Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան. «Կարող ենք վերադառնալ ամենակոշտ, ամենակոշտից էլ կոշտ ռեժիմի»

Ապրիլ 30,2020 13:25

«Գիտեք, ես երեկ ընտանիքիս հետ դուրս էր եկել զբոսանքի, փողոցում ահագին մարդ կար»,-այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնելով երկրում համաճարակային իրավիճակը, նշեց՝ վարակի նոր դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել, փոխվարչապետ Ավինյանն էլ հավելեց`որոշումը չի փոխվել, մայիսի 4-ից տնտեսական մի շարք ոլորտների գործունեությունը վերագործարկվելու է:

«Շատ դժվար է լինելու: Մենք մի քանի պարտադիր պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահպանվում: Եվ եթե մենք չկարողանանք մեր քաղաքացիներին վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլ նրանց քաջալերել եւ հասնել նրան, որ այդ կանոնները պահվեն՝ մենք իրականում խնդիրներ ենք ունենալու: Որովհետեւ ես քայլում էի եւ մարդիկ նույնիսկ խմբերով կանգնած զրուցում էին իրար հետ: Եթե այդտեղ մի վարակված մարդ լիներ, ակնհայտորեն այդ 10-15 հոգին վարակվելու էին»,-ասաց վարչապետը:

Նա ասաց՝ առանց համաճարակի հաղթահարման գնում են նման քայլերի, որովհետեւ երբ սահմանափակումը մտցնում էին, բոլորի հույսն այն էր, որ 1-2 ամիս հետո վարակը կհաղթահարվի. «Բայց հիմա սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ հաղթահարված է վարակը, այլ նրա համար, որ ակնհայտ է՝ առնվազն մինչեւ մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր: Հետեւաբար, չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել»:

Փաշինյանն ասաց, որ նման քայլերի է գնում ամբողջ աշխարհը, եւ կարեւոր է, որ մեր առողջապահական համակարգը շփվեց այդ հիվանդության հետ, փորձ ձեռք բերեց. «Մենք բոլորս հոգեբանորեն ադապտացվեցինք այդ իրավիճակին: Բայց ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ վարքագծային առումով նույնպես այդ ադապտացիան տեղի ունենա, որպեսզի մենք նոր խնդիրներ չունենանք: Եվ հետեւաբար մեր մեծագույն խնդիրը տնտեսվարողների, անհատ քաղաքացիների, երեխաների, մեծահասակների, միջին տարիքի մարդկանց համար վարքագծային նոր կանոնների հաստատումն է, որպեսզի մենք կարողանանք զուգահեռ ապրել, որովհետեւ փակված այլեւս հնարավոր չէ ապրել: Լավ, հնարավոր է եւս 10 օր, է՛լ մոտիվացիա չկա: Եթե իմանանք, որ եւս մեկ ամիս փակվելու ենք, եւ վարակը չի լինելու, կարող ենք դա անել: Բայց փաստն այն է, որ մենք հիմա վստահաբար գիտենք, որ այդ մեկ ամսում ոչինչ տեղի չի ունենալու, որ մեզ թույլ տա լիարժեք վերադառնալ մեր նախկին կյանքին: Առաջիկա մեկ տարում Հայաստանում եւ աշխարհում, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել, սա տեղի է ունենալու: Հետեւաբար, մեր բոլորիս մարտահրավերն է այս իրավիճակում ապրել բնականոն սոցիալ-տնտեսական կյանքով»:

Այդ բոլոր միջոցառումների՝ սահմանափակումների կարեւոր նպատակն առաջին հերթին առողջապահական համակարգի կարողությունները պատշաճ մակարդակի հասցնելն էր. ավելացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նաեւ վստահեցրեց՝ եթե նկատեն, որ տնտեսական սահմանափակումների մեղմացումների քաղաքականությունը հանգեցնում է վտանգավոր հետեւանքների, վարակի տեմպն աճում է այն աստիճան, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդներին, ապա խիստ քայլերի կդիմեն. «Կարող ենք վերադառնալ ամենակոշտ, ամենակոշտից էլ կոշտ ռեժիմի: Այդ պատճառով շատ կարեւոր է, որպեսզի այն կանոնները, որոնք հաստատվում են, խստորեն պահպանվեն տնտեսվարողների կողմից: Եթե որեւէ տնտեսվարողի մոտ մարդ վարակվեց, ավտոմատ այդ տնտեսվարողի գործունեությունը դադարեցվելու է»:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930