Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ո՞ւմ դեմ է ուղղված». Գեւորգ Պետրոսյանն առաջարկում է սահմանադրական կարգի տապալման համար պաշտոնյային պատժեն՝ անկախ վաղեմությունից

Ապրիլ 30,2020 13:10

ՀՀ Քրեական օրենսգիրքը նախատեսում է հանցագործության վաղեմության ինստիտուտ: Եթե այս կամ այն հանցագործությունից անցել է ինչ-որ ժամկետ, այլեւս հանցագործը չի պատժվի: Հաշվի առնելով հանցագործության ծանրության աստիճանը, վտանգավորությունը՝ Քրեական օրենսգիրքն առանձին հոդվածների մասով բացառություններ է նախատեսել, օրինակ, ցեղասպանության կատարման մեջ մեղավոր անձանց համար:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն առաջարկում է, որ քրեական պատասխանատվության վաղեմություն չլինի նաեւ այլ դեպքերում. «Եթե 15-20 կամ 30 տարի հետո բացահայտվեց, որ այս կամ այն պաշտոնատար անձը մեղավոր է հանցագործության կատարման մեջ, պետությունը որեւէ արգելող հանգամանք չպետք է ունենա մեղադրանք ներկայացնելու նրանց նկատմամբ ու պատժելու: Պետք է վաղեմության ժամկետ չունենա ՀՀ սահմանադրական կարգը տապալելը: ՔրՕրում պետք է կատարվի փոփոխություն, որի համաձայն՝ սահմանադրական կարգի տապալման համար որեւէ ժամկետ չսահմանվի եւ անկախ նրանից, թե երբ է դա կատարվել, պետությունը կարողանա պատժել»:

Կառավարությունը դեմ է՝ պատճառաբանելով, որ սահմանադրական կարգը տապալելը մարդկության դեմ ուղղված հանցագործություն չէ, բացի այդ, վկաներն են ծերանում, ապացույցներ գտնելն է դժվար եւ այլն:

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ եթե կառավարության պատճառաբանությունն ընդունենք, այդ դեպքում մյուս գործերն էլ չպետք է ունենան վաղեմության ժամկետ. «ՀՀ սահմանադրական կարգի տապալումը հարված է երկրի իրավական համակարգին ու ցանկացած երկրին կարելի է հաղթել, եթե այդ երկրում սահմանադրական կարգը տապալվում է, դա ուղղակի ազդեցություն ունի տվյալ պետության պաշտպանունակության վրա»:

Գեւորգ Պետրոսյանը գաղտնազերծեց, թե միջանցքներում իրեն ինչ հարցեր են տալիս. «Ասում են՝ սա ո՞ւմ դեմ է ուղղված: Ես երբեք անձանց համար կամ անձանց դեմ օրինագծեր չեմ ներկայացնում: Եթե որեւէ պատգամավոր այդպիսի նախագծերով հանդես է գալիս, այդպիսի պատգամավորին պետք չի հարգել: Խնդրում եմ հավատաք, սա չի արվում նախկին դեպքերի համար, չի կարող հետադարձ ուժ ունենալ: Սա արվում է ապագայի համար, որ որեւէ պաշտոնյա, անկախ իր կարգավիճակից, վիճակից, իր այդ պահի ինքնազգացողությունից, իսկ առանձին դեպքերում նաեւ ինքնախաբեությունից, մի պահ սառնասրտորեն հետ կանգնի ու հասկանա՝ եթե ինքը հանդգնի խախտել սահմանադրական կարգը, այդ դեպքում եթե ոչ իր իշխանությունը, ապա գալիք իշխանությունը հնարավորություն ունենա քննարկել նրանց վարքագիծը: Սա որեւէ անձի դեմ չէ: Իմ նպատակն է, որ մեր երկրում այլեւս երբեք որեւէ մեկը չհավակնի նման բանի, իմանա, որ Քրեական օրենսգիրքը դամոկլյան սրի նման կախված է իր գլխին»:

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարցրեց՝ հիմա սահմանադրական կարգը տապալելու համար վաղեմության ժամկետը քանի՞ տարի է: Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ 20 տարի է, բայց հարցն այդ տարիները չեն. «Սահմանադրական կարգի տապալումը կարող է կործանարար լինել: Ես որոշել եմ անձանց անուններ չտալ, բայց մի անգամ, չասեմ իշխանական խմբակցությունից, բայց մարդ կար, ասաց՝ մենք 40 տարով ենք իշխանության եկել: Կարող է ինքը հաշվարկել էր Քրեական օրենսգրքում վաղեմության ժամկետը: Հասկանո՞ւմ եք, կապ չունի՝ քանի տարի է, կարեւորն այն է, որ պետական պաշտոնյան պետք է իր ուղեղում մտցնի՝ երբ էլ ինքը սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվեց, պետությունը պետք է ի վիճակի լինի նրան պատասխանատվության ենթարկել:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ուղղեց Պետրոսյանին՝ վաղեմության ժամկետը առանձնակի ծանր հանցագործությունների դեպքում 15 տարի է, եթե խուսափում է պատասխանատվությունից, նոր 20 տարի է:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930