելի վաղ Իրանի նկատմամբ ընդունված 2231 բանաձևին, քանի որ ԻՀՊԿ-ը հենց վերջերս բալիստիկական զարգացած հրթիռով ուղեծիր է ուղարկել ռազմական «Նուռ» արբանյակը։ Իրանի այս քայլին խիստ հակազդել է Վաշինգտոնը։

Ավելին, Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Հոսեյն Սամիմին հայտարարել է, որ Իրանում տեղայնացվել է տիեզերական համակարգերի տարբեր տեսակի շարժիչների կառուցման տեխնոլոգիան: Անկասկած այս շարժիչները կարող են օգտագործվել միջին և հեռահար բալիստիկական ռազմական հրթիռներում, որոնք Իրանի հրթիռային ծրագրերի զարգացման զգալի մասն են կազմում՝ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի տեխնոլոգիական աջակցությամբ։ Այս նախագծի նշանակության մասին, Սամիմին ասել է. «Այս շարժիչների տեխնոլոգիայի զարգացումը, թույլ կտա տիեզերական բեռնվածքների և ապագա տեղական արտադրության արբանյակների համար սահմանել բազմազան ու ընդլայնված առաքելություններ»:

Անկասկած, իրանցի քաղաքական և գիտական պաշտոնատարների հակասական հայտարարությունը չի կարող աննկատ մնալ ԱՄՆ-ի ռազմական փորձագետների հայացքից և դա հանգել է նրան, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությանը, այս պահին որոշել է միջոցներ ձեռնարկել Իրանի ռազմական տիեզերական և հրթիռային ծրագրերը կանխելու և Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու ուղղությամբ:

Վստահաբար կարող ենք ասել, որ Իրանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոյի չեղարկումը կնպաստի Ռուսաստանին և Չինաստանին իրենց սպառազինական արտադրությունները վերսկսել Իրանի հետ և մյուս կողմից Իրանին թույլ կտա ՀՕՊ արդիական համակարգեր և թերևս 4-րդ և 5-րդ սերնդի ռազմական կործանիչներ գնել վերոնշյալ գերտերություններից, ինչին խիստ կարիք ունի ԻԻՀ-ը։ Նոր սերնդի ռազմական կործանիչների ավելացումն Իրանի 40 տարուց ի վեր արդեն հնացած օդուժի համակարգին, Իրանին թույլ կտա ավելի ընդլայնել ռազմավարական նշանակություն ունեցող խորությունը Միջին Արևելքի տարածաշրջանում և ԱՄՆ-ի հետ անխուսափելի ռազմական բախման ժամանակ խոցել ԱՄՆ-ի և նրա արաբական դաշնակիցների թիրախները Պարսից ծոցում։ Հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակի տարածման ֆոնին նավթի համաշխարհային գների զգալի անկումը, Ռուսաստանին և Չինաստանին խիստ ձեռնտու է վերսկսել սպառազինության արտահանումը դեպի Իրան, քանի որ նշյալ երկրներից հատկապես Ռուսաստանը խիստ կարիք ունի արտարժույթի, իր նավթային եկամուտները փոխարինելու համար, սակայն չնայած Իրանը նույնպես խիստ կարիք ունի իր անվտանգությունն ապահովելու համար ներմուծել ծանր զինտեխնիկա և արդիական կործանիչներ, սակայն նավթի գնի անկման և կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով փաստորեն արտարժույթ չունի զենքերի գինը վճարելու համար։ Հավանաբար դրա դիմաց Իրանը կփորձի կասպիական ծովի ավազանում և երկրի տարբեր շրջաններում նավթային և այլ տնտեսական արտոնություններ տալ Ռուսաստանին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն, Իրանը կարող է վերսկսել սովորական զենքի վաճառքն ու գնումը ՀԳՀԾ-ի կիրառումից 5 տարի անց, իսկ երեք տարի անց՝ կթույլատրվի ծանր զենքի և հրթիռների գնումը: Իրանին զենքի վաճառքի վերսկսումը մեծ մտահոգություն է առաջացրել տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների համար, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից հովանավորվող շիա զինյալ խմբավորումները հարձակումներ են իրականացրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ու նրա արաբական ու արևմտյան դաշնակիցների թիրախների դեմ:

Թեև Իրանի սպառազինության էմբարգոյի չեղարկումը մտահոգություն է առաջացրել տարածաշրջանում, սակայն դրա կանխումը ևս շատ բարդ գործընթաց է ՄԱԿ-ի Ախ-ում: Քանի որ զենքի էմբարգոյի չեղարկումը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մի մասն է: Սակայն, ԱՄՆ-ը նպատակն այն է, որ ձգանի մեխանիզմի իրականացումով կամ զենքի էմբարգոյի երկարաձգման պահանջով՝ Իրանի միջուկային և հրթիռային ծրագրով մտահոգված կամ շահագրգռված մյուս կողմերին ներգրավի ԱՄՆ-Իրան տարածաշրջանային հակամարտության մեջ։

Հատկանշական է, որ կորոնավիրուսի համավարակի գլոբալ տարածման համատեքստում Իրանի միջուկային և հրթիռային ծրագրի հարցը ժամանակավորապես անցել է լուսանցքի տակ և Եվրոպայի կողմից զգալի դինամիկա չի նկատվում այս հարցի շուրջ։ Ստեղծված առիթից օգտվելով Իրանի հոգևոր արմատական իշխանությունները և ԻՀՊԿ-ի ռազմատենչ հրամանատարությունը փորձում են անտեսելով երկրի ներսում առկա տնտեսական դժվարությունները զարկ տալ հրթիռային և սպառազինական ծրագրերի զարգացմանը տարբեր ոլորտներում և դրա վառ օրինակը վերջերս ԻՀՊԿ-ի կողմից ռազմական արբանյակի տեղադրումն էր տիեզերքում։

Ակնհայտ է, որ Իրանն ու Եվրոպան վերջին երկու տարիներին ապաստան են գտել ՀԳՀԾ-ի վահանի հետևում: Թեհրանը հույս ունի, որ շուտով կավարտվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության ժամանակաշրջանը և կկարողանա ազատվել Թրամփի վարչակազմի տնտեսական ճնշումներից ու շարունակել իր քաղաքական ու կրոնական նկրտումները տարածաշրջանում։ Իսկ Եվրոպան հուսով է , որ Դոնալդ Թրամփից հետո կարող է ՀԳՀԾ-ի համար գտնել այլընտրանքներ:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով Իրանի դեմ սպառազինությունների էմբարգոն չեղարկելու համար նախատեսված կարճ ժամանակահատվածը, ԱՄՆ-ի համար անհնար է մնալ առկա անշարժ վիճակում: Քաղաքական փորձագետների կարծիքով ակնկալվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը դեմ են ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ին առաջադրվող բանաձևին, բայց որոշ դիվանագետներ ասում են, որ ԱՄՆ պլաններ չունի խափանելու ձգանի մեխանիզմը: Իհարկե այս մեխանիզմը կարող է ինքնաբերաբար վերականգնել Իրանի դեմ կիրառվող բոլոր միջազգային պատժամիջոցները։ Սակայն, հարց է առաջանում՝ ներկայիս պայմաններում, մի կողմից Եվրոպայի և մյուս կողմից Իրանի ու նրա մեղմ ասած դաշնակիցներ՝ Ռուսաստանի և մասամբ Չինաստանի հետ երկակի խաղի մեջ մտնելով ԱՄՆ-ը ինչ նպատակ է հետապնդում։

Որոշ փորձագետներ նաև կարծում են, որ Միացյալ Նահանգները աշխատանք է տանում ձգանի մեխանիզմը գործադրելով Իրանին ներգրավել սպառազինության մրցավազքի մեջ Միջին Արևելքի տարածաշրջանում։ Փաստորեն, Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգումը կամ չեղարկումը միանշանակորեն Իրանի իշխանությունների ախորժակը կգրգռի, ԱՄՆ-ի ձգանի մեխանիզմին դիմակայելու և իսլամական համակարգի անվտանգությունը և գոյությունը պահպանելու համար օրինական կամ ապօրինի միջոցներով ձեռք բերել առավել նոր տեսակի սպառազինություն։

Ինչպես ակնկալվում է, Ռուսաստանը բացարձակապես և Չինաստանը վերապահումով կընդդիմանան բանաձևին, քանի որ Ռուսաստանը հենց հիմա խոսում է Իրանին զենք վաճառելու մասին: Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման ԱԽ-ի բանաձևի նկատմամբ Ռուսաստանի վաղաժամ ընդդիմությունը ավելի շատ է Իրանին մղում դեպի սպառազինության մրցավազքի մեջ ներգրավելու մեջ, քանի որ Իրանը վստահելով Ռուսաստանի և Չինաստանի իրանամետ դիրքորոշման վրա կփորձի ավելի շատ դոլարներ հատկացնել առաջիկա ամիսներին այդ երկու տերություններից սպառազինության գնելու համար։

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունից անմիջապես հետո, Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր նախագծի շուրջ։ Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խորհրդակցել են ԱՄՆ-ի նոր նախագծի շուրջ և դատապարտել այն:

Արձագանքելով ԱՄՆ-ի վաղահաս վտանգի լրջությունը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ տարածաշրջանի և ջրային տարածքի անվտանգությունը կարևոր է Իրանի համար, սակայն ԱՄՆ-ի վտանգավոր քայլերը կարող են ապակայունացնել Պարսից ծոցի տարածաշրջանը:

Իսկ ինչպես ասում են՝ սա միակողմանի ճանապարհ չէ և հետկորոնավիրուսային աշխարհում, միջազգային հարթակում դերակատար երկրներին դարձյալ մտահոգելու է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը սպառնացող խնդիրները։ Իրանի ներգրավումը սպառազինական մրցավազքի մեջ, Միջին Արևելքի տարածաշրջանում Թեհրանի շիական համակարգի թշնամիներին կստիպի իրենց սունի պահպանողական ռեժիմները շիա Իրանի սպառնալիքներից ապահով պահելու համար ավելի շատ դոլարներ ծախսել արևմտյան և ամերիկյան սպառազինություն գնելու համար և սա նշանակում է ամերիկացի և եվրոպացի ռազմական և անվտանգության մասնագետների առավել զգալի ներկայությանը Պարսից ծոցի տարածաշրջանում։

Նման պայմաններում ԱՄՆ-ը առաջ է քաշել 2020թ. հոկտեմբերի 18-ից հետո Իրանի դեմ սպառազինական պատժամիջոցների շարունակման սցենարը և հայտարարել է, որ շարունակում է մնալ ՀԳՀԾ-ի անդամ:

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930