Որտե՞ղ փնտրել Գավառի սպանությունների եւ վենդետայի պատճառները: Այս թեմայով «Մեդիա կենտրոնի» կազմակերպած տեսաքննարկման ժամանակ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը տարակուսանք հայտնեց, թե ինչը կարող էր խոչընդոտել ոստիկանությանը Գավառի արյունալի իրադարձությունների ժամանակ պաշտպանել մարդկանց: Նրա ձեւակերպմամբ, փոխանակ իր այդ գործառույթն իրականացնելու, ոստիկանությունը երեսուն հոգանոց դիմակավորվածներով Նորադուս գյուղում մտնում է մարդկանց տներն ու ահաբեկում:
«Սա ի՞նչ գործելաոճ է, ինչ մեթոդ է… Մարդկանց տապալել կառավարության շենքի առաջ՝ ոստիկանությունը միայն դա է կարողանում լավ անել…. Առաջին հերթին, ինչպես փորձագետներն են ասում՝ քրեական ենթամշակույթ կրողները պետք է անջատվեն իշխանություններից, պետք է համագործակցություն չլինի, շփումներ չլինեն, մինչդեռ անընդհատ դա ենք տեսել՝ ինչպես էր Սերժ Սարգսյանն ընտրությունների ժամանակ ոգեւորիչ խոսքեր ասում քրեական ենթամշակույթ կրողների մասին, որոնք պետք է աջակցեին, կամ Քոչարյանի ղեկավարման տարիներին ինչպես քրեական ենթամշակույթը բերվեց ընտրատեղամասեր: Դա, ցավոք զարգացում է ապրել, բայց հիմա պետք է կտրուկ քայլեր լինեին: Կտրուկ, բայց արդար ու տեղին»,-նշեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահը:
Ժաննա Ալեքսանյանը տարակուսանք է հայտնում, որ «Իմ քայլ»-ականներն արդարացնում են ոստիկանության գործողությունները՝ դրանք պայմանավորելով կորոնավիրուսի հետ կապված զբաղվածությամբ. «Հետո՞ ինչ, որ կորոնավիրուս է, բայց սպանություններ են տեղի ունեցել, մարդկային կյանքի մասին է խոսքը: «Իմ քայլը» փորձում է ցանկացած նեգատիվ բան իր պաշտպանության տակ վերցնել՝ փոխանակ դատապարտելու, գոնե մեղմ քննադատելու….Ես դա համարում եմ կեղծ մտահոգություն՝ ոստիկանության հեղինակությունը փրկելու համար, բայց սա նաեւ «Իմ քայլի» հեղինակության վրա է ազդում»:
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը խոսելով քրեական ենթամշակույթի դեմ պայքարից՝ հիշեցրեց, որ երբ այն սկսվեց հետհեղափոխական շրջանում, ամբողջովին ուշադրությունը կենտրոնացավ միայն քրեակատարողական հիմնարկների վրա՝ այդ որպես կենսամշակույթի խտացման վայր, եւ չկար համապարփակ սոցիոլոգիական վերլուծություն, թե ի վերջո ինչ է իրենից ներկայացնում այդ ենթամշակույթը, ինչպիսի դրսեւորումներ ունի, ինչ ազդեցություններ է թողնում, ինչպես է ներհյուսված կրթական համակարգին, ինչպիսի լեզու է օգտագործվում հեռուստասերիալների եւ հաղորդումների ժամանակ:
Կարդացեք նաև
«Մենք տեսնում ենք նաեւ, թե ինչպիսի բառապաշար են օգտագործում հանրային եւ քաղաքական գործիչները, որոնք պակաս չեն խթանում քրեական ենթամշակույթի այդ ամբողջ բառամթերքը: Արդյոք միայն ոստիկանությո՞ւնը պետք է զբաղվի սրանով»,-ասաց իրավապաշտպանը:
Զառա Հովհաննիսյանի խոսքով, հանրային եւ քաղաքական գործիչները եւս նման իրավիճակներում կամերտոնի դեր են կատարում. «Նույն ժամանակաշրջանում ականատես ենք դառնում երկու տարբեր գործիչների՝ փողոցում ֆիզիկական հաշվեհարդարներին միմյանց նկատմամբ, որը ներկայացվում է որպես այլ ելք չունենալու հանգուցալուծման ձեւ»:
Իրավապաշտպանը փաստեց, որ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ մարդիկ ոգեւորող մեկնաբանություններ էին գրում՝ ճիշտ է արել, իրենք էլ այդպես կանեին եւ այլն, ինչը նշանակում է, որ հանրությանը նախապատրաստում են ֆիզիկական հաշվեհարդարների, շարունակականություն են տալիս նման գործողություններ իրականացնելու հնարավորությանը, եւ ցանկացած ոք կարող է մտածել, որ եթե իրեն վիրավորում են կամ սեռական բնույթի վիրավորանք են հասցնում՝ իրավունք ունի ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու:
Ժաննա Ալեքսանյանը հավելում է, որ Գավառում կատարվածը իշխանություններին, մասնավորապես կառավարության ղեկավարին պետք է մտածելու տեղիք տա, թե ինչը պետք է շատ արագ փոխել եւ ինչ միջոցներ ձեռնարկել: «Եթե ոստիկանապետը շարունակելու է աշխատել, գուցե ինքը պետք է ասի՝ ինչ անել, կառավարության ղեկավարը պետք է խոսի եւ ասի, թե ինչ են անելու, որպեսզի փոխվի իրավիճակը: Առանց այն էլ ոստիկանությունը շատ ցածր հեղինակություն ունի, եւ այսպիսի դեպքերը զրոյացնում են այն…«Իմ քայլի» որեւէ պատգամավոր չի դատապարտել ոստիկանության գործողությունները… Ոստիկանության չիները կընկնե՞ն, եթե ասեք՝ այսպես չի կարելի աշխատել: Թե չէ միայն մեզնով բան չի փոխվի, եթե մենք խոսում ենք, մեզ դիտարկում են որպես թշնամիների, որոնք ասում են՝ մի սպանեք մարդկանց, մի ծեծեք մարդկանց:
Շատ տարակուսելի վիճակ է, եւ հույս ունեմ, որ հետեւությունները կլինեն կտրուկ, հետեւողական: Մարդն իր գյուղում, քաղաքում, իր տանը պետք է ապահով զգա: Եթե ներխուժում է երեսուն հոգի գիշերվա կեսին, սրան պետք է վերջ տրվի: Ոստիկանությունը պետք է գործի պրոֆեսիոնալ, ոչ թե հանրության պահի փշերի վրա, ու քսան ժամ մարդիկ տեղեկատվություն չստանան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ