Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական արդարադատության փորձագետ. «Եթե 2016-ին մեր երեխեքը զենք չունեին կրակելու թշնամու վրա, հիմա որտեղի՞ց այսքան զենք մեր քաղաքացիներին»

Ապրիլ 30,2020 13:53

Քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը «Հոդված 3» ակումբում կայացած «Գավառի միջադեպը, բռնության քարոզը և իրավապահ համակարգի աշխատանքի թերացումները» թեմայով տեսաքննարկման ժամանակ նշեց, որ ընդհանրապես ցանկացած երկրում քաղաքական տնտեսական եւ այլ ճգնաժամերի ժամանակ հանցավորության աճ է նկատվում, ինչը դասագրքային ճշմարտություն է:

«Հեղափոխության օրերից հիշեք զորակոչիկների ավտոբուսը ջարդելը, մտնելը, ծեծելը եւ այլն: Հիմա ինչ-որ իմաստով հանցավորության էսկալացիա է նկատվում…Նման իրավիճակի մասին կրիմինոլոգիայի ցանկացած դասագրքում կարող եք կարդալ, որ քաղաքական, ֆինանսական ճգնաժամերի արդյունքում մարդկանց վարքը փոխվում է, հանցավորությունը սկսում է աճել: Իսկ սա նշանակում է, որ քաղաքական իշխանությունը, որ օրակարգ է թելադրում, այդ օրակարգը կարող է առաջ բերել մարդկանց սպասումների, կանխատեսումների եւ առկա իրականության միջեւ բախում, առճակատում: Բախման, առճակատման ժամանակ վարքի ձեւեր են ծնվում, որոնցից որոշները կարող են լինել նաեւ հանցավոր»,- ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է ընդհանրապես հանցավորության աճին կամ նվազմանը, այս մասին էլ նշեց. «Ես մինչեւ այսօր Հայաստանի Հանրապետությունում չգիտեմ որեւէ կառույց, որը պրոֆեսիոնալ ձեւով վերլուծում է հանցավորությունը՝ արդյոք այն աճո՞ւմ է, թե՞ նվազում: Այդպիսի վերլուծություններ չկային ոչ քրեական ենթամշակույթին պատժելու օրինագծերի նախագծերի ժամանակ, ոչ էլ որեւէ տեղ: Որովհետեւ վերլուծություն անելը դեռ միայն հստակ տվյալները չեն: Հստակ տվյալներ ստեղծում է ոստիկանությունը, բայց վերլուծություն անող մարմինները պետք է լինեն առավել առանձնացված միավորներ, որոնք կտան ելքով չշահագրգռված ամբողջական պատկեր, թե ինչու է կատարվում հանցագործությունը, ինչու այդ համայնքում, ինչու այդ մարդկանց կողմից…Սրանք հարցերի պատասխաններ են, որոնք Հայաստանի Հանրապետությունը պրոֆեսիոնալ մակարդակով չունի»:

Քրեական արդարադատության փորձագետի ձեւակերպմամբ, մենք ունենք ընդամենը արձանագրող մարմին, որը ոստիկանությունն է. «Ինչպես անենք, որ այդ հանցագործությունները չլինեն, այս ուղղությամբ ոչինչ չկա: Ըստ էության , «նոր ոստիկան», «քաղաքացու կողմից սիրված ոստիկան» բառերն ընդամենը կենաց են»:

Արշակ Գասպարյանը նշում է, որ հաջորդ քայլը վերլուծության հիման վրա հանցագործության կանխարգելումն է, իսկ այդ կանխարգելման մեջ պետք է հասկանալ, թե ովքեր, որ ժամին ինչպիսի արարքներ կարող են գործել, այդ արարքներից տուժողներն ովքեր կարող են լինել:

«Նախագահը, վարչապետը միշտ թվեր են ակնկալում ոստիկանապետից՝ հանցավորությունն աճե՞ց, թե՞ նվազեց, իսկ հասարակության անվտանգությունն ինչպես ապահովվեց, այդպիսի ցուցիչ չունի խեղճ ոստիկանությունը, որպեսզի ասի հարգելի՝ միլպետ, էս օպերը, որ դուրս եկավ, կանխեց չորս հանցագործություն, կամ տարվա մեջ կանխեց երեսուն հանցագործություն: Այս աշխատանքը որպես այդպիսին երեւացող չէ, դրա համար էլ ոստիկանությունը վեր է ածվում արդեն իսկ տեղի ունեցած հանցանքը արձանագրողի»,-հավելեց փորձագետը:

Գավառին ու մնացած դեպքերին էլ անդրադարձ եղավ: «Ինչ վերաբերում է Գավառին եւ նման դեպքերին, որտեղ կրակահերթ է տեղի ունենում, զենքեր են օգտագործում, շատ պրիմիտիվ թվացող փաստերի վերլուծությունից կարելի է բարդ հանցանքներ վերլուծել ու բացահայտել: Օրինակ Ալֆոնսո Կապոնեն, որ քսան-երեսունականներին Չիկագոյի կեսին սպանեց, կեսին էլ պատրաստվում էր սպանել, նստեց եւ մահացավ բանտում ընդամենը հարկերից խուսափելու հիմքով: Մի ամբողջ ֆեդերալ միավոր լծված էր նրան, որ Կապոնե բռնի, գիտակցելով եւ հստակ իմանալով, որ նա սպանել է Չիկագոյի կեսին, բայց այդ մարդուն ուղղակի դատապարտեցին հարկերից խուսափելու համար:

Հիմա մեկը կարո՞ղ է մեզ ասել՝ եթե լիրիկական զեղում անենք եւ տեսնենք, որ եթե 2016 թվին մեր երեխեքը զենք չունեին կրակելու թշնամու վրա, այժմ որտեղից մեր քաղաքացիներին այսքան զենք ու զինամթերք, որոնք պահված են իրենց փոքրիկ մեքենաներում եւ մեծ տներում: Միգուցե այս փոքրիկ վերլուծությունը հնարավորություն կտա հասկանալու՝ արդյոք ունե՞նք զենքերի ընդհատակյա առեւտուր, եւ զենքերի լուրջ բիզնեսի մե՞ջ ենք Հայաստանում, ինչը բավականին լուրջ խնդիր է, թե՞ զենքը ձեռք ենք բերում զինված ուժերից եւ հարակից կառույցներից՝ բանակ, ոստիկանություն, ԱԻՆ… Պետք է այս փոքրիկ վերլուծությունից սկսել:

Պետք է պարզել ՝ ինչպես են մարդկանց մոտ հավաքվում զենքերը, եւ ինչպես ոստիկանը պետք է իմանար փոքրիկ գյուղում՝ քանի՞ հոգի զենք ունի, եւ արդյոք այդ զենքը կրակելո՞ւ է, թե՞ ոչ: Ցավոք, մենք դեռեւս ամբողջ պետությունով հրշեջի կարգավիճակով ենք աշխատում, եւ դրանից ոստիկանությունը զերծ մնալ չի կարող»,-շեշտեց Արշակ Գասպարյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930