Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Քրեական օրենսգրքում» փոփոխություն անելու նախագիծ ներկայացրեց: Օրինագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում հորդորելու, խաբեությամբ վստահությունը չարաշահելու, խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար բռնություն գործադրելու կամ բռնության սպառնալիքի կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հարկադրելու կամ հակելու համար:
Այս արարքների համար կպատժվեն նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ կալանքով առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ 1-4 տարի ժամկետով: Ավելի խիստ պատիժ է սահմանվում, եթե նույն արարքը կատարում է բուժաշխատողը: Այս դեպքում 2-5 տարի ազատազրկում է սպառնում, նաեւ պաշտոններ զբաղեցնելու արգելք:
Նախագծի նպատակն է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի պաշտպանությունը, որ ծնողից երեխային չկարողանան հարկադրաբար զրկել:
Ակնհայտ է, որ այս օրենքի նախագիծը բերվել է՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված աղմկահարույց գործի համատեքստում ու դրա մասին նշեց նաեւ նախարարը՝ ասելով, որ նման դեպքերը, արատավոր երեւույթները կկարողանան կանխել:
Կարդացեք նաև
Զարուհի Բաթոյանը վիճակագրություն ներկայացրեց, ըստ այդմ, 2018-ին հրաժարվել են 0-1 տարեկան 33 երեխայից, 2019-ին՝ 34 երեխայից, իսկ 2020-ի մարտի 1-ի դրությամբ, այսինքն՝ առաջին եռամսյակում հրաժարվել են 1 երեխայից: Դրան նախորդող տարիներին հրաժարվել են տարեկան 50-ից ավելի երեխաներից:
«Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանն ասաց, որ հղիության ընթացքում, ծննդաբերության ընթացքում կինը խոցելի է լինում, շոկային վիճակում ու եթե մի քիչ էլ սոցիալական խնդիր ունենա, նրան առաջարկեն հրաժարվել երեխայից, հնարավոր է` գնա այդ քայլին. «Նրան կարող են բացատրել, որ քո երեխայի համար լավ պայմաններ կապահովենք: Այս նախագիծն իրոք լավն է ու կարող է բացառել դեպքերը, երբ չկողմնորոշված ծնողների խոցելի վիճակն օգտագործեն ու նրանց զրկեն մայրական իրավունքներից»:
«Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ այն հրեշավոր դեպքերի համատեքստում, որի մասին իմացանք, սա շատ լավ նախագիծ է. «Մայրերին ստիպել են, հարկադրել են որոշ դեպքերում հրաժարվել իրենց երեխաներից, հետագայում երեխաները հանձնվել են որդեգրումների: Այս տեղեկությունները, որոնք տարածվեցին մամուլով, իսկապես հրեշավոր էին ու իսկապես ահազանգ էին, որ նման խայտառակ գործելաոճը պետք է ենթակա լինի պատասխանատվության: Նման հրեշավոր դեպքերը պետք է կանխարգելվեն»:
Զարուհի Բաթոյանն անկեղծացավ, որ այս դեպքերի հետ կապված նամակները կարդալը բավականին դժվար է. «Մենք նման բազմաթիվ դեպքերի ենք հանդիպում, հիմա էլ ինձ հետ են այդ պատմությունները, երբ տարիներ առաջ կինը պատմում է, թե ինչպես են իրեն տարբեր ճնշումների միջոցով բռնության ենթարկել ու ստիպել հրաժարվել իր երեխայից: Ու հիմա կանայք դիմում են մեզ՝ խնդրելով գտնել իրենց երեխային: Մենք, ունենալով ամբողջ պատմությունը երեխայի որդեգրման, կյանքի, իրավունք չունենք այդ տեղեկատվությունը տրամադրել ծնողին ու որեւէ կերպ օգնելու նրան: Այս պատմությունները բազմաթիվ են: Եթե նման մեխանիզմներ ունենայինք, այս դեպքերը կկանխարգելվեին միանշանակ: Երբ զրուցում ենք այսօր արդեն նույնիսկ չափահաս դարձած երեխաների ծնողների հետ, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հետ, համոզվում ենք, որ նրանց մեծ մասը, գրեթե յուրաքանչյուր ծնող նշում է, որ իրենք նման «խորհուրդներ» են լսել ու շատ են եղել դեպքերը, երբ որեւէ մեկը կամ մի բարի խոսք, մի մասնագետ այդ քայլից հետ է պահել: Այդ խոցելի ժամանակահատվածում շատ կարեւոր է նման կարգավորում ունենալը»:
Նախարարությունը մտածում է այլ կարգավորում էլ հետագայում սահմանել՝ արգելել երեխայից հրաժարվելը մինչեւ երեխայի 6 շաբաթը լրանալը: Ըստ Բաթոյանի, սա այն ժամանակահատվածն է, երբ ծնողը կկարողանա շոկային վիճակից դուրս գալ ու կայացնել որոշում. «Մենք նաեւ այս տարի դեպք ենք ունեցել, երբ 4 շաբաթ անց ծնողը վերադարձրել է իր երեխային»:
Նախագծին միաձայն «կողմ» քվեարկեցին ու այն դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ