ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է խորհրդարանական լսումներ իրականացնելու լայն հնարավորություններ տալ:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 125 հոդվածը սահմանում է խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց ցանկը, համաձայն որի, ի թիվս այլ անձանց՝ լսումներ կարող է իրականացնել նաեւ խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով: Ընդ որում` խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում:
Հիշեցնենք, որ Էնֆիաջյանը նման նախագիծ էլի էր ներկայացրել ու մերժվել: Այն ժամանակ էլ առաջարկում էր ԱԺ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ փոխխոսնակներին տալ հնարավորություն լսումներ հրավիրելու, որովհետեւ դրա իրավունքն ունի ԱԺ նախագահը, իրենք չունեն:
Ըստ Էնֆիաջյանի, ակնհայտ է, որ խմբակցությանը վերապահված խորհրդարանական ընդամենը մեկ լսում հրավիրելու օրենսդրական հնարավորությունը բավարար չէ: Սա խորհրդարանական կառավարման երկիր է ու խորհրդարանի դերը պետք է բարձրացնել:
Կարդացեք նաև
Որեւէ որոշում կայացնելուց առաջ քաղաքացիներին առնվազն պետք է հնարավորություն տրվի արտահայտվելու եւ լսելի լինելու: Պատգամավորը գտնում է, որ բողոքի ցույցերին բանը չի հասնի, եթե մինչ այդ լսեն ու հաշվի առնեն քաղաքացիների տեսակետը: Առաջարկվում է խմբակցության համար սահմանել յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում խորհրդարանական երեք լսում իրականացնելու հնարավորությունը:
Հանձնաժողովի անդամները հետաքրքրվեցին՝ նախադեպ եղե՞լ է, որ ուզենաք լսումներ հրավիրել ու այս սահմանափակումը խանգարել է: Էնֆիաջյանը պատասխանեց, որ երբ իրացման գոտու բնակիչները բողոքում էին, չկարողացան բոլորին ներգրավել ու բոլորին լսել՝ Հյուսիսային պողոտայի, Կոնդի, Եկմալյանի բնակիչներին:
«Իմ քայլից» Սերգեյ Ատոմյանը հարցրեց, թե ո՞նց են հաշվել, որ 3 լսումը մեկ նստաշրջանում բավարար է, կարող է պարզվի՝ 4 է պետք: Էնֆիաջյանը պատասխանեց, որ հաշվի են առել քառօրյա նիստերի քանակը:
«Իմ քայլից» Վահագն Հովակիմյանն ասաց, որ աշնանային նստաշրջանը 3 ամիս է, գարնանային նստաշրջանը՝ 5 ամիս ու եթե հաշվի առնենք, որ 3 խմբակցություն կա, նշանակում է՝ 9 լսում կարող է լինել մեկ նստաշրջանի ընթացքում: Եթե հանձնաժողովներն էլ են այս հնարավորությունից օգտվում, իսկ նրանք ունեն այդ իրավունքը, արդեն պարզ է, որ շատ է լինում: Նա առաջարկեց մեկի փոխարեն 2 լսում սահմանել ամեն խմբակցության համար:
Վահե Էնֆիաջյանն արձագանքեց, որ սահմանափակման իմաստը չի տեսնում, դրանից պատգամավորների աշխատավարձը չի ավելանալու, ոչ մի ծախս չի լինելու: Հովակիմյանն էլ պատասխանեց, որ ԱԺ աշխատակազմը իր կամքից անկախ հայտնվում է քաղաքական ծանր կարգավիճակում, որովհետեւ 3 ամսում ֆիզիկապես չի կարող սպասարկել այդքան շատ լսումներ ու որեւէ մեկին մերժելն արդեն լուրջ հարց կլինի: Նա հորդորեց, որ եթե խմբակցությունը սպառում է 2 անգամ լսումներ հրավիրելու իր իրավունքը, հանձնաժողովների միջոցով կարող են կազմակերպել՝ քաղաքացիների շահը սպասարկելու համար:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ լսումներ չպետք է կազմակերպեն լիագումար նիստերի օրերին ու հաշվի առնելով հանձնաժողովների քանակը, դրան գումարած 9 լսում խմբակցություններից, ակնհայտ է, որ խնդիրներ կառաջանան. «Մենք պետք է առաջնորդվենք այն պրակտիկ իրավիճակից, որն առաջացել է: Մենք այստեղ չենք լսել դեպք, երբ որեւէ պատգամավոր ուզել է լսումներ անցկացնել ու հանձնաժողովի նախագահը մերժել է. «Ես գերադասում եմ չհորինել խնդիր եւ հետո հերոսաբար պայքարել դրա դեմ: Մեզ մոտ չկա նման խնդիր»:
Նախագիծը դրվեց քվեարկության եւ բացասական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ