ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նախագիծ ներկայացրեց՝ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու: Նա առաջարկում է, որ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը հանվի ՀՀ սահմանադրական կարգը տապալելու դեպքում, անկախ նրանից, թե երբ է դա կատարվել, պետությունը կարողանա պատժել:
Կառավարությունը դեմ է՝ պատճառաբանելով, որ սահմանադրական կարգը տապալելը մարդկության դեմ ուղղված հանցագործություն չէ, բացի այդ, վկաներն են ծերանում, ապացույցներ գտնելն է դժվար:
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հարցրեց. «Ճի՞շտ եմ հասկանում, որ ձեզ համար հանրային վտանգավորության տեսանկյունից սահմանադրական կարգի տապալումն ավելի վտանգավոր է, քան պետական դավաճանությունը կամ լրտեսությունը»:
Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Պետական դավաճանության բերած վնասը կարող է միանգամից երեւալ, ակնհայտ լինել, իսկ սահմանադրական կարգի տապալման բերած վնասը կարող է այդ պահին արագ չբացահայտվի, ակնհայտ չլինի, բայց ասեմ՝ ես այդքան շատ մեծ տարբերություն չեմ տեսնում: Մարդը կարող է պետական դավաճանություն թույլ տա՝ զուտ իր անձնական խնդիրները լուծելիս եւ հետեւանք վրա չհասնի, որովհետեւ լավ գիտեք, որ պետական դավաճանությունը ձեւական հանցակազմ է, նյութական չի, իսկ սահմանադրական կարգի տապալումը կարող է մոտ ապագայում շատ մեծ վտանգներ ստեղծի թե՛ ներքին անվտանգության, թե՛ արտաքին անվտանգության բնագավառներում»:
Կարդացեք նաև
Գալյանը հարցրեց՝ այլ երկրների փորձը նայե՞լ է Պետրոսյանը, գիտի՞ ինչպես են վարվել ուրիշները: Ի պատասխան՝ Գեւորգ Պետրոսյանը մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Մեր վարչապետը սիրում է չէ՞ ասել՝ այդ խնդիրները պետք է մեր գլխում հաղթահարենք: Մենք անկախ պետություն ենք ու պարտադիր չի ներպետական օրենսդրությունն ընդունելիս անպայման տեսնենք՝ Մոզամբիկում այսպիսի բան կա՞, թե՞ չէ: Մեր գլխին կախված վտանգները մեծ են: Եվրոպական երկրներ կան, որ ընդհանրապես պատերազմի մեջ չեն, իրենց համար զարգանում են, ես չպիտի գնամ նայեմ՝ Ֆրանսիայում այսպիսի բան կա՞, թե՞ չէ»:
Ավելի ուշ, ընդմիջման ժամանակ Գեւորգ Պետրոսյանը համացանցում փնտրել էր ու գտել միջազգային մեկ փորձ. «Ես գիտեի, թե Բրազիլիան հայտնի է միայն ֆուտբոլով ու իր պորտապարերով, դու մի ասա՝ կարգին Քրեական օրենսգիրք ունեն: Բրազիլիայի քրեական օրենսդրությունը սահմանում է, որ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում քաղաքացիների եւ զինված անձանց կողմից այնպիսի գործողությունների դեպքում, որոնք ուղղված են սահմանադրական կարգի ու ժողովրդավարության դեմ: Սա էլ ապացույց: Մեր գործընկերները հենց նոր ինտերնետից հանեցին: Փաստորեն, պարզվում է, որ այդպիսի երկիր էլ կա»:
Նա ասաց, որ կարող են քննարկել անգամ վաղեմության ժամկետը 50 տարի սահմանել, դա չի սպառնա միայն ագռավներին:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համաձայնեց, որ սահմանադրական կարգի տապալումը շատ ծանր հանցագործություն է. «Սա ինչ-որ առումով նման է կորոնավիրուսին, երբ որ կա օրգանիզմ, այդ օրգանիզմը գործում է, օրգանիզմի մեջ մտնում է վիրուս, որը պարտադրում է իր սեփական կամքը՝ սեփական կանոններով, ոչ թե բնականոն ընթացքով»: Բայց, ըստ նրա, Պետրոսյանի առաջարկած լուծումը կտրված է, իրավիճակային է: Նա առաջարկեց նախագիծը նորից մշակել: Պետրոսյանը պնդեց, որ այն դրվի քվեարկության՝ հորդորելով ինչ-որ հրաշքով այն ընդունել: Վլադիմիր Վարդանյանը պորտուգալական ասացվածքը հիշեցրեց՝ հրաշքներ լինում են այնտեղ, որտեղ դրանց հավատում են ու նախագիծը քվեարկությամբ բացասական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ