«Ալեն Սիմոնյանն արդեն արձագանքել է եւ ներողություն հայցել, կարծում եմ՝ այդ առումով թեման փակված է, նա իրեն արժանապատիվ կերպով է դրսեւորել»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով օրերս ԱԺ նիստում «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ անպարկեշտ արտահայտություններին նախորդածին, երբ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի հասցեին Ալեն Սիմոնյանը որոշակի արտահայտություններ հնչեցրեց:
Մակունցն ընդգծեց. «Բայց մենք սեռական բնույթի հայհոյանք հնչեցնողի կողմից ներողություն չենք լսել, սա նույնպես արձանագրեք»:
Հավելենք, որ Անի Սամսոնյանը Լիլիթ Մակունցի այսօրվա ասածի վերաբերյալ սոցցանցի իր էջում հետեւյալ գրառումն է կատարել. «Ես ուրախ եմ, որ դուք հարգում եք մարդու պատվի և արժանապատվության իրավունքը և դատապարտում եք դրա դեմ ոտնձգությունները։ Մենք էլ։ Բայց որտեղ եք եղել Դուք այս մեկ ու կես տարին, որ չեք նկատել Ազգային ժողովի բարձր ամբիոնից Ձեր խմբակցության անդամների վիրավորանքները և զրպարտությունները «Լուսավոր Հայաստանի» և նրա անդամների նկատմամբ։ Ըստ այդմ, ես երկու առաջարկ ունեմ Ձեզ։
Եթե այդքան ցավագին եք ընդունել ԱԺ նախագահի տեղակալի պատվի և արժանապատվության դեմ Ձեր նշած ոտնձգությունները, ապա ստեղծեք խորհրդարանում Էթիկայի հանձնաժողով, որը կքննի Էդմոն Մարուքյանի հնչեցրած պատասխանը Ալեն Սիմոնյանին։ Բայց։ Միևնույն ժամանակ կքննվի նաև «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ հնչեցրած զրպարտությունները առ այն, որ մենք Միքայել Մինասյանի պրոյեկտն ենք։ Եթե չապացուցեցիք և փաստեր չներկայացրեցիք /արդեն մեկ տարի ու կես դատարկ օդ եք կրակում/ իշխանության 87 պատգամավորներով՝ Ձեր գլխավորությամբ, կմոտենաք Ազգային Ժողովի ամբիոնին և ներողություն կխնդրեք «Լուսավոր Հայաստանից»։ Երկրորդ առաջարկս հետևյալն է։ Գնացեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և նրան ասեք, որ Դուք չեք կարողացել և չեք կարողանում ղեկավարել իշխող խմբակցությունը, որովհետև չեք տիրապետում վիճակին և չեք կարողանում կարգուկանոն հաստատել «Իմ քայլը» իշխող խմբակցությունում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ