Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Ոստիկանությունն այնքան ոչ կոմպետենտ է, որ իրենց ձեռքը հրազեն տալը վտանգավոր է»

Ապրիլ 30,2020 14:20

«Հոդված 3» ակումբում կայացած տեսաքննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ Հայաստանում ոստիկանության վիճակը երբեք առանձնապես երանելի չի եղել: «Ոստիկանությունում ունեն կանխավարկած, որ իրենք պաշտպանված են համազգեստի ուժով եւ կարող են ինչ-որ բան պարտադրել այդ համազգեստի ուժով: Սա ինչ-որ առումով գործում էր այն ժամանակներում, երբ մենք հեռու էինք իրավական պետություն լինելու ցանկությունից:

Հաճախ ոստիկաններն օրենքը եւ տարբեր իրավունքներ խախտելով՝ որոշակի առումով գոնե հասարակական կարգի պահպանման հարակից ֆունկցիաները կարողանում էին կատարել: Բայց երբ որ տեղի ունեցավ, այսպես կոչված, իրավիճակի փոփոխություն, եւ ոստիկանների առջեւ պահանջ դրվեց, որպեսզի գործեն միայն եւ բացառապես օրենքով, նույնիսկ բավականին վատ, ոչ ամբողջությամբ գործող այդ համակարգը փլուզվեց, որովհետեւ ոստիկանները չգիտեին՝ ինչպես աշխատել օրենքով, չխախտելով օրենքը, մարդկանց իրավունքները:

Արդյունքում սկսեցինք ականատեսը լինել տարբեր՝ մարդու մտքում չտեղավորվող իրավիճակների, որ եթե զարգացած երկրում պատմես, գժի տեղ կդնեն քեզ: Օրինակ Սեւանի խճուղի վրա հայտնի ռումբի պայթյունից հետո դեպքի վայրում, որտեղ գտնվում էր մի դասակ ոստիկան, ներառյալ երեք գնդապետ, ուղղակի իրեղեն ապացույց հանդիսացող մեքենաներից մեկը վարորդը նստեց ու փախավ ու քիչ էր մնում վրաերթի ենթարկեր նաեւ մի ոստիկանի: Եվ այդտեղ ծառայություն իրականացնող ոստիկաններից ոչ մեկ ոչինչ չփորձեց անել: Ես այնտեղ էի, մոտենում էի ոստիկանության գնդապետի ուսադիրները կրող մարդկանց, ասում էի՝ հենց նոր իրեղեն ապացույց տարան ձեր աչքի դեմից, որն է ձեր գործողությունը, ոստիկանության գնդապետն ինձ ասում էր՝ ես գործ չունեմ, իմ գործը երթեւեկության կազմակերպելն է: Այդ մարդը կարող է՝ շատ լավ մարդ է, բայց ինքը չգիտի՝ ինչ անի, ինքը չի պատրաստվել նման իրավիճակներում գործելու համար»,-նշեց Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով. «Հայաստանում արդարադատության ոլորտի եւ իրավապահ համակարգի օրենսդրությունը տասնամյակներ շարունակ ստեղծվում է այնպես, որ դեկորատիվ շատ սիրուն լինի, Վենետիկի հանձնաժողովը, տարբեր մարմիններ ասեն՝ շատ պուպուշ օրենք է, բայց իրականում լինի ֆասադը եւ առնչություն չունենա իրական գործառույթների հետ: Անհրաժեշտ են՝ խորքային բարեփոխումներ»:

Նա Գավառի արյունալի դեպքերին էլ անդրադարձավ. «Ինչ վերաբերում է Գավառի հիվանդանոցի դեպքին, մարդիկ հարցնում են՝ ասում են, գոնե մի ոստիկան զենքը հաներ, օդ կրակեր: Վերջին անգամ ե՞րբ եք ոստիկանության ծառայողի մոտ հրազեն տեսել, ոստիկանության ծառայողներին հրազեն, բացառությամբ ՊՊԳՎ-ի եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների… Ոստիկանության ծառայողին հրազեն տալը մի բացառիկ բան է, որ հատուկ առիթներով ու տոն օրերին է արվում: Դա չի արվում, որովհետեւ ոստիկանությունում էլ շատ լավ հասկանում են, որ եթե ոստիկանության միջին վիճակագրական ծառայողին հրազեն տրվի, կարող է ավելի վատ լինել: Ոստիկանությունն այնքան ոչ կոմպետենտ է, իհարկե կան նաեւ կոմպետենտ կադրեր, որ իրենց ձեռքը հրազեն տալը վտանգավոր է:

Օրինակ, ՊՊԾ գնդում այդքան հրազեն կար, միակ անգամ, որ օգտագործվեց, օգտագործվեց «Սասնա ծռերի» կողմից… «Սասնա ծռերը» եկան, ոստիկանների ձեռքից հրազենը խլեցին, գերեւարեցին Հայաստանի փոխոստիկանապետին եւ երեւանի փոխոստիկանապետին: Մի սերժանտի մոտ անցյալ տարի Մոնումենտում հրազեն կար, այդ հրազենից ինքը սպանվեց: Այնպես որ, հրազեն տալը վտանգավոր է հենց այդ ոստիկանի համար, հասարակության համար: Ոստիկանության պատրաստվածությունը՝ կատարելու իր հիմնական գործառույթները, հասարակական կարգի պահպանությունը հանցագործության նախականխումը եւ բացահայտումը, վատ վիճակում է, ռեֆորմներ են պետք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930