Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստաեթերի բովանդակությունը կհսկվի. օրինագիծը շրջանառության մեջ է

Ապրիլ 30,2020 14:40

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը, որը դրվել է շրջանառության մեջ, հեռարձակվող մեդիածառայությունների ոլորտում փոփոխություններ է ենթադրելու եւ խաղի նոր կանոններ է հաստատելու հեռուստատեսության եւ ռադիոյի համար: Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր օրենքի համահեղինակներից «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թեւոսյանը նշեց. «Բովանդակային հատվածի պատասխանատվությունը հիմնականում դրված է կոնտենտ արտադրողների ուսերին, ոչ թե այդ կոնտենտը՝ հաղորդումները տարածողներին: Օրենքը վերաբերում է ոչ թե ինտերնետ հեռարձակման ԶԼՄ-ներին եւ հաղորդումներին, այլ ուղիղ ձեւով տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցողներին՝ հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերություններին, ձայնային կոնտենտ արտադրողներին»:

Պատգամավորի բնորոշմամբ՝ մեդիածառայությունը կարող է հեղինակազորվել հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից՝ որպես ընկերություն, որն արտադրելու է հեռուստաձայնային կոնտենտ. «Եթե չի ուզում մասնակցել սահմանափակ քանակությամբ ռեսուրսի օգտագործման մրցույթին, կարող է ազատ հեռարձակվել ցանցային օպերատորներով: Փոխարենը ցանցային օպերատորներն են ստանում լիցենզիա եւ որոշակի պարտավորություններ են ստանձնում չհամագործակցելու այն մեդիա ծառայությունների հետ, որոնք օրենսդրությանը հակասող նյութեր կարող են տարածել, օրինակ՝ ատելության խոսք, բռնության քարոզ, պոռնոգրաֆիկ նյութեր»:

Թեւոսյանը հայտնեց, որ օրինագիծը բովանդակության հանդեպ վերահսկողության գործառույթ է տալիս նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, սակայն դա չի ենթադրում, թե մահակ են տալիս հանձնաժողովի ձեռքը. «Դա իրավունք է, որպեսզի հանձնաժողովը բովանդակության թեմայով շփվի մեդիածառայություններ մատուցողների հետ: Այն բովանդակությունը, որի մասին պետք է զրույց գնա, քաղաքակիրթ աշխարհին բնորոշ երեւույթ է՝ կոնտենտի բազմազանություն, կեղծ տեղեկատվության բացակայություն: Խոսքը չի գնում իշխանությանն ավելի շատ ձայն տալու կամ ընդդիմությանը ճնշելու մասին: Վերաբերելու է բոլորին: Հեռուստաընկերությունները պետք է գիտակցեն, որ այլեւս այդ պայմաններում են գործելու»:

Վահագն Թեւոսյանը նաեւ ասաց. «Խոստովանեմ՝ հնարավոր է, որ օրենքը հեռու է կատարյալ լինելուց, ամեն ինչ քննարկելի է, բայց շուտով լրանում է հանրային մուլտիպլեքսում գործունեություն ծավալող հեռուստաընկերությունների լիցենզիայի ժամկետը, եւ շատ կարեւոր է, որ մինչեւ նոր մրցույթի հայտարարումը՝ դիմող կամ նույն հեռուստաընկերությունները ծանոթ լինեն այս օրինագծով ամրագրված խաղի կանոններին»:

Հավելենք, որ օրինագծի հեղինակներն առաջիկա ամիսներին պատրաստ են առաջարկներ լսել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930