Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը՝ Նորադուսի դեպքերի մասին. «Ոստիկանությունը պատրաստ չէ ապահովելու մարդկանց անվտանգությունը»

Ապրիլ 30,2020 12:45

Գավառում ապրիլի 28-ին տեղի ունեցած արյունալի միջադեպը, երբ հարձակում տեղի ունեցավ հիվանդանոցի վրա, մարդիկ սպանվեցին, ձերբակալություններ եղան, հանրային լայն հնչեղություն է ստացել: Հայաստանում բռնության քարոզի կանխարգելման, իրավապահ համակարգի աշխատանքի եւ այլնի մասին ապրիլի 30-ին «Հոդված 3» ակումբում կայացած տեսաքննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ մինչ այժմ ամբողջական տեղեկատվություն, հատկապես ոստիկանական գործողությունների վերաբերյալ ՝ թե կրակոցների ահազանգը ստանալուց հետո, եւ թե հետագայի մասին, մանրամասն չի ներկայացվում: Նրա խոսքերով, նույնիսկ ԶԼՄ-ներում առկա տեղեկատվությանը ոստիկանության կողմից տրվել է ոչ պատշաճ, ինքնապաշտպանական բնույթի արձագանք՝ հերքելու միտումով:

«Խնդիրն այն է, որ ոստիկանությունն իր ամբողջ կազմով՝ թե օպերատիվ, թե պահպանություն իրականացնող, թե քրեական հետապնդման գործիքներով, դեմ առ դեմ հանդիպեց մի իրավիճակի, երբ չկարողացավ իրականացնել իր գործառույթները: Մինչեւ հիմա ես չեմ հասկանում՝ կա այդ տվյալը, որ կարողացել են ոստիկանական պատնեշը հաղթահարել, ոտնձգություն կատարել ոստիկանության պահպանության ներքո գտնվող անձանց նկատմամբ եւ հեռանալ: Շատ ավելի հետաքրքիր է նաեւ, թե հիմա ինչ է կատարվում Նորադուսում:

Որոշակի տեղեկատվություն հաղորդվեց խուզարկությունների, ձերբակալություններ, ընդ որում՝ որոշ դեպքերում՝ ոչ հիմնավոր ձերբակալությունների մասին: Այսինքն՝ չկարգավորված, չկանոնավորված, չկառավարվող ոստիկանական գործողությունների մասին է խոսքը… Մարդկանց ձերբակալվածների թիվն ավելանում է, բայց մենք չգիտենք՝ այդ ձերբակալվածներն իրապես այն մարդի՞կ են, որոնք կասկածվում են այդ գործողությունները կատարելու մեջ»,- ասաց Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով, «Ոստիկանությունը, ցավոք սրտի, նման իրավիճակներում պատրաստ չէ դիմագրավելու մարտահրավերներին, ապահովելու մարդկանց անվտանգությունը: Հիշեցի նաեւ Իջեւանի դեպքերը, որտեղ եւս համաչափ ու արդյունավետ չէին ոստիկանության գործողությունները: Դասեր պետք է քաղել, եզրակացություններ պետք է անել եւ դրանց հիմքում ընկած է ոստիկանական համակարգը արմատապես փոխելը»:

Տեսաքննարկման մասնակից, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը նշեց, որ Գավառում կատարված ցավալի դեպերի վերաբերյալ որոշ քննարկումներ ունեցել են խմբակցության անդամներով: Նաեւ կարծիք հայտնեց, որ ոստիկանության բարեփոխումները օր առաջ պետք է անել, քանի որ կան խորքային բազմաթիվ խնդիրներ:

Սոս Ավետիսյանը կարծում է, որ պետք է էստեթիզմ ունենալ բոլոր բարեփոխումների մեջ. «Եթե նոր համազգեստ ենք փոխում, նոր օրենք ենք գրում, բայց նոր մարդիկ էապես ավելի քիչ են, քան համակարգի մարդիկ, ապա շատ դժվար է ստացվելու: Ես ջատագովում եմ այն մոտեցումը, որ հնարավորինս նոր կադրերով փորձենք համալրել համակարգը: Սրա հետ միասին, Նորադուսի եւ կողքի մի քանի գյուղերի հիմնական խնդիրը նաեւ էսթետիկ է: Օրինակ` ինչպիսին պետք է լինի գյուղը, սոցիալական հարաբերությունները, ինչ կրթություն են ստանում, ինչ արժեքներով են առաջնորդվում…այստեղ սոցիալ -տնտեսական կապերի հարց կա, որ պետք է լուծվի: Գաղտնիք չէ, որ այդ կապերը տարիներ շարունակ տնօրինել են քրեական ենթամշակույթի ներկայացուցիչները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930