Լրահոս
Օրվա լրահոսը

Մակունցի վարկածով՝ Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան միջադեպի հետեւում գուցե ինչ-որ մարդիկ են կանգնած

Ապրիլ 30,2020 16:05

«Կարեւոր է, որ այս միջադեպը չպետք է դիտարկել որպես առանձին դեպք, որովհետեւ այն հետեւանք է հանրային սպառնալիքի, բռնության կոչերի, սեռական բնույթի հայհոյանքների, արժանապատվությունը ոտնահարող հայտարարությունների, որոնք առցանց տիրույթից տեղափոխվել են «օֆլայն» տիրույթ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցածին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը:

Նա նկատեց. «Որեւէ կերպ չարդարացնելով եւ հավատարիմ մնալով բռնության մերժմանը՝ այս միջադեպն այդ համատեքստում պետք է դիտել: Հիշենք այս շղթայի մյուս դեպքերը՝ Արթուր Իսպիրյանին եւ Ստյոպա Սաֆարյանին առնչվող միջադեպը»,-նշեց Մակունցը: Նրա խոսքով. «Քաղաքացու արժանապատվության, անվտանգ ապրելու կարեւորության մասին է շեշտադրումը: Եթե քաղաքացիների արժանապատիվ ապրելու համար իրավապահներին պետք է ավելի մեծ գործիքակազմ օրենքի շրջանակներում, ԱԺ-ն, իհարկե, պատրաստ է այդ առումով օժանդակել»:

Պատգամավորը հավելեց՝ Ալեն Սիմոնյանի եւ մյուս կողմի գործողությունների առնչությամբ իրավական գնահատական չի հնչեցնում, սակայն ուշադրություն է հրավիրում ընդհանուր պատկերին. «Ես սա չեմ դիտարկում որպես միայն Ալեն Սիմոնյանին առնչվող դեպք, այլ որպես ՀՀ քաղաքացիներին: Սիմոնյանն ասաց՝ զղջում է, որ ստիպված է եղել նման կերպ արձագանքել: Գնահատական կտան իրավապահները, բայց իմ անձնական կարծիքով՝ հատկապես վերջին օրենքներից մեկը, որն ընդունվեց ապօրինի ստացված գույքի մասին ու դրան հետեւած Սիմոնյանի հրապարակային ելույթները կապված են տեղի ունեցածի հետ…»:

Հարցին՝ «ակնարկում եք, որ ինչ-որ մարդի՞կ են այս ամենի հետեւում», Մակունցը դրական պատասխան տվեց. «Այո, մարդիկ, ովքեր ապօրինի գույք են ձեռք բերել, անուններ չեմ հնչեցնում, բայց կարծում եմ՝ այո, այն անձանց մասին է խոսքը, որոնք ապօրինի գույքի հետ կապված մտահոգություններ ունեն: Սիմոնյանի հայտարարությունները նրանց այնքան էլ դուր չեն եկել: Սա վարկած է եւ իմ կարծիքը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930