Ի՞նչ են մեզ քարոզում «հեղափոխականները». մաս 5-րդ
Սկիզբը՝ այստեղ։
Ցանկացած հեղափոխություն, հաջողված, թե անհաջող, օգտագործում է հանրային տրամադրությունները, շահագործում է հանրային կաղապարները և ձևավորում է միֆեր։ Հեղափոխությունը, բացի ամեն ինչից, նաև PR արշավ է՝ հիմնված հանրային գիտակցության մանիպուլյացիաների վրա։ Հեղափոխականները հաճախ իրենք ևս դառնում են սեփական մանիպուլյացիաների զոհ:
Երբ «հեղափոխականները» դառնում են իշխանություն և երկրի համար ստանձնում պատասխանատվություն, ապա նախկին «հեղափոխական» միֆերը, հանրային կաղապարները սկսում են իրենց դեմ գործել: Պատահական չէ, որ «հեղափոխությունները խժռում են սեփական զավակներին»:
Կարդացեք նաև
Հեղափոխության հիմնական գործիքներից մեկը քարոզչությունն է՝ պրոպագանդան: Պրոպագանդայի հարցերում ամերիկացի հայտնի տեսաբան Մայքլ Չուկասը համարում էր, որ քարոզչությունն ուղղակիորեն առնչվում է կեղծիքին ու գիտակցված մանիպուլյացիաներին, որի նպատակն է մարդկանց կազմակերպված խմբի կողմից իրականության ձևախեղված պատկեր ստեղծելը, որպեսզի նրանց մղեն գործողությունների ակնկալվող արդյունքներ ունենալու համար:
Էական չէ, թե դա լավ է, թե վատ է։ Դա ուղղակի այդպես է։ Իմ խնդիրը չէ նաև գնահատել, թե 2018-ին տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե ֆորսմաժորային իշխանափոխություն, դա այլ թեմա է։ Կարևորն այն է, թե հեղափոխությունների «զոհը»` հանրությունն ինչպես է այդ ամենը վերապրում ու ինչ հետևությունների է հանգում:
Իրավիճակ
Ինչպես նշել էի հոդվածի նախորդ մասերում, 2018-ին Հայաստանի քաղաքական դաշտը ոչնչացած էր, չկար պետական հստակ քաղաքականություն, և բնականաբար, բացակայում էր պետական քարոզչությունը, որի հետևանքով պետություն-հասարակություն կապը խաթարվել էր, բացակայում էր սոցիալական արդարության զգացողությունը, վերացել էր ընտրությունների միջոցով քաղաքական փոփոխությունների հասնելու հնարավորության հանդեպ հավատը։
Երբ պետության քայլերը, որոշ դեպքերում ռացիոնալ, որոշ դեպքերում էլ ներքին ու արտաքին հանգամանքներով պարտադրված, հանրության կողմից չի ընկալվում, ծնվում են դավադրությունների տեսություններ, հանրային միֆեր և պարզունակ կարգախոսներ։ Նման իրավիճակները մեծ հնարավորություններ են բացում սոցիալ-պոպուլիստերի, տարբեր տեսակի խմբերի համար, այդ թվում նաև երկրի՝ դրսից կառավարվող, ինչպես նաև բազմաթիվ արկածախնդիրների համար։
Սովորական մարդը, ով չի կողմնորոշվում իրավիճակում, հասու չէ քաղաքական նրբություններին, դառնում է թիրախ նման կարգի մարդկանց համար և նրա գիտակցությունը հեշտությամբ մանիպուլացվում է։ «Ճիշտն» ու «սխալը», իրականն ու սուտը կորցնում են հստակ ուրվագծերն ու միախառնվում են։
Հեղափոխական կարգախոսներ
Վերջին երեսուն տարիների ընթացքում հանրային գիտակցության մեջ մի շարք կարգախոսներ ու պատկերացումներ էին ձևավորվել։
Հանրային գլխավոր պահանջն էր «իշխանափոխությունը», և ով նման պահանջ է դնում, նա լավն է, ազնիվ է ու մտածում է ժողովրդի մասին, իսկ «իշխանափոխությունը» բոլոր խնդիրների լուծման բանալին է ու պետք չէ ունենալ պետության զարգացման նախագիծ, պետք է ընդամենը խոսել «գողերի» մասին։ Իրական քաղաքական դիսկուրսի բացակայության պայմաններում նման պատկերացումը բացատրելի է։
Մյուս կարգախոսն «անկախության վերականգնելն» է։ Այսինքն անկախությունը ոչ թե ներքին գոյավիճակ է, այլ արտաքին ազդեցության հետ պայմանավորված երևույթ։ Նման ընկալումների դեպքում պետք չէ կառուցել կայուն պետական ինստիտուտներ, զարգացող տնտեսություն, բարձրացնել հանրության գիտակցությունն ու արժանապատվության զգացողությունը, որոնք անկախ երկիր լինելու պարտադիր պահանջներն են, այլ պետք է այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոններին պատերազմ հայտարարել կամ մեկին մյուսով փոխարինել։ Դա աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարը երկրի ներս տեղափոխելու չափազանց վտանգավոր գաղափար է՝ Հայաստանի նման երկրի համար կործանարար հետևանքներով հանդերձ։
Հաջորդ կարգախոսը, որը վերջին տարիներին էր ձևավորվել, «սերնդափոխությունն» է, ինչից ենթադրվում է, որ կա մի ինտելեկտուալ ու մաքրամաքուր «նոր սերունդ», որն անկախության տարիներին է հասակ առել ու նրանք պետք է փոխարինեն հին «փչացած սերնդին», ու արդյունքում ամեն ինչ լավ կլինի։
Եվ վերջին կարգախոսը, որը ձևավորվել էր դեռևս 1990-ական թվականներից, դա «թալանածը ժողովրդին վերադարձնելն» է։
Հիմնականում այս կարգախոսների վրա էր հենվում 2018-ի «հեղափոխությունը» և իշխանափոխությունից հետո, չունենալով պետության կայացման նոր նախագիծ, գործող իշխանությունը շարունակում է փորձել հենվել, դրանք դարձնել հանրության գիտակցությունը մանիպուլացնելու իր հիմնական թեզերը։ Դա այն գլխավոր սոցիալ-պոպուլիստական թեզն է, որը մինչ այսօր շահագործում է «հեղափոխական» իշխանությունը:
․ ․ ․
Քարոզչությունը ցանկացած պետության գլխավոր աշխատանքային գործիքներից է: Եթե ավտորիտար համակարգերում քարոզչությունը միագիծ է ու բիրտ եղանակներով է իրականացվում՝ չհանդուրժելով այլ տեսակետներ, ապա «դեմոկրատական համակարգերում» կարևոր դեր է ստանձնում քարոզչական PR-ը: Պատահական չէ, որ երթերը, «քաղաքացու օրը» «հպարտների» համար նախատեսված անվերջ «լայվերը», խոսքերի, կաղապարների ու պարզունակ մտքերի «դիարեան» հայկական «հեղափոխության» գլխավոր ու անբաժան բնութագիրն են:
Մասնագիտական գրականության մեջ նշվում են պրոպագանդայի՝ քարոզչության, երեք թիրախային նպատակները․
մարդկանց ներշնչել իրականության մասին ցանկալի պատկերացումներ,
ազդել հասարակության գիտակցության մեջ եղած ցավող կետերի վրա՝ դրա միջոցով առաջացնելով վախեր և անհանգստություն,
ձևավորել ու շահագործել հանրային բարենպաստ կարծիքը։
Քաղաքական հոգեվերլուծության հիմնադիրներից մեկը, ամերիկացի քաղաքագետ Հերոլդ Լասուելը համարում էր, որ պրոպագանդան «հանրային խորհրդանիշների մանիպուլյացիաների միջոցով հանրային հարաբերությունների մենեջմենթն է»։
Պրոպագանդայի համար պետք է նաև հակադրություն՝ «սև»-ի ու «սպիտակ»-ի առկայություն: Պետք են թշնամիներ, որոնց դեմ «պայքարում» պետք է ներգրավել հնարավորինս մեծ քանակի բազմություն և, բնականաբար, առաջնորդել նրանց դառնալ իրավիճակի տերը: Պետք է նաև սահմանափակել մարդկանց ընտրության հնարավորությունը, եթե ոչ «մենք», ապա «նրանք» են գալու:
«Հեղափոխական պրոպագանդայի» նպատակը ոչ թե հանրային համերաշխություն՝ «սիրո և հանդուրժողականություն» ձևավորելն է, այլ թշնամիներ մատնանշելով՝ ձևավորել համախոհների բանակ, ինչով այս երկու տարիների ընթացքում զբաղված է Նիկոլ Փաշինյանը:
Երբ չկա զարգացման նախագիծ, պետական ինստիտուտների բարեփոխման գաղափարախոսություն, հանրությանը միավորող աշխարհայացքային դրույթներ, ապա այս ընթացքը, որը մենք տեսնում ենք Հայաստանում, շարունակվելու է մինչև չփլուզվեն վերջին պետական ինստիտուտները: Եվ դրանում ոչ միայն «հեղափոխականներ» են մեղավոր, որոնց մեծ մասը չի էլ գիտակցում, թե ինչ է անում, այլ մենք՝ բոլորս, որ չենք կարողացել պետական հասունություն ցուցաբերել և հանրությանը քաղաքական այլընտրանք առաջարկել:
Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ
Քաղաքագետ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտ